Ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստումների հետ կապված մի քանի խնդիրնր ունենք լուծելու։
Խնդրում եմ մի անգամ էլ ծանոթանաք այս էջում տեղադրված «Ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր» փաստաթղթին։ Այստեղ գործնական աշխատանքներ բաժիններում նախատեսված են բազմաթիվ տարատեսակ էլեկտրոնային պաշարների ստեղծման առաջադրանքներ։ Նախատեսված է այնպես, որ ստեղծված նյութերը պետք է հընթացս ընդգրկվեն «Կրթական համալիր էջ» պորտալում։
Սիրելի գործընկերներ, խնդրում եմ շահագրգիռ ձևով սրտացավ և ուշադիր լինել այս պաշարները չկորցնելու, հավաքելու, համակարգելու ու մեզ ուղարկելու գործում։ Եթե հետևողական լինենք, կարծում եմ բավականին օգտակար նյութեր կամբարենք համացանցում։
ՏՀՏ–ի կիրառմամբ դասի պլանների վերաբերյալ կազմակերպելու ենք առցանց խորհրդաժողով։ Դուք հիշում եք մեր դրական փորձն անցյալ տարվա վերջին։ Ձեր ջանքերի շնորհիվ մեր առաջին վիրտուալ խորհրդաժողովը կայացավ։ Խնդրում եմ ձեր մոտ ցուցակագրեք հաջող դասի պլանների հեղինակ ուսուցիչներին, ճշտեք (կազմակերպեք) մեր ֆորումներում նրանց գրանցման առկայությունը, տեղեկացնեք մեզ նրանց տվյալները՝ անուն ազգանունը և Ֆորումի օգտվողի անունը (որպեսզի մենք հնարավորություն տանք զեկույցը՝ Դասի պլանը, խարհրդաժողովի էջում տեղադրելու համար)։
Եվ վերջին ամենակարևոր հարցը դպրոցների վեբ կայքերի ստեղծման համար նախապատրաստական աշխատանքների կազմակերպումն է, որի հիմքը դրվելու է վերապատրաստման դասընթացի վերջին հատվածում։
Սիրելի գործընկերներ, գիտեմ որ սա բավականին լուրջ կազմակերպչական աշխատանք է, սակայն արդյունքն էլ, կարծում եմ, կլինի կրկնակի օգտակար։ Մեկ անգամ ևս խնդրում եմ ձեր օգնությունը՝ ԾՐԱԳՐՈՎ նախատեսած աշխատանքները մինչև վերջ իրագործելու համար։
ամփոփվեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մարզային համակարգողների նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների հաշվետվությունները։ ԿՏԱԿ–ի Գեղարքունիքի մարզային համակարգող Լյուբա Չքոլյանը մարզի Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված 66 դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ հոկտեմբերի 21–ին (Գավառի ավագ դպրոցում) և 22–ին (Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում) կազմակերպել է խորհրդակցություններ։
Վերապատրաստումների մասին Մանուշի հարցը հետաքրքիր է և կարևոր: Մենք, իհարկե, չենք առարկի և գոհ կլինենք, եթե մեր աշխատակիցներն իրենց նախաձեռնությամբ մասնակցեն դասընթացներին կամ դրանց առանձին մասերին: Կարծում եմ, որ Հարմոնիան էլ դեմ չի լինի և կնպաստի մերոնց մասնակցությանը: Ոստի կխնդրեմ Բ. Ղիասյանին, որ կայքում տեղադրի կամ նամակով ուղարկի վերապատրաստումների ծրագրերը, որպեսզի մարզայինները ծանոթանան և կողմնորոշվեն, թե իրենց ինչ է հետաքրքրում: Այնուհետև կտեղադրենք դասընթացների պլանները և կհավաքենք մասնակցության հայտերը: Այս մասին առայժմ այսքանը: Ամեն դեպքում հարցը կարևոր է, և բոլորին խնդրում եմ ուշադիր ու նախաձեռնող լինել: Արմեն Կուլախսզյանին, Մանուշակ Ավետիսյանին, Բենիկ Ղիասյանին խնդրում եմ հետևել և աջակցել խնդրի լուծմանը` առավելագույն օգուտ քաղելու պայմանով: Մանուշին շնորհակալություն հարցի համար: Բոլորիս հաջողություն:
Ա.Գ. 03.11.2009թ.
