Հունվարի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Տավուշի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, մարզի քաղաքապետերը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և մարզի պետական քոլեջների տնօրենները և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մարզային համակարգող Աննա Սարգսյանը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ներկայացրեց մարզի կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նախարարն իր ելույթում շեշտը դրեց հանրակրթության մասին օրենքի դրույթների կիրառման, մանկավարժների ատեստավորման, տնօրենների հավաստագրերի ստացման գործնթացի և ավագ դպրոցի հիմնախնդիրների վրա: Նա կարևորեց այն հանգամանքը, որ Տավուշի մարզի կրթության ոլորտում կատարված աշխատանքի ցուցանիշները հանրապետության կտրվածքով միջինից բարձր են: Նախարարը ներկաներին տեղեկացրեց նաև, որ տարվա ընթացքում ԿՏԱԿ-ր նախատեսում է ևս 300 դպրոց միացնել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին:
«Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսն ավարտվեց 25.01.2010թ.
Հունվարի 23–ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային եռօրյա ստուգատեսի աշխատանքների ամփոփման հանդիսավոր արարողությունն էր։ Եռօրյա ստուգատեսը միտված էր դպրոցներում խթանել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ստուգատեսի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ էլեկտրոնային ուսումնական նյութեր, ֆիլմեր, տեսահոլովակներ, սովորողների տեխնիկական ստեղծագործությունների արդյունքներ, նախագծեր: Ներկայացված 400–ից ավելի հայտերից տարբեր անվանակարգերում հաղթող ճամաչվեցին 85 աշխատանքներ։ Մրցանակներ էին սահմանել ինչպես կրթահամալիրի տնօրինությունը, այնպես էլ մի շարք պետական և հասարակական կազմակերպություններ։ Փակման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, ներկայացուցիչներ տարբեր կրթական և հասարակական կազմակերպություններից։ Բացի տարբեր անվանակարգերում հաղթողներին տրված մրցանակներից, ստուգատեսի 3 օրերի ընթացքում ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակներիը պարգևատրվեցին մասնակցության վկայագրերով և ականջակալներով։
Ի թիվս ստուգատեսի այլ մրցանակների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը «Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսը կազմակերպելու, տեղեկատվական տեխնոլոգիաներն ի նպաստ կրթության կիրառելու, և արժեքավոր փորձն ու գիտելիքները մյուս կրթօջախներին հաղորդելու համար հատուկ մրցանակի էր արժանացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին։ ԿՏԱԿ–ի տնօրեն Արեգ Գրիգորյանը ստուգատեսի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանձնեց մրցանակն ու պատվոգիրը։
Մեր աշխատակցի նոր ձեռքբերումը 25.01.2010թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Դպրոցների ինտերնետային ցանց» բաժնի ավագ մասնագետ Հայկ Միրզոյանը մասնակցել և հաջողությամբ ավարտել է ցանցային սարքավորումների առաջատար արտադրող և ցանցային ադմինիստրատորների դասընթացների կազմակերպիչ Cisco ընկերության կողմից իրականացվող երկամսյա դաընթացները և ստացել PC Hardware and Software (համակարգչի սարքային և ծրագրային ապահովում) վկայական։
ՏՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ 21.01.2010թ.
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողությունը կատարեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը:
Տնօրհնեքը քրիստոնեական եկեղեցիներին հատուկ արարողություն է: Ս. Ծնունդին և Ս. Զատիկին քահանան այցելում է իր ծխի տները` Հիսուսի Ծնունդը կամ Հարությունն ավետելու կամ պատշաճ արարողությամբ հավատացյալներին ու նրանց տներն օրհնելու, որպեսզի Աստված հովանի ու պահապան լինի տան բնակիչներին: Տնօրհնեք կատարվել է առաքելական շրջանից, երբ Հիսուսի 12 աշակերտները Տիրոջ Ծննդյան ու Հարության Բարի Լուրն ավետելու և օրհնելու համար այցելել են հավատացյալների տները: Տնօրհնեքի ժամանակ քահանան օրհնում է տան հացը, ջուրը և աղը: Տնօրհնեքը կատարվում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոներին հաջորդող օրերի ընթացքում: Տնօրհնեք կարելի է կատարել ոչ միայն տոն օրերին, այլև տարվա տարբեր ամիսներին: Տնօրհնեքի համար քահանային հրավիրում են տուն, ով օրհնում է ամբողջ տունը: Առհասարակ կարելի է օրհնել ցանկացած կառույց, նաև նոր կառուցվող շենք:
«Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսի մեկնարկը 20.01.2010թ.
