Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողով 29.07.2008թ. 2008թ. հուլիսի 25-27–ը Ծաղկաձորում անցկացվեց Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ Կրթության և գիտության նախարարները, նախարարությունների աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր առմամբ 31 երկրներից 118 պատվիրակներ)։
Խորհրդաժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև «Տեղեկատվական համակարգերի և ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության կազմակերպման գործընթացում» հարցը։ Ելույթ ունեցավ նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենի տեղակալ, Դպրոցական ինտերնետ ցանցի բաժնի պետ Արմեն Կուլախսզյանը, որը ներկայացրեց ԿՏԱԿ–ի գործունեության ոլորտները, մասնակիցներին ծանոթացրեց «Կրթական համալիր էջ» պորտալի հետ և առաջարկեց օգտագործել պորտալի հնարավորությունները, մասնակցել առցանց խորհրդաժողովներին, ֆորումներին և այլ կրթական միջոցառումներին, օգտվել կրթական պաշարներից և կազմակերպել կրթական գործի նվիրյալների վիրտուալ համայնքներ։
Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի փակման նիստում ընթերցվեց և հաստատվեց համաժողովի եռօրյա աշխատանքների ընթացքում բարձրացված սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության իրականացման հետ կապված հիմնախնդիրնի ու ներկայացված առաջարկների բանաձևը։
Ստեղծվում է միասնական կրթական տեղեկատվական տարածք 25.07.2008թ., «ԵՐԿԻՐ» շաբաթաթերթ /առցանց տարբերակ/ Նոր ուսումնական տարվանից հանրապետության հեռավոր մարզերի դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներին եւ կրթական ոլորտում դրանց ընձեռած հնարավորություններին, ուսանելու դրանք: Հեռավոր մարզերի դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաները հասանելի դարձնելու եւ այդ առումով ուսուցման բացը լրացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) իրականացնում է շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) ստեղծման ծրագիրը: ՇԻՀԿ-ն ավտոմեքենայի թափքում տեղադրված դասասենյակ է` համալրված նորագույն համակարգչային սարքավորումներով եւ կապի միջոցներով, մասնավորապես` ինտերնետի արբանյակային ալեհավաքով, յոթ Notebook համակարգիչներով եւ այլն: ՇԻՀԿ-ի ստեղծման նպատակով հայտարարված մրցույթն արդեն ամփոփվել է, կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության` «Մեդիտեք» ՍՊԸ-ի հետ: Ըստ ծրագրի` շարժական կայանը կգործի 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից եւ առաջիկա տարիների ընթացքում բարձրլեռնային ու դժվար հասանելի բնակավայրերում համակարգչային դասեր եւ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հնարավորություն կստեղծի: Այն նախատեսված է 6 աշակերտի եւ 1 ուսուցչի համար: Սա Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող ենթածրագրերից մեկն է` ուղղված հանրակրթական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը: Սրանից զատ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Համակարգիչների շրջանառու հիմնադրամի եւ ԿՏԱԿ-ի ջանքերով անցած մի քանի տարվա ընթացքում հանրապետության 1400 դպրոցից ավելի քան 900-ը համալրվել են համակարգիչներով: 2008 թվականի ընթացքում եւս 330 դպրոց կստանա 1263 համակարգիչ, իսկ 2009 թվականին նախատեսվում է 1025 համակարգիչ տեղադրել 250 դպրոցում: Նշված դպրոցների մեծ մասում ստեղծվել են դպրոցական համակարգչային ուսումնական կենտրոններ (համակարգչային դասարաններ): Հատկանշական է, որ առավելապես այս, ինչպես նաեւ այլ ծրագրերի շնորհիվ հանրապետությունում համակարգիչներ չունեցող դպրոցների թիվը նկատելիորեն նվազել է: Դրանք 120-ն են: Սա իհարկե տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություն հռչակած երկրի համար եւս փոքր թիվ չէ, բայց հաշվի առնելով նախկինում առկա վիճակը` պատկերը թերեւս հուսադրող է: Առավել եւս, որ ՏՀՏ-ների ներդրման ուղղությամբ, համակարգչայնացումից զատ, կատարվում են նաեւ այլ աշխատանքներ: Ի մասնավորի, գործում