Հարգելի գործընկերներ
Խնդրում եմ ներկայացնել մինչև 01.01.2010թ աշխատանքային ծրագրերը: Կատարման ժամկետ` 02.11.2009թ.
Բ. Ղիասյան
Սիրելի ԿՏԱԿ–ի շատ սիրելի և հարգելի համակարգողներ,
Շնորհակալություն բոլորիդ՝ պորտալի աշխատանքներին դպրոցների մասնակցությունը ապահովելու, ուսումնական գործընթացի մասին նյութեր ուղարկելու, պաշարները հարստացնելու համար։ Սակայն այս աշխատանքների ընթացքում լինում են դեպքեր, երբ «ահռելի» աշխատանք ու «ծով» համբերություն է պահանջվում այդ նյութերը «խելքի բերելու», հրապարակելու համար։
Հարգելի գործընկեր, խնդրում եմ բոլորիդ, որ ձեր միջոցով ուղարկված նամակներին ծանոթանաք և մշակման, կարիք ունեցող նյութերը վերադարձրեք հեղինակներին՝ խմբագրման և բարելավման համար։
Չբացառելով նամակներում ուղղագրական կամ կետադրական սխալների, վրիպակների առկայությունը, տարբեր տառատեսակների և ձևաչափերի օգտագործումը, ցանկանում եմ հատկապես ձեր ուշադրաւթյունը հրավիրել հետևյալին.
– հիմնականում տարբեր չափերի շատ անորակ նկարներ են կցում կամ տեղադրում Word–ի մեջ, – նոր տողի անցումը, նոր պարբերության և բառերի հեռավորության կարգավորումները կատարում են «բացակ» ստեղնի օգնությամբ։
Բոլորիդ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեր կատարված աշխատանքի համար, խնդրում եմ ներել ինձ և ըմբռնումով մոտենալ այս նամակում արծարծված հարցերին։
Սիրով և հարգանքով՝ Մանուշակ 27.10.2009թ.
Հարգելի գործընկրներ,
Շիրակի մարզային համակարգող Նարինե Վարդանյանի նամակում ինձ ոգևորեցին Բավրայի դպրոցի տնօրենի կարծիքը՝ «Կրթական համալիր էջի» կարևորության վերաբերյալ և Նարինեի առաջարկը՝ պորտալի համար նյութ գրելու մասին։ Սիրելի գործընկերներ, ուսումնական տարվա մեկնարկի հետ պետք է ավելանա նաև մարզերի կրթական կյանքը լուսաբանող նյութերի հոսքը։ Ես անցյալ շաբաթ «թերթեցի» պորտալի նորությունները և մարզերից եկած կրթական նորությունների հղումները տեղադրեցի «Կրթությունը մարզերում» բաժնի համապատասխան էջերում։ Պետք է ասեմ, որ դրանք շատ սակավաթիվ էին (պատկերը պարզ երևում է նշված էջերում), ինչը մեր պորտալի կարգավիճակին հարիր չէ։ Խնդրում եմ մտածեք «Կրթությունը մարզերում» բաժնի Ձեր էջերը հարստացնելու ուղղությամբ։ Սպասում եմ Ձեր առաջարկներին։
Հարգանքով և սիրով՝ Մանուշակ Ավետիսյան
Մեջբերում Նարինե Վարդանյանի «23.09.2009թ. աշխատանքային հաշվետվություն» էլեկտրոնային նամակից.
