Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) «Կրթական համալիր էջ» պորտալում հայտարարել էր վիկտորինա՝ նվիրված «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20 ամյակին։ Վիկտորինային մասնակցեցին 12 կրթօջախների 31 աշակերտներ և ուսուցիչներ։ Երկու փուլերի արդյունքում ընտրվեցին հաղթողները՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները, ևս մի մասնակից արժանացավ հատուկ մրցանակի։
Մրցանակակիրները կպարգևատրվեն պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։
Մրցանակակիրները.
1. Թորոսյան Անուշ (Վանաձորի հ. 19 միջնակարգ դպրոց, ինֆորմատիկայի ուսուցչուհի), առաջին մրցանակ 2. Խաչիկյան Սյուզաննա (Վանաձորի հ. 19 դպրոց, 10-րդ դասարանի աշակերտուհի), առաջին մրցանակ 3. Մովսիսյան Հռիփսիմե (Գավառի հ. 5 հիմնական դպրոց, պատմության և հասարակագիտության ուսուցչուհի), երկրորդ մրցանակ 4. Բաղդասարյան Գոռ (Երևանի հ. 45 միջնակարգ դպրոց, 10-րդ դասարանի աշակերտ), երկրորդ մրցանակ 5. Զարդարյան Հայկ (Գավառի հ. 5 հիմնական դպրոց, 9-րդ դասարանի աշակերտ), երրորդ մրցանակ 6. Զարդարյան Մհեր (Գավառի հ. 5 հիմնական դպրոց, 9-րդ դասարան), երրորդ մրցանակ 7. Արզաքանցյան Սաթենիկ (Գավառի հ. 5 հիմնական դպրոց, 9-րդ դասարանի աշակերտուհի), երրորդ մրցանակ
Հատուկ մրցանակ
Հակոբյան Սիրանուշ (Երևանի հ.129 միջնակարգ դպրոց, 10-րդ. Դասարանի աշակերտուհի)։
Մրցանակների և պատվոգրերի հանձնման մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Կրթական համալիր էջ» պորտալը սրտանց շնորհավորում են մրցանակակիրներին, իսկ վիկտորինայի բոլոր մասնակիցներին հայտնում են շնորհակալություն։
Ամփոփվեց «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթը 26.11.2009թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հայտարարած «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերի 75 ուսումնական հաստատությունների 210 սաներ։ Մրցույթի էլեկտրոնային փոստին ուղարկված 450-ից ավելի լուսանկարները տեղադրված են ԿՏԱԿ-ի ինտերնետային կայքում՝«Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթի պատկերասրահ էջում: Մասնակցները դպրոցների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ԲՈՒՀ-երի սովորողներ և դասավանդողներ են։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ամփոփվեցին «Դպրոցական ակնթարթ» խորագրով լուսանկարների մրցույթի արդյունքները։
Հանձնաժողովն ընտրեց մրցույթի հաղթողներին՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներին, ևս մի մասնակից արժանացավ հատուկ մրցանակի։ Հանձնաժողովը որոշեց մրցանակակիրներին պարգևատրել պատվոգրերով և խորհրդանշական նվերներով
Մրցանակակիրները.
Աշակերտներ. 1. Սյուզի Հովհաննիսյան. Իմ սիրելի ուսուցչին (Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ, 14 տարեկան), առաջին մրցանակ 2. Լուիզա Գևորգյան. Սովորում ենք թռչել (Արմավիրի մարզ, գյուղ Լեռնագոգ, 12 տարեկան), երկրորդ մրցանակ 3. Սուրեն Թավաքալով. Պիտի հաղթեմ (Երևանի Շիրակացու ճեմարան, 14 տարեկան), երրորդ մրցանակ
ՈՒսուցիչներ 1. Գալինա Խաչատուրյան. Ինչ երջանիկ եմ ես այսօր... (Կոտայքի մարզ, Հրազդանի հ.14 դպրոց, ինֆորմատիկայի ուսուցչուհի), առաջին մրցանակ 2. Արմինե Մակարյան. Դասարանի բկլիկը (Գեղարքունիքի մարզ, Սարուխանի հ. 2 միջնակարգ դպրոց, ինֆորմատիկայի ուսուցչուհի), երկրորդ մրցանակ 3. Գեղամ Անդրեասյան. ՇԻՀԿ-ը դպրոցի բակում (Արարատի մարզ գյուղ Տիգրանաշեն, տնօրեն), երրորդ մրցանակ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում է մրցանակակիրներին և շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:
Երևանում բացվեց Հայաստանի ՏՏ մրցունակության 3-րդ ամենամյա համաժողովը 25.11.2009թ.
