Ստորագրվեց «Գործընկերներ ուսման ոլորտում – Հայաստան» փոխըմբռնաման հուշագիրը 31.10.2008թ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (ՀՀ ԿԳՆ) ստորագրվեց Մայքրոսոֆթ ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» համաշխարհային ծրագրի շրջանակներում համագործակցության մասին «Գործընկերներ ուսման ոլորտում – Հայաստան» փոխըմբռնաման հուշագիրը։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և Մայքրոսոֆթ ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը։ Արարողությանը ներկա էին Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Մայքրոսոֆթի հայաստանյան ընկերությունը ներկայացնում էին տարածքային գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և կորպորատիվ արտոնագրման գծով ղեկավար Արմեն Պապյանը։>>>
«Յունիքոմփ»-ը և «Հյուլեթ-Պակարդ»-ը էլեկտրոնային գրադարան նվիրեցին Երևանի հ. 20 միջնակարգ դպրոցին 30.10.2008թ. Այսօր Երևանի հ. 20 դպրոցում հանդիսավորությամբ բացվեց «Էլեկտրոնային գրադարանը», որը «Յունիքոմփ» և «Հյուլեթ-Պակարդ» ընկերությունները համատեղ նվերն է դպրոցին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վ. Դանիելյանը։ Գրադարանի համալրման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) դպրոցին նվիրեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ Երևանի պետական համալսարանի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հանրակրթական դպրոցի համար որպես լրացուցիչ ուսումնական նյութ կամ ուսումնաօժանդակ ձեռնարկ երաշխավորված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների լազերային սկավառակները, որոնք լրամշակվել և բազմացվել են ԿՏԱԿ–ում։
Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի ստեղծման ընթացքը 24.10.2008թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները հոկտեմբերի 24–ին հերթական անգամ այցելեցին «Երբուժտեխսպասարկում» ՍՊԸ–ի արտադրական տեղամաս՝ հետևելու Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի (ՇԻՀԿ) ստեղծման ընթացքին։ Այժմ այստեղ կատարվում են ՇԻՀԿ–ի թափքի կառուցման ու կահավորման աշխատանքները։
Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան մրցույթի Երևանի մասնակիցները 23.10.2008թ.
Հոկտեմբերի 23-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի ունեցավ «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարի մրցույթի Երևանի մասնակիցների շնորհակալագրերի և պատվոգրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ԿՏԱԿ-ի աշխատակիցներ։ Ներկաներին ողջունեց ԿՏԱԿ-ի տնօրեն պարոն Ա. Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց մրցույթին մասնակցելու համար և կարևորեց նմանատիպ մրցույթների անցկացումը, որպես ուսման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելու լավագույն խթան: Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ մրցույթում առաջին մրցանակի արժանացած «Շաքիի ջրվեժը» լուսանկարի հեղինակ Արեգ Բարսեղյանը ստացավ նաև խորհրդանշական նվեր:
Հոկտեմբերի 11-ին «Հայրենի եզերք» լուսանկարի մրցույթի կազմակերպիչները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այցելեցին Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 1 միջնակարգ դպրոց։ Այստեղ կայացավ հանդիպում Լոռու մարզից մրցույթին մասնակցած աշակերտների, նրանց ուսուցիչների, դպրոցների ներկայացուցիչների հետ։ ԿՏԱԿ–ի տնօրեն, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանն իր ելույթում խորհրդանշական համարեց Թարգմանչաց տոնի օրը երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի անունը կրող դպրոցում մրցանակների հանձնումը և կարևորեց նմանատիպ մրցույթների հաճախակի անցկացումը, քանի որ դրանք խթանում են ուսման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։ Պարոն Գրիգորյանը մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ մրցանակակիրներին՝ պատվոգրեր և խորհրդանշական նվերներ։ Մրցույթին ակտիվ մասնակցելու համար կազմակերրպիչների հատուկ շնորհակալությանն արժանացան Վանաձորի հ. 1 և 19 դպրոցների ինտերնետ–համակարգչային կենտրոնի աշխատակիցներ Արեգ Միկիչյանն ու Անուշ Թորոսյանը։ Առաջիկայում պատվոգրեր և շնորհակալագրեր կհանձնվեն նաև մրցույթի մյուս մասնակիցներին։
Գործարար միջավայր տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընկերությունների և գործարար սպառողների համար