«Կրթության Վարչությունում հաշվետվությունների բաժանման ժամանակ հանդիպել եմ Բավրայի միջն. դպրոցի տնօրենի հետ, և տեղեկացել, որ իրենք իրենց դպրոցի հաշվին ինտերնետային կապ են միացրել, և իրենց դպրոցի աշխատանքները չեն կարող պատկերացնել առանց Կրթական Պորտալի: Նկարագրեց, թե ինչքան հետաքրքիր և օգտակար նյութեր են վերցնում, և թե ինչպես է առաջին տեղադրված նորությունները / փաստաթղթեր, օրենքներ, նյութեր/ հանում և տարածում իր տարածաշրջանի դպրոցներին: Փաստը ուրախալի էր նրանով, որ սահմանամերձ գյուղի դպրոցը անկախ նրանից , մենք ենք տրամադրել ինտերնետային կապը, թե ոչ, ինքնուրույն քայլեր է ձեռնարկել, և հասել հաջողությունների: Մասնակցում են ֆորումներին: Ես տնօրենին խնդրեցի ներկայացնել փոքրիկ նյութ կայքում տեղադրելու համար»:
Հարգելի գործընկերներ,
միշտ ուշադիր հետևում եմ մեր նամակագրությանը և գիտեմ, որ ձեր ամենօրյա հաշվետվություններում իրենց ուրույն տեղն ունեն մեր կայքին ու պորտալին վերաբերող աշխատանքները։
Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ այդ աշխատանքների արդյունքով պայմանավորված աճում են մեր կայքերի այցելությունների և պաշարների օգտգործման վիճակագրական տվյալները։
Ակտիվ են նաև «Վիրտուալ հանդիպում» բաժնի այցելուները. երեկ՝ սեպտեմբերի 16–ին բացված նոր քննարկմանը, որտեղ տեղադրված էր Լանջաղբյուրի ուսուցչի խնդրանքը .«Խնդրում եմ օգնեք տեղեկություններ հավաքել Դանիել Վարուժանի մասին», մեկ օրում ստացավ 15 հրաշալի արձագանք։ Հատուկ շնորհակալություն Լիլիթ Միրաբյանին և Վահեին։ Տեղին է նշել հատկապես Գավառի աշակերտների ակտիվությունը, ովքեր ամառային արձակուրդների ընթացքում էլ միշտ ներկա էին մեր վիրտուալ տարածքում։
Օր–օրի հարստանում են հայալեզու կրթական պաշարները և կարծում եմ մեծանում է պորտալի դերի կարևորությունը. Պորտալի կառուցվածքում ավելանում են տարբեր կազմակերպությունների էջեր (Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության էջը՝ http://armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=1094), ստեղծվում են նոր գրական–մշակութային ակումբներ (Պարույր Սևակին նվիրված՝ http://www.ktak.am/page.php?159), նախագծվել է և շուտով կգործի ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔ ենթակայքը։
Ավարտում եմ նամակս, կներեք, որ երկար ստացվեց և մեկ անգամ ևս խոսեցի ձեզ հայտնի փաստերի մասին։
Ցանկանում եմ խնդրել, որ շարունակեք ուշադրության կենտրոնում պահել մեր միասնական տեղեկատվական տարածքի հետ կապված հարցերը, աշխատեք, որ շատ այցելուներ և օգտվողներ ունենա պորտալը, որ ՀԴԻՑ–ի բոլոր դպրոցները բաժանորդագրվեն և ստանան մեր նյութերը, որ հնարավորինս մեծ թվով գրանցված մասնակիցներ ունենա «Վիրտուալ հանդիպում» բաժինը։
Շնորհակալություն բոլորիդ և ցանկանում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք։ Սիրով և հարգանքով՝ Մանուշակ Ավետիսյան 17.09.2009թ.
Հարգելի գործընկերներ
Խնդրում եմ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին 2008/2009 ուսումնական տարվա հաշվետվությունները առանձնացնել ըստ տարածաշրջանների և պահել (արխիվացնել) ձեր մոտ:
Բ. Ղիասյան 14.05.09
Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԿՏԱԿ-ի Շիրակի մարզային համակարգող Նարինե Վարդանյանին՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ) նոր միացված դպրոցների համակարգչային դասարանների պատասխանատուների և օպերատորների մասնակցությամբ մայիսի 7-ին կայացած խորհրդակցությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մարզերի մարզպետներին ու Երևանի քաղաքապետին։ Խնդրում եմ ծանոթանալ նամակին։
2009թ. հունվարի 21-ին ժամը 1200-ին ԿՏԱԿ-ում տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն մարզային համակարգողների մասնակցությամբ: Կից ներկայացնում եմ օրակարգը:
խնդրում եմ մինչև նոյեմբերի 25–ը ներկայացնել ներմարզային հրատապ գործուղումների ցուցակը։
Հարգանքով՝ Սամվել Մանուկյան 21.11.2008թ.
Հարգելի գործընկերներ,
պորտալի «Վիրտուալ համայնքի» «Մարզային համակարգողների խորհրդակցություն» համայնքում սկսել եմ նոր քննարկում՝ «Կրթությունը մարզերում» բաժնի էջերի աշխատանքի հետ կապված։
Ինչպես գիտեք պորտալում կա մարզերի կրթությանը վերաբերող բաժին, որում յուրաքանչյուր մարզին տրամադրված է առանձին ինտերնետային էջ։ Սկսել ենք շահագործել այդ էջերը։ Խնդրում եմ ծանոթանաք և ուղարկեք առաջարկներ՝ Ձեր մարզի էջի ձևավորման և բավանդակության հետ կապված։ այս էջերի տեսքն ու բովանդակային հագեցվածությունը կախված է հիմնականում Ձեզանից։ Սպասում եմ Ձեր առաջարկներին։ Որպես սկիզբ՝ եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք Ձեր մարզի այցեքարտը համարվող որակյալ լուսանկար, կամ գրեք մեզ, թե ի՞նչ պետք է տեղադրվի։
Հարգանքով՝ Մանուշակ Ավետիսյան 16.10.2008թ.
Հարգելի գործընկերներ։
Ինչպես գիտեք, 4-րդ փուլով նախատեսվող համակարգիչների բաշխումը հետաձգվել է մինչև 2008 թ. դեկտեմբեր ամիսը: Այդ պատճառով այլևս չենք հետաձգի շտեմարանի թարմացման աշխատանքները: Այժմվանից սկսեք հավաքել 2008-2009 ուս. տարվա դպրոցների կոմպլեկտավորման և համակարգչային սարքավորումների քանակական փոփոխությունների մասին նոր տվյալների հավաքումը մինչև հոկտեմբերի 10-ը:
Սամվել Մանուկյան 13.09.2008թ.
Հարգելի գործընկերներ։
Տեղեկացնում ենք, որ 5-րդ փուլում համակարգիչներ ձեռք բերելու կարիք ունեցող դպրոցներին (նախապես կազմաված ցուցակում ընդգրկված դպրոցները) ընդգրկելու աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար ԿՏԱԿ-ի կողմից 13.08.2008 թ. գրություններ են ուղարկվել ՀՀ բոլոր մարզպետներին՝ ԿՏԱԿ-ի մարզային համակարգողներին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Հայտնում ենք նամակների համարները, որպեսզի այդ մասին տեղյակ պահեք մարզպետարանի կրթության վարչության պետերին և դրա հիման վրա մշակեք համատեղ աշխատանքները կատարելու ծրագիր:
Բարի վերադարձ արձակուրդից և ցանկանում եմ բուռն աշխատանքային գործունեություն: Նախ խնդրում եմ մոտակա օրերին հնարավորին հաճախ տեղեկություն տալ 5-րդ փուլում ընդգրկվել ցանկացող դպրոցների մասին՝ ներկայացնելով ցուցակները: Հավաքված դիմում-հայտերը ինչ որ ճանապարհներով ուղարկեք: Եվ ամենակարևորը. 5-րդ փուլում կարող ենք ընդգրկել մոտավորապես 150 դպրոց, այլ ոչ թե 250: Այդ պատճառով խնդրում եմ աշխատեք հիմնականում ընդգրկել անապահովների ցուցակում հայտնված դպրոցները: Մնացած ցանկացող դպրոցներից ևս ընդունեք դիմում–հայտեր, բայց բացատրեք, որ նրանց ընդգրկման հնարավորությունը շատ փոքր է:
Ջերմ և լավ մաղթանքներով՝ Մանուկյան 08.08.2008թ.