Նոյեմբերի 24–ին Երևանում մեկնարկեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայկական զարգացման գործակալությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, «Մայքրոսոֆթ Հայաստան», «Դ-Լինք», «Արմինկո» ընկերությունները և ՏՏ գործարար միությունները: Համաժողովի նպատակն էր վերլուծել ներկա հնարավորություններն ու մարտահրավերները քաղաքական ու տնտեսական վերջին զարգացումների համատեքստում, միևնույն ժամանակ սահմանել ՏՏ ոլորտի առաջնահերթություններն ու հեռահար նպատակները:
Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի ավելի քան 250 ներկայացուցիչներ կառավարությունից, մասնավոր հատվածից, կրթական հաստատություններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված այլ անձինք:
Համաժողովի աշխատանքը բաղկացած էր չորս մասերից.
Անդրադարձ ՏՏ կլաստերի զարգացմանը
Կառավարության դերը ՏՏ ոլորտի զարգացման մեջ
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի շուկայի տարբերակում
ՏՀՏ ժամանակակից կրթություն և գիտահետազոտական ոլորտ։
Համոժողովի չորրորդ մասում «ՏՀՏ ներդրումը դպրոցում» զեկուցումով հանդես եկավ և կրթական համակարգում իրականացվող ՏՀՏ ոլորտի ծրագրերն ու առաջնահերթ խնդիրները ներկայացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը։
ՇԻՀԿ–ը Կոտայքի մարզի Հատիս գյուղում է 24.11.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) շարունակում է իր աշխատանքը և ներկայումս գտնվում է Կոտայքի մարզի Հատիս գյուղում, որտեղ անցկացնում է դասընթացներ աշակերտների և ուսուցիչների համար։
Նոյեմբերի 20–ին Երևանում իր աշխատանքները սկսեց «Կրթություն – զարգացում համագործակցությամբ» երկօրյա խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի առաջին օրվա պլենար նիստը բացեց ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) փոխնախարար Արա Ավետիսյանը։ Մջոցառման հյուրերին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ելույթներ ունեցան և խորհրդաժողովի աշխատանքները կարևորեցին Արտագին գործերի և Սփյուռքի փոխնախարարները, Հայաստանում արտասահմանյան տարբեր պատվիրակությունների և կազմակերպությունների ղեկավարները։
Ի թիվս մասնագիտական կրթության և հանրակրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին զեկուցումների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը և ԿՏԱԿ–ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բովանդակության բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը կներկայացնեն «ՏՀՏ կիրառությունը կրթության ոլորտում» թեմայով զեկուցումը։
1989թ. հիմնադրվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Այսօր այն ՀՀ կրթության և գիտության նախարարության փորձարարական- հետազոտական միավորում է, դպրոց-կենտրոն, որտեղ վերապատրաստվում են հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչները և մանկապարտեզների դաստիարակները: Այստեղ իրականացվում են «Սովորողների օժտվածության զարգացում», «Նախադպրոցականի զարգացում», «Կրթություն բոլորի համար» հանրապետական ծրագրերը։ Կրթօջախն ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառության առաջատարներից է։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պրն. Բլեյանին, մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին և շրջանավարտներին կրթօջախի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ և մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ, բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն։
«Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում» ծառայության գնման բաց մրցույթ 16.11.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
Կրթության և գիտության փոխնախարարի գրությունը ՀՀ մարզերի մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ղեկավարներին 12.11.2009թ.
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ներքին ցանցերը սպասարկող մասնագետների վերապատրաստումների կազմակերպման կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մարզերի մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ղեկավարներին, որում մասնավորապես ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) հանձնարարվել են 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ներքին ցանցերը սպասարկող մասնագետների վերապատրաստման» աշխատանքները:
ԿՏԱԿ-ը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարել և ամփոփել է վերապատրաստման ծառայությունների գնման մրցույթները, որոնց հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը: Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում 2009թ. ընթացքում ընդգրկված յուրաքանչյուր դպրոցից վերապատրաստման դասընթացներին պետք է մասնակցեն ներքին ցանցերն ու համակարգչային կենտրոնները սպասարկող մեկ մասնագետ (բացակայության դեպքում` համապատասխան ուսուցիչ) և ինֆորմատիկա առարկայի մեկ ուսուցիչ (բացակայության դեպքում` համակարգչային նվազագույն գիտելիքների տիրապետող փոխարինող ուսուցիչ):
Խնդրում ենք աջակցել այս շատ կարևոր վերապատրաստումների կազմակերպմանը, օժանդակել ԿՏԱԿ-ի մարզային համակարգողներին և «Հարմոնիա» հիմնադրամին, ապահովել դպրոցների ներկայացուցիչների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին»:
ՏՀՏ գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ 11.11.2009թ.
Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինտիտուտի (ԵՄՄԳՀԻ) կողմից մշակված «Ուսում» համակարգը հոկտեմբերի վերջին տասնօրյակում արդեն տեղադրվել է 10 դպրոցներում և գտնվում է փորձնական շահագործման փուլում։
Նույն դպրոցներից մեկական ուսուցիչներ մասնակցել են Երևանի «Քվանտ» վարժարանում կազմակերպած «Միկրոաշխարհներ ԼՈԳՈ» էլեկտրոնային ուսումնական միջավայրի վերապատրաստման դասընթացներին։
Նոյեմբերի 7-ին «Քվանտ» վարժարանում կայացավ վերապատրաստվող ուսուցիչների ավարտական աշխատանքների ցուցադրությունը, որին մասնակցեցին նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները՝ ՏՀՏ բովանդակւթյան բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանն ու նույն բաժնի մասնագետ Վահե Երիցյանը։
ՏՀՏ-ն կրթության ոլորտում միջազգային համաժողով 09.11.2009թ.
Այսօր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում սկսվեց ՏՀՏ-ն կրթության ոլորտում եոօրյա միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Կորեայի կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարության, Համաշխարհային բանկի և Կորեայի կրթության և հետազոտության տեղեկատվական ծառայության կողմից: Հայաստանից համաժողովին մասնակցում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կրթության խորհրդատու Ալեքսան Հովհաննիսյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը:
ՇԻՀԿ–ը Կոտայքի մարզի Բուժական գյուղում է 05.11.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում ավարտեց աշխատանքը։ Այժմ ՇԻՀԿ–ը ժամանել է Կոտայքի մարզ ու դասընթացներ է կազմակերպում մարզի Բուժական գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նամակը դպրոցական կայքերի վերաբերյալ 04.11.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված դպրոցներին ուղարկել է հետևյալ նամակը.
Հարգելի գործընկերներ,
դպրոցների հարգելի տնօրեններ և աշխատակիցներ,
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ցանկանում է մեկ անգամ ևս Ձեր ուշադրությունը հրավիրել դպրոցական կայքերին։
Կայքերի մեծ մասը չի թարմացվում, դրանց ձևավորումը և բովանդակությունը հնացել են։ Նկատի ունենալով, որ կայքը դպրոցի այցեքարտն է համացանցում, խնդրում և հորդորում ենք ավելի շատ ուշադրություն հատկացնել կայքին՝ ուղղել առկա թերություններն ու պարբերաբար թարմացնել բովանդակությունը։
Խնդրում ենք հնարավորինս մանրամասն ու մատչելի տեղեկատվություն տեղադրել դպրոցի կայքում՝ ներառելով դպրոցական ու համայնքային առօրյան, ուսուցիչների ու աշակերտների ստեղծած բովանդակային նյութերը։ Շատ օգտակար կլինի, եթե կայքի միջոցով ապահովվի դպրոցի կապը ծնողների, մյուս դպրոցների և, առհասարակ, արտաքին աշխարհի հետ։
Առավել արդիական է այն դպրոցների հարցը, որոնք դեռևս չունեն կայքեր։ Հույս ունենք, որ դուք ամեն ինչ կանեք, որ խնդիրը շուտափույթ լուծվի, իսկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի կենտրոնական հանգույցում կտրամադրի անվճար տարածք (հոսթինգ) դպրոցի կայքը տեղադրելու համար։
Հարգանքով՝
Արմեն Կուլախսզյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի պետ։ Հեռ.՝ 578453, 578455, E-mail armen@ktak.am
Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ՏՀՏ Բովանդակության բաժնի մասնագետ։ Հեռ.՝ 578453, 578455, E-mail vahe@ktak.am , armedu@mail.ru
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