է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), որն ընդգրկում է հանրապետության 324 դպրոց: ՀԴԻՑ-ում ընդգրկված դպրոցներին տրամադրվում է շուրջօրյա ինտերնետային կապ: ՀԴԻՑ-ի բոլոր դպրոցները mail.schools.am միջավայրում ունեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ դրանցից 247-ը շահագործում են ցանցի կենտրոնական հանգույցում տեղադրված դպրոցական Web կայքերը: Այս տարվա ընթացքում ինտերնետ կապով կապահովվի եւս 320 դպրոց: Դրանք 2009 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն ՀԴԻՑ-ում: Նոր դպրոցների` ցանցին միացման ծրագիրն իրականացնում է ԾԻԳ-ը, իսկ տեխնիկական աշխատանքները կատարում է «Հարմոնիա» հիմնադրամը: Հանրապետության բոլոր մարզերի 785 դպրոցների համակարգչային կենտրոններում հիմնվել են էլեկտրոնային գրադարաններ: «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում` ԾԻԳ-ի պատվերով, ստեղծվել է «Հայոց լեզու եւ քերականություն 7-9 դասարանների համար» ուսուցողական համակարգչային խաղը, որը բաշխվել է Հայաստանի դպրոցներին եւ համալրել այդ դպրոցների էլեկտրոնային գրադարանները: Այժմ մշակման փուլում է «Հանրահաշիվ եւ երկրաչափություն 7-9-րդ դասարանների համար» ուսուցողական համակարգչային ծրագիրը: 2004-2007 թվականների ընթացքում համակարգչային դասընթացներում վերապատրաստվել է ինֆորմատիկայի եւ այլ առարկաների ավելի քան 11850 ուսուցիչ: Բավականին ակտիվ սկսել է փորձնական կարգով գործել «Կրթական համալիր էջ» ինտերնետային կրթական պորտալը (www.armedu.am): Այն տեղեկատվություն է տրամադրում մեր երկրի կրթական համակարգի, ղեկավար մարմինների գործունեության, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի, միջոցառումների մասին, պարունակում է կրթական պաշարների եւ օգտակար հղումների համակարգված կատալոգներ, կազմակերպում առցանց մրցույթներ ուսումնական հաստատությունների, ուսուցիչների ու սովորողների մասնակցությամբ: «Կրթական համալիր էջ» պորտալը միասնական կրթական տեղեկատվական տարածք է, որը խնդիր է դրել առաջիկայում իր շուրջը համախմբել ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի կրթության ոլորտի պատասխանատուներին, ուսուցիչներին, սովորողներին: Այն կհավաքի, կպահպանի ու հասանելի կդարձնի հայերենով եւ այլ լեզուներով ստեղծված հսկայական կրթական պաշարներ:
09.07.2008թ. Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեն 09.07.2008 թվականի հ.08-01-03/15 գրությամբ շնորհակալություն է հայտնում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ ԳՊԿ աշխատակազմի համակարգչային գործավարության համակարգի ծրագրային փաթեթի շահագործմանն աջակցելու համար։
03.07.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2008 թվականի երկրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2008 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
Հայաստանում սկսվել են շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքները 03.07.2008թ., «ԹԵՐԹ.am» Հայաստանում սկսվել են շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, այդ նպատակով նախապես հայտարարված մրցույթում հաղթել է «Մեդիտեք» ընկերությունը։ Կենտրոնն իրենից ներկայացնելու է ավտոմեքենա` համապատասխան սրահով` նախատեսված 6 աշակերտի և 1 ուսուցչի համար։ Այն հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով և ապահովված ինտերնետ կապով։ Ավտոմեքենաները կայցելեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղ ուսուցիչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ, իսկ աշակերտները` պարապմունքներ։ Դասավանդման կրթական ծրագիրը նախապես կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման ուղղությամբ ԿՏԱԿ-ը կազմակերպել է խորհրդակցություններ և քննարկումներ նման աշխատանքների փորձ ունեցող կազմակերպությունների եւ մասնագետների հետ, կազմվել է կենտրոնի տեխնիկական բնութագիրը։ Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնը հնարավոր կլինի շահագործել այս տարվա նոյեմբերից։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