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 24–ին Գյումրիում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) ընդգրկված Շիրակի մարզի դպրոցների տնօրենների և համակարգչային դասարանների պատասխանատուների մասնակցությամբ։ Տեղադրում ենք խորհրդակցության արձանագրությունը՝ ցանոթանալու և ձեր մարզերում նման խորհրդակցություններ կազմակերպելու նպատակով։
Մ.Ավետիսյան 09.07.2008թ.
2008 թ. հուլիսի 3-ից 31–ը Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզային համակարգողներին կտրամադրվեն հերթական արձակուրդները: Նրանց ցանկանում ենք ակտիվ և բովանդակալից հանգիստ:
1. mail.ac2k.am և proxy.ac2k.am կայքերը փոխարինվել են mail.schools.am և proxy.schools.am կայքերով։ Այն դպրոցներին, որոնք դեռևս չեն փոխարինել ac2k դոմենը schools.am–ով (պարզապես` ac2k գրելու փոխարերն գրել schools). անհրաժեշտ է տեղեկացնել, որ մայիսի 27-ից ac2k.am դոմենը դադարելու է գործել և պետք է շտապել կատարել նշված փոփոխությունը հետագայում կապի ընդհատումներ չունենալու համար։ Հարցեր առաջանալու դեպքում կարելի է դիմել «Հարմոնիա» հիմնադրամի մարզային տեխնիկական աշխատակիցներին։
2. Անհրաժեշտ է ակտիվացնել դպրոցների մասնակցությունը «Կրթական համալիր էջի» (http://www.armedu.am) աշխատանքներին՝ բաժանորդագրությունը պորտալի նյութերին (http://www.armedu.am/arm/other.php?sec=subscribe) և գրանցումն ու մասնակցությունը «Վիրտուալ հանդիպում» բաժնի միջոցառումներին։ Մինչև հունիսի 1-ը կատարված աշխատանքների և արդյունքների մասին տեղյակ պահել ԿՏԱԿ–ի կենտրոնական գրասենյակ:
Բ.Ղիասյան 22.05.2008թ.
Հարգելի գործընկերներ,
հարկավոր է շտեմարանից ընտրել համակարգիչներ չունեցող կամ կրթակարգի չափորոշիչներին չհամապատասխանող դպրոցների թիրախ խումբը և ներկայացնել ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակ` մինչև մայիսի 25-ը:
Ս.Մանուկյան 22.05.2008թ.
Հարգելի գործընկերներ,
դպրոցների կողմից ապառիկ ապրանքի առքուվաճառքի պայմանգրի լրացուցիչ համաձայնագրերի ստորագրման և կնքման աշխատանքների վերջնաժամկետ է համարվում ս/թ հունիսի 1-ը:
Բ.Ղիասյան 19.05.08թ.
Մարզային համակարգողներին.
2008 թ. մայիսի 15 –ին ժամը 11.30-15.00 ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա սեմինար-խորհրդակցություն:
շարունակվում են էլեկտրոնային ձեռնարկների բաշխման աշխատանքները.
