ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Մայքրոսոֆթի դպրոցական պայմանագրի» շրջանակներում «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման արտոնագրերը («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ) Երևանի դպրոցներին կտրամադրվեն ըստ հետևյալ ժամանակացույցի.
* ապրիլի 1–ին, ժամը 12.00–ին, հ.67 դպրոցում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դպրոցներ, * ապրիլի 1–ին, ժամը 15.00–ին, հ.6 դպրոցում՝ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դպրոցներ, * ապրիլի 2–ին, ժամը 12.00–ին, հ.104 դպրոցում՝ Նոր Նորք և Ավան համայնքների դպրոցներ, * ապրիլի 2–ին, ժամը 15.00–ին, հ.61 դպրոցում՝ Շենգավիթ համայնքի դպրոցներ, * ապրիլի 3–ին, ժամը 12.00–ին, հ.196 դպրոցում՝ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դպրոցներ, * ապրիլի 3–ին, ժամը 15.00–ին, հ.184 դպրոցում՝ Մալաթիա–Սեբաստիա համայնքի դպրոցներ, * ապրիլի 6–ին, ժամը 12.00–ին, հ.36 դպրոցում՝ Արաբկիր համայնքի դպրոցներ, * ապրիլի 6–ին, ժամը 15.00–ին, հ.127 դպրոցում՝ Քանաքեռ–Զեյթուն համայնքի դպրոցներ։
Խորհրդակցություն Վայոց Ձորի մարզում 30.03.2009թ.
Մարտի 27–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցների մասնակցությամբ Վայոց Ձորի դպրոցների ներկայացուցիչների (տնօրեններ, ինֆորմատիկայի ուսուցիչներ և ինտերնետ–համակարգչային կենտրոնների աշխատակիցներ) համար կազմակերպվեց սեմինար–խորհրդակցություն։
Միջոցառման սկզբում մարզի դպրոցներին տրամադրվեցին «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերը և սկավառակները, պարզաբանվեց արտոնագրման գործընթացը։ Այնուհետև, մարզի էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ չունեցող բոլոր դպրոցներին հանձնվեցին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ամբիոնում ստեղծված և ԿՏԱԿ–ում բազմացված տասնչորս ձեռնարկները, որի արդյունքում մարզի բոլոր դպրոցներում ավարտվեցին էլեկտրոնային գրադարանների հիմնման աշխատանքները։ Քննարկվեցին նաև Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված դպրոցներին տրամադրվող կապի որակի և օգտագործման արդյունավետության, «Կրթական համալիր էջ» պորտալում եղած պաշարների և ընձեռած հնարավորությունների պարզաբանման հետ կապված հարցեր։
Միջոցառման ավարտից հետո ԿՏԱԿ–ի աշխատակիցները այցելեցին Վայոց Ձորի մարզի Արին գյուղ, որտեղ դպրոցի սովորողների և ուսուցիչների համար երկշաբաթյա դասընթացներ է անցկացնում Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը։
Նորարար ուսուցիչների եվրոպական համաժողով 26.03.2009թ.
«Մայքրոսոֆթ» ընկերության ամենամյա «Նորարար ուսուցիչների համաժողովն» այս տարի անցկացվում է Վիեննայում՝ մարտի 24–ից 27–ն ընկած ժամանակահատվածում։ «Նորարար ուսուցիչների համաժողով 2009»–ին հրավիրված են մասնակցելու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա.Գրիգորյանը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ»–ի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը, ուսուցչուհիներ Ռուզաննա Ստեփանյանը (Երևանի հ. 105 միջնակարգ դպրոց) և Մարգարիտա Սարգսյանը («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր)։
Ըստ կազմակերպիչների՝ ֆորումի հիմնական նպատակներն են. – հնարավորություն տալ ճանաչելու աշխարհի տարբեր երկրներից հավաքված ուսուցիչներին և ընտրելու ուսումնական գործընթացում դասավանդմանն աջակցող տեխնոլոգիաների ներդրման լավագույն օրինակներ, – խթանել տեխնոլոգիաների ներդրման ոլորտում կուտակված նորարարական փորձի փոխանակմանը միջազգային մակարդակով, – ամբողջ աշխարհում լավագույն նորարարների միջև կապի ստեղծման հնարավորություն, – տեղեկությունների փոխանակում տարբեր եկրների կրթական տեխնոլոգիաների վիճակի վերաբերյալ:
Հանձնվեցին «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման արտոնագրերը 18.03.2009թ.
ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Մայքրոսոֆթի դպրոցական պայմանագրի» շրջանակներում Կրթության և գիտության նախարարության ստորաբաժանումներին ու կազմակերպություններին հանձնվեցին «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման արտոնագրերը («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ)։ Արտոնագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին արտոնագրերի ձեռքբերման և բաշխման ծրագրերն իրականացնող կազմակերպության՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչները ու «Մայքրոսոֆթ» ընկերության աշխատակից Արմեն Պապյանը։ Վերջինս ներկաներին ծանոթացրեց տրամադրվող արտոնագրերին և համակարգիչներում դրանց տեղադրման առանձնահատկություններին։ Ծրագրային ապահովման արտոնագրերը տեղադրվելու նաև Հայաստանի բոլոր դպրոցների մոտ ութ հազար համակարգիչներում։
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման բաց մրցույթ 17.03.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»։
ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է
2004թ. մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» հ.408-Ն որոշումը։
Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղում է 06.03.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանն (ՇԻՀԿ) Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում աշխատանքն ավարտելուց հետո արդեն Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղում է։ Ներկայումս ՇԻՀԿ–ը համակարգչային դասընթացներ է կազմակերպում գյուղի դպրոցականների և ուսուցիչների համար։
Կրթության և գիտության նախարարի նամակը ՀՀ մարզերի մարզպետներին ու Երևանի քաղաքապետին 06.03.2009թ. Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մարզերի մարզպետներին ու Երևանի քաղաքապետին։
2008թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակություն համահայկական 3-րդ մրցույթը, որը նվիրված էր հայոց տպագրության 500-ամյակին: Մրցույթն անցկացվեց Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով` էլեկտրոնային ուսուցում, էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային գիտություն, էլեկտրոնային մշակույթ, էլեկտրոնային ժամանց, էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային կառավարում և էլեկտրոնային ներգրավում: «Կրթական համալիր էջ» պորտալը (www.armedu.am) ճանաչվեց 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, ինչպես նաև հաղթող դարձավ «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում և ստացավ Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխությանը (WSA) մասնակցելու ուղեգիր։ Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մուլտիմեդիայի համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու համար պատրաստեց և կազմկոմիտեին ուղարկեց «Կրթական համալիր էջ» պորտալի 5 օրինակները՝ լազերային սկավառակների վրա։
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը համալրվեց 320 նոր դպրոցներով 03.03.2009թ.
Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել է 320 դպրոցներ ընդգրկող ինտերնետային նոր ցանց, որը Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի 2009թ. փետրվարի 20-ի հրամանին համապատասխան միացվել է Հայաստանի բոլոր մարզերի 324 դպրոցներն ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ)։ Այսպիսով, ՀԴԻՑ–ն իր կազմում ներկայումս ունի 644 դպրոցներ։ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և պահպանման աշխատանքներն իրականացնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ՀՀ Պետական բյուջեից տրամադրված միջոցներով։ Նախատեսվում է, որ 2009թ. և հաջորդ տարիներին ցանցի ընդլայնման աշխատանքները կշարունակվեն և Հայաստանի բոլոր դպրոցները կընդգրկվեն մեկ միասնական տեղեկատվական–կրթական միջավայրում։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