Հոկտեմբերի 3–5-ը, Երևանի «ԻՓԻՋԻ» ընկերության նորակառույց շենքում, գործում էր «ԴիջիԹեք 2008» (DigiTec 2008) տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլորգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսը: «ԴիջիԹեք 2008»–ը ներառում էր հետևյալ բնագավառները` համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցություն, անլար ցանցեր, ծրագրային ապահովում, ֆինանսաբանկային համակարգեր, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային բիզնես, ՏՀՏ կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ և այլն: Ցուցահանդեսի աշխատանքի, կազմակերպվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ DigiTec կայքում։
«ԴիջիԹեք 2008» ցուցահանդեսի առանձին տաղավարում իր աշխատանքներն էր ներկայացնում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ ԿՏԱԿ–ի տաղավարում ներկայացված նյութերին (Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանց, «Կրթական համալիր էջ» պորտալ, էլեկտրոնային դասագրքեր, կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն, շարժական ինտերնետային համակարգչային կայան, լուսանկարերի համահայաստանյան առցանց մրցույթներ և այլն) հետաքրքրությամբ ծանոթացան Հայաստանի Հանրապետության վարչապետն ու նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները, ցուցահանդեսի բազմաթիվ այցելուները։
06.10.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2008 թվականի երրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2008 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
Նոր բաժին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կազմում 06.10.2008թ. 2008 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ ԿՏԱԿ-ի խորհրդի նիստը, որն առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. մայիսի 22-ի հ. 485-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 11-ի հ. 408-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշմամբ, ի նկատի ունենալով 2004թ. մարտի 24-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության որակի և համապատասխանության ծրագրի» զարգացման վարկի համաձայնագիրը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջև կնքված 25.09.2008թ. հ. Ա-6/22-1 համաձայնագիրը, որոշեց ԿՏԱԿ-ի կառուցվածքում կատարել փոփոխություն` ստեղծել «Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն» բաժինը։
ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում 22.09.2008թ.
2008թ. սեպտեմբերի 19-21–ը «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում–ֆորումը», որի նպատակը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման հեռանկարների և ուղիների քննարկումն էր։ Ֆորումի ընթացքում քննարկվեցին ՏՀՏ ընկերությունների կրթական կոնսորցիումի ստեղծման, ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխման, հեռահաղորդակցության և էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման և արդիականացման հարցերը։ Հանդիպմանը մասնակցում էին տարբեր կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ։ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ներկայացնում էր ԿՏԱԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը։
Սեփ. լր.
Հայաստանում շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են 17.09.2008թ.
Հայաստանում շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդեն Հայաստան է բերվել «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի մաքսազերծման աշխատանքներն են իրականացվում։ Ինչպես տեղեկացրել է կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացնող «Մեդիտեք» ընկերության փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը, ձեռք են բերվել 6 համակարգիչներ, ալեհավաքներ։ Կենտրոնն իրենից ներկայացնելու է ավտոմեքենա` համապատասխան սրահով` նախատեսված 6 աշակերտի և 1 ուսուցչի համար։ Այն հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով եւ ապահովված ինտերնետ կապով։ Ավտոմեքենան այցելելու է հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղի ուսուցիչների համար էլ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։ Իսկ աշակերտներն իրենց պարապմունքները կանցկացնեն շարժական համակարգչային կենտրոնում։ Ս. Խաչատրյանի խոսքով, այն ունենալու է անհրաժեշտ բոլոր պայմանները` դասընթացները լիարժեք կազմակերպելու համար։
Շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման ուղղությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է խորհրդակցություններ և քննարկումներ` նման աշխատանքների փորձ ունեցող կազմակերպությունների եւ մասնագետների հետ, կազմվել է կենտրոնի տեխնիկական բնութագիրը։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի վերջին կավարտվեն աշխատանքները և մեկ ամիս շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնում փորձնական դասընթացներ կիրականացավեն։ Իսկ ավելի համակարգված դասընթացներ կանցկացվեն 2009թ-ի սկզբից։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