երեք նոր ձեռնարկները (Ֆիզիկա 9, Հայոց պատմություն 6 և Ինֆորմատիկա III մաս) պետք է տրամադրվեն 2007 թվականի ընթացքում նախորդ 11 ձեռնարկները լազերային սկավառակներով ստացած Հայաստանի բոլոր մարզերի 200 դպրոցներին,
բոլոր տասնչորս էլեկտրոնային ձեռնարկները պարունակող հավաքածուները պետք է տրամադրվեն Հայաստանի բոլոր մարզերի ևս 50 դպրոցների։
Ձեռնարկների սկավառակները դպրոցներին հանձնելու համար ձեզ կտրամադրվեն մարզային համակարգողների առաջիկա խորհրդակցության ժամանակ։ Խնդրում եմ նախօրոք, մինչև մայիսի 13-ը, ինձ ուղարկեք ձեր մարզերի դպրոցների ցուցակները (և՛ 3–ական, և՛ ամբողջական փաթեթներ ստանալու համար։)։
Մ.Ավետիսյան 07.05.2008թ.
Հ.Գ.
Ես ձեզ կարող եմ կուղարկել երկու ֆայլեր, որոնցից մեկը դրամաշնորհի շրջանակներում ձեր մարզի ստացած դպրոցների ցուցակն է, իսկ մյուսում՝ մինչ այդ ստացածներինը։
Դուք ձեր ցուցակներն անպայման համեմատեք և այն դպրոցները, որոնք CD–ներ ստացել են 2007 թվի ընթացքում, ընդգրկեք 3 նոր ձեռնարկներ ստացողների ցուցակում, իսկ բոլոր ձեռնարկների հավաքածուներ կարող ենք տալ քիչ դպրոցների, միայն նրանց, ովքեր ընդհանրապես 2007-2008 թթ. չեն ստացել։
Եթե այդ ցուցակները չունեք, ապա տեղեկացրեք ինձ՝ manush@ktak.am։
Մ.Ավետիսյան
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ մինչև փետրվարի 29–ը ներկայացնել/փոխանցել էլեկտրոնային ձեռնարկներ ստացած դպրոցների տնօրենների հետ կնքած նվիրատվության պայմանագրերը։
Մ.Ավետիսյան 26.02.2008թ.
Հարգելի գործընկերներ,
օրը մեկ անգամ ստուգում եք դպրոցական ցանցին միացած դպրոցներում կապի առկայությունը, որակը, օգտագործման մակարդակը և հայտնում եք Հայկին: Կապ չլինելու դեպքում պարզում եք պատճառները, դրանց վերացման հնարավորությունն ու ժամկետները և այդ բոլորը նույնպես պարտադիր հայտնում եք Հայկին: Տեղեկությունները պետք է լինեն ճշգրիտ, ստուգված և իրականությանը լրիվ համապատասխանող: Սխալ տեղեկության համար պատասխանատվությունը կրում եք դուք:
Մանուկյան 21.02.2008թ.
Հարգելի գործընկերներ,
ներկայացնում եմ էլեկտրոնային ձեռնարկների դպրոցներին բաշխման նպատակով նախատեսված շնորհանդեսների կազմակերպման ժամանակացույցը.
Արագածոտն – 11.02.2008թ. ժամը 12.00–ին Արարատ - 11.02.2008թ. ժամը 14.00-ին Արմավիր – 08.02.2008թ. ժամը 14.00-ին Գեղարքունիք - 14.02.2008թ. ժամը 14.00–ին Լոռի - 14.02.2008թ. ժամը 14.00–ին Կոտայք – 15.02.2008թ. ժամը 14.00–ին Շիրակ - 25.02.2008թ. ժամը 14.00–ին Սյունիք – 21.02.2008թ. ժամը 13.00-ին Վայոց Ձոր – 21.02.2008թ. ժամը 13.00–ին Տավուշ – 27.02.2008թ. ժամը 14.00–ին
Խնդրում եմ պայմանագրերը կնքելու մասին նախօրոք տեղեկացնել դպրոցների տնօրեններին (կնիքը պարտադիր է)։
Մ.Ավետիսյան 07.02.2008թ.
