Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Երևանի մարզային համակարգող Արփինե Դանիելյանը օգոստոսի 17-27-ը մասնակցեց «Առաջնորդ լինելու ժամանակն է» ամառային դպրոցի դասընթացին, որի նպատակը երիտասարդ կանանց առաջնորդական հմտությունների ձևավորումն էր: Ամառային դպրոցը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան։ Օգոստոսի 17-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ ամառային դպրոցի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին և մասնակիցներին իրենց ողջույնը հղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և այլոք։ Դասընթացը սկսվեց Երևանում և շարունակվեց Հանքավանում։
Շնորհավո՛ր 20-րդ ուսումնական տարին, Հայաստանի Հանրապետություն 31.08.2009թ.
Այս տարի ևս սեպտեմբերի 1-ին կհնչի ուսումնական առաջին զանգը և Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում արդեն 20-րդ անգամ կրթօջախ կկանչի աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում է բոլոր սովորողներին ու մանկավարժներին և մաղթում հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք։
Տեղեկատվական եվ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի ու կից էլեկտրոնային նյութի ստեղծման ու հրատարակման ծառայությունների գնման բաց մրցույթ 26.08.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկատվական եվ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի ու կից էլեկտրոնային նյութի ստեղծման ու հրատարակման ծառայությունների գնման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
Շիրակի մարզի Ամասիայի ենթաշրջանի վերաբնակեցված Եղնաջուր գյուղում ավելի քան 10 տարի գործում է «Վերադարձ դեպի բնություն» ծրագիրը, որի նպատակը Շիրակի մարզի կարիքավոր և ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելն է: Ծրագրի շրջանակներում գործող ճամբարում երեք հերթափոխով հանգստանում են շուրջ 150 երեխաներ, որոնց ընտրությունը Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հրահանգով կատարում է թեմի սոցիալական աշխատող Լուսինե Գրիգորյանը: Ծրագիրը հովանավորում է «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Եռօրյա այցով (օգոստոսի 7–ից 9–ը) Եղնաջուր գյուղի դպրոցի բակում իր տեղն էր գտել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ)։ Դպրոցի բակում անհանգստություն ու աշխուժություն էր տիրում. երեխաները, ովքեր դեռ չգիտեին թե ին՞չ է իրենից ներկայացնում ինտերնետը, անհամբեր սպասում էին իրենց մուտքին համակարգչային լսարան: Հագեցած ճամբարային կյանքին գումարվեց ևս մի մեծ հետաքրքրություն՝ դասընթաց-ծանոթացում համացանցին։ ՇԻՀԿ–ը սպասարկող կազմակերպության՝ «Հարմոնիա» հիմնադրամի ներկայացուցիչներ Սևակի ու Հայկի օգնությամբ երեխաները ծանոթացան ինտերնետին, նրանցից շատերն առաջին անգամ ինքնուրույն ճանապարհորդեցին այդ բովանդակալից վիրտուալ աշխարհում։ ՇԻՀԿ–ի ընձեռած հնարավորություններից օգտվեցին նաև գյուղի բնակիչները, դպրոցում դասավանդող ուսուցիչները, ինչպես նաև դպիր Գևորգը, որը ծառայության էր գործուղված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից: Ճամբարի ղեկավարությունը, մանկավարժները և հատկապես երեխաները շնորհակալություն են հայտնում ԿՏԱԿ–ի և «Հարմոնիա» հիմնադրամների ղեկավարներին ՇԻՀԿ–ի այցելության և կազմակերպած հետաքրքիր դասընթացի համար։
Ավարտվեց Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարաններ հիմնելու գործընթացը 04.08.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2009 թվականի փետրվար–մայիս ժամանակահատվածում հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման և էլեկտրոնային գրադարանների հիմնման նպատակով իրականացրեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ)կողմից տրամադրված «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացման աշխատանքներ` Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով» դրամաշնորհային նախագիծը։ Նախագծի շրջանակներում բազմացվել են Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և ԿՏԱԿ-ում լրամշակված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներն ու դպրոցներին տրամադրվել ձեռնարկների ամբողջական փաթեթները կամ տվյալ դպրոցում պակասող ձեռնարկները։ Ծրագրի իրականացման շնորհիվ ավարտվել է Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնման աշխատանքը, բոլոր դպրոցներն ապահովվել են 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներով։ Օրերս ԿՏԱԿ–ում ամփոփվեց և օգոստոսի 29–ին ԲՀԻՕՀՀՄ ներկայացվեց դրամաշնորհային ծրագրի վերջնական հաշվետվությունը, որն ընգրկում էր աշխատանքի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունը, ուսումնական գործընթացում Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների արդյունվետ կիրառումը գնահատելու նպատակով դպրոցներում լրացված գնահատման թերթիկների վերլուծությունը, Հայաստանի 26 բնակավայրերում դպրոցների տնօրենների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպված սեմինար–շնորհանդեսների ընթացքում ուսուցիչների ներկայացրած զեկուցումները ուսումնական գործընթացում ձեռնարկների օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև միջոցառումների ընթացքի մասին պատմող նյութեր (տեսաֆայլեր, շնորհանդեսներ և լուսանկարներ)։ Ուսուցիչների միջև համագործակցության ու դրական փորձի փոխանակման, ինչպես նաև կարծիքների, դիտողությունների և առաջարկների քննարկման նպատակով «Կրթական համալիր էջ» պորտալում ստեղծվել և գործում է «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների օգտագործումը դպրոցներում` տարբեր առարկաների դասապրոցեսում» թեմայով ֆորումը (շուրջ 40 գրառում և 1500 մուտք)։ «Կրթական համալիր էջ» պորտալում տեղադրված են բոլոր 14 ձեռնարկները, որոնք կարելի է ներբեռնել «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ» էջից։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