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում հանդիսավոր կերպով հայտարարեց «Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսի մեկնարկը:
Միջոցառմանը մասնակցում են տարբեր կրթական կազմակերպությունների (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ), Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատություններ) ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից և հարևան Վրաստանից։
Ստուգատեսի թեման կրթական տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն է։ Քառօրյա աշխատանքի ընթացքում կներկայացվեն էլեկտրոնային ուսումնական նյութեր, ֆիլմեր, տեսահոլովակներ, ուսուցման մեջ թվային միջոցների կիրառման փորձի նմուշներ, սովորողների տեխնիկական ստեղծագործության արդյունքներ և տարբեր նախագծեր:
Ի թիվս այլ զեկուցումների, առաջին օրվա ծրագրում ընդգրկված էր նաև ԿՏԱԿ–ի ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Վահե Երիցյանի «Էլեկտրոնային առաջին դասագրքերը Հայաստանում. զարգացման հեռանկարներ» թեմայով զեկուցումը՝ դպրոցներում օգտագործվող էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների վերաբերյալ։
Հայաստանում առաջին էլեկտրոնային ձեռնարկները ստեղծվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ` Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում. հեղինակային խմբի ղեկավար՝ ակադեմիկոս Սամվել Շուքուրյան: Էլեկտրոնային 14 ուսումնական ձեռնարկները Կրթության ազգային ինստիտուտը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ, իսկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը դրանք բազմացրել է և տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցներին։ Առաջին փորձի շարունակությունը դարձան «Խաղում ենք մաթեմատիկա» և «Խաղում ենք հայերեն» համակարգչային խաղերը ու «Քվանտ» վարժարանում ստեղծված «Ռուսաց լեզու» և «Էլեկտրոնային անգլերեն» էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, որոնք ստեղծվել են ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոնե ԾԻԳ–ի պատվերով՝ որպես պարտադիր կրթական ծրագրի օժանդակ ձեռնարկներ։ 2010թ. ԿՏԱԿ–ի պատվերով ստեղծվեց «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնական ձեռնարկը կից էլեկտրոնային սկավառակով, որն առանձին էլեկտրոնային ձեռնարկ է։
Ստուգատեսի աշխանքների ամփոփման, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 23–ին, ժամը 12–ին։
ՇԻՀԿ–ը սկսեց 2010թ. աշխատանքային գործունեությունը 18.01.2010թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) սկսեց 2010թ. գործունեությունը։ ՇԻՀԿ–ն այսօր ժամանեց Արմավիրի մարզի Բագարան գյուղ, որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
Դեկտեմբերի 31-ին գիշերվա ժամը 12-ին Նոր Տարին ժամանեց Հայաստան: Նա երկիր մուտք գործեց քաղաքամայր Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական տան ժամացույցից: Նոր Տարին մի պահ կանգ առավ հրապարակի տոնածառի մոտ, հետո մեկնեց Հայաստանի գյուղերն ու քաղաքները, Երևանի ողջույնը տարավ Վանին, Անիին ու Ստեփանակերտին: Նա անսահման բարությամբ սփռվեց հայոց սարերի ու ձորերի, դաշտերի ու հովիտների, լճերի ու գետերի, վանքերի ու տաճարների, նահատակների շիրիմների վրա: Գալդ բարի’, Նոր Տարի: Շնորհավո’ր Նոր Տարի, Հայաստա’ն աշխարհ, Երկի’ր դրախտավայր:
2010 թվականը թող լինի Հույսի, Հավատի ու Սիրո տարի և թող խաղաղությունը թևածի մեր հոգիների ու մեր Հայրենիքի վրա։
Հարգելի’ մանկավարժներ և դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի’ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Թող նոր՝ 2010 թվականը, ձեզ համար լինի նորանոր ձեռքբերումների, նշանակալի հաջողությունների և խաղաղության տարի: Թող ամանորյա խանդավառությունը և Սուրբ Ծննդյան խորհուրդն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
Սիրով` Արմեն Աշոտյան ՀՀ կրթության և գիտության նախարար
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