Փետրվարի 10-ից հետո մարզերում նախատեսվում է էլեկտրոնային ձեռնարկների բաշխումը դպրոցներին։ Էլեկտրոնային ձեռնարկների բազմացման եւ բաշխման նպատակով մարզկենտրոններում կկազմակերպվեն շնորհանդեսներ, որոնց կմասնակցեն մարզի կրթական պատասխանատուները եւ ցուցակագրված դպրոցների տնօրենները։ Աշխատանքները նախապատրաստելու նպատակով խնդրում եմ նախօրոք ճշտել եւ մեզ հայտնել միջոցառումը անցկացնելու վայրը։ Շնորհանդեսների կազմակերպման ժամանակացույցի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։
Խնդրում եմ ԲՀԻ ՕՀ ՀՄ-ի օժանդակությամբ ստեղծված 14 էլեկտրոնային ձեռնարկները ստանալու համար ձեր ուղարկած դպրոցների քանակը և ցուցակները վերանայել։ Ուսումնասիրելով նախորդ տարում նվիրառու դպրոցների ցուցակները՝ առաջարկում եմ էլեկտրոնային ձեռնարկներ ստացող դպրոցների քանակն ըստ մարզերի.
Խնդրում եմ, համապատասխանեցնելով իմ առաջարկին, վերանայել ձեր ուղարկած նախնական ցուցակները և մինչև հունվարի 23–ը ուղարկել նոր ցուցակներ։ Սպասում եմ ձեր առաջարկներին ու դիտողություններին։
Մանուշակ Ավետիսյան 17.01.2008թ.
Հայտնում եմ, որ դեկտեմբերի 28-ին ժամը 1200-ին ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն՝ մարզային աշխատակիցների մասնակցությամբ:
Բ.Ղիասյան 25.12.2007թ.
«Կրթական պորտալի» «Վիրտուալ հանդիպում» բաժնում ստեղծվել է «Մարզային աշխատակիցների խորհրդակցություն» ակումբը, որտեղ կարող եք հանդիպել միմյանց, խոսել, բանավիճել, կարծիքներ փոխանակել։ Խնդրում եմ բոլորիդ գրանցվել http://www.armedu.am/arm/virtual.php?sec=community այս էջում, որից հետո Ձեզ հնարավորություն կտրվի աշխատելու՝ կդառնաք ակումբի անդամ։ «Մարզային աշխատակիցների խորհրդակցության» աշխատանքը համակարգում է ԿՏԱԿ–ի աշխատակից Ս.Մանուկյանը։ Ձեզ ցանկանում եմ հետաքրքիր, արդյունավետ քննարկումներ։
Մ.Ավետիսյան 24.12.2007թ.
ԲՀԻ ՕՀ ՀՄ–ի դրամաշնորհի շրջանակներում ԿՏԱԿ-ում պետք է իրականացվի ԲՀԻ ՕՀ ՀՄ-ի օժանդակությամբ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված տասնչորս (11 նախկին + 3 նոր՝ Ֆիզիկա 9, Հայոց պատմություն 6, Ինֆորմատիկա) էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ծրագրային լրամշակման, այդ ձեռնարկների բազմացման և Հայաստանի բոլոր մարզերի 500 դպրոցներում դրանց ներդրման աշխատանքները։
Այս աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչեւ 24.12.2007թ. կազմել էլեկտրոնային դասագրքերի փաթեթի կարիք ունեցող բոլոր դպրոցների ցուցակը եւ ուղարկել մեզ manush@ktak.am հասցեով:
Մ. Ավետիսյան 17.12.2007թ.
Հայտնում եմ, որ օգոստոսի 17-ից սկսած ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և Ձեր միջև աշխատանքային հեռախոսային կապը կիրականացվի ժամը 11-ից 13-ը ժամանակահատվածում: Միաժամանակ խմդրում եմ աշխատանքային կապի համար հնարավորինս օտագործել էլեկտրոնային փոստը:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