ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ 06.03.2010թ.
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր կանանց` մարտի 8-ի, կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար, որովհետև օրվա խորհուրդը հայ կինն է` մայրը, քույրը, սիրելին: Այս տոնը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս մեր բոլորի ակնածանքն ու երախտագիտությունն արտահայտելու համար: Մեծ է Ձեր վաստակը ինչպես սերունդների կրթման ու դաստիարակման, այնպես էլ մեր հայրենիքի կայացման ու զարգացման գործում: Ձեր մեջ ներդաշնակորեն միահյուսված են քնքշանքն ու հոգատարությունը, հմայքն ու գեղեցկությունը, լավատեսությունն ու ներողամտությունը: Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում` առողջություն, հաջողություն, անսահման սեր և երջանկություն: Ժպիտն ու գարնանային տրամադրությունը թող ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Աշխատանքային խորհրդակցություն Կրթության և գիտության նախարարությունում 04.03.2010թ.
Մարտի 3-ին Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Խորհրդակցությունը նվիրված էր Հայաստանում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ԿԿՏՀ-ի բաղադրիչների ստեղծման ու համակարգի արդյունավետ շահագործման հարցերում շահագրգիռ կազմակերպությունների համագործակցության խնդրին։ Քննարկմանը մասնակցում էին Կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Համաշխարհային բանկի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կնտրոնի (ԿՏԱԿ), «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի, Կրթության պետական տեսչության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և «Առաքելություն Արևելք», «Գործընկերություն և ուսուցում», «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ի թիվս այլ ելույթների, ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը ներկայացրեց «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում» զեկուցումը։
Ավարտվեց Արցախի ավագ դպրոցներում տեխնոլոգիական դասարանների ստեղծման առաջին փուլը 27.02.2010թ.
Ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրված տեխնոլոգիական դասարան ստեղծվեց Ստեփանակերտի հ.11 ավագ դպրոցում։ Ինչպես հայտնի է սա չորրորդ նմանատիպ դասարանն է, որ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ավագ դպրոցներում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներ Արմեն Կուլախսզյանը, Արաբո Մարգարյանը, Հայկ Միրզոյանը և Վահե Երիցյանն ավարտեցին Արցախի դպրոցներում համակարգչային համակազմերի տեղադրման ծրագրի առաջին փուլը։
Մարտի 1–ին՝ գարնան առաջին օրը, նրանք կվերսկսեն աշխատանքը ԿՏԱԿ–ի երևանյան գրասենյակում։
Եվս մեկ տեխնոլոգիական դասարան Արցախում 26.02.2010թ.
Շարունակվում են Արցախի ավագ դպրոցներին Հայաստանի կառավարության նվիրած համակարգչային համակազմերի (10 ժամանակակից համակարգիչներ, բազմագործառույթ տպիչ սարք և մեծ հեռուստացույց–մոնիտոր) տեղադրման աշխատանքները, որոնք իրականացնում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները։ Այսօր ավարտվեց Ստեփանակերտի հ.8 ավագ դպրոցում տեխնոլոգիական դասարանի կահավորումը։ Այն աշխատանքային վիճակում ընդունեցին դպրոցի տնօրենն ու ուսուցիչները։ ԿՏԱԿ–ի մասնագետների խումբն այժմ աշխատում է Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցում։
Համակարգչային դասարաններ Արցախի ավագ դպրոցներում 24.02.2010թ.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգչային դասարանների ութ համակազմ (10 ժամանակակից համակարգիչ և մեկ մեծ մոնիտոր–հեռուստացույց) է նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցներին։ Այս օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները գտնվում են Արցախում՝ համակարգիչները դպրոցներում տեղադրելու և դրանք տեղային ցանցում միավորելու նպատակով։ Նրանք արդեն ավարտել են աշխատանքը Շուշիի Մուրացանի անվան դպրոցում և այժմ աշխատում են Ստեփանակերտի հ. 8 դպրոցում։ Փետրվարի 25–ին աշխատանքային այցի շրջանակներում, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության օժանդակությամբ, ԿՏԱԿ–ի տնօրենն անցկացրեց հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված սեմինար խորհրդակցություն։ Սեմինարին մասնակցում էին Արցախի դպրոցների ու համալսարանների մասնագետները։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի մամուլի ասուլիսը 23.02.2010թ.
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանի մամուլի ասուլիսը` «Հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ընթացքն ու հեռանկարները» թեմայով: Կենտրոնի տնօրենը լրագրողներին պատմեց Հայաստանի հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված հիմնական ծրագրերի մասին՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) և Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեության, «Կրթական համալիր էջ» պորտալի հնարավորությունների և այդ միջավայրում կազմակերպված առցանց միջոցառումների, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և շահագործվող տարբեր շտեմարանների, էլեկտրոնային բովանդակության ստեղծման և վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային փաթեթների արտոնագրման և կրթական ՏՀՏ ծրագրերի համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Ասուլիսի ընթացքում ԿՏԱԿ–ի աշխատակիցներն ուղիղ ինտերնետային կապ հաստատեցին Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում գտնվող ՇԻՀԿ–ի հետ ու ներկաներն առցանց մասնակցեցին այդ պահին ընթացող դասաժամին, զրուցեցին աշակերտների հետ։ Այնուհետև լրագրողները ոլորտի խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղեցին ԿՏԱԿ–ի տնօրենին և տեղեկացան դրանց լուծման ծրագրերին։
ՇԻՀԿ–ը Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում է 20.02.2010թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ավարտեց իր աշխատանքը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում, և ժամանեց Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
Վայոց ձորի մարզում ԿԳՆ նախարարը անդրադարձավ ՏՀՏ ներդրման խնդիրներին 16.02.2010թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին աշխատանքային այցով ժամանել էր Վայոց ձորի մարզ: Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպմանը մասնակցում էին մարզի ղեկավարները, կրթության ոլորտի պատասխանատուները, կրթական հաստատությունների տնօրենները: Ի թիվս քննարկվող շատ հարցերի պարոն Ա.Աշոտյանն անդրադարձավ նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին, մասնավորապես՝ ՀԴԻՑի ընդլայնման, դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների աշխատանքի արդյունավետ ու նպատակային օգտագործման, կրթական գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Վայոց ձորի մարզային համակարգող Էդգար Մանուկյանը։
Էդգար Մանուկյան ԿՏԱԿ-ի Վայոց ձորի մարզային համակարգող
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) դասընթացներին մասնակցած և հաջողությամբ ավարտած ուսուցիչներին և աշակերտներին այսուհետ կհաձնվեն ԿՏԱԿ-ի և «Հարմոնիա» հիմնադրամի վկայականները։ Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերի 24 ուսուցիչները և 54 աշկերտները ստացան առաջին վկայականները։
ՀՀ կրթության և գիտության նախարարության ու «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» (Microsoft Campus and School Agreement) շրջանականերում 2009թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) գնել և Հայաստանի դպրոցներին տրամադրել էր «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման արտոնագրերը («Վինդոուզ» օպերացիոն համակարգի և «Մայքրոսոֆթ Օֆիսի» 8300 փաթեթ)։ Ի կատարումն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի 1478-Ա որոշման, ԿՏԱԿ-ի ու «Սի Այ Թի» ընկերության միջև կնքվեց արտոնագրերի մատակարարման պայմանագիր։ Հունվարի 30-ին «Մայքրոսոֆթից» ստացված հաղորդագրության համաձայն ընկերության արտոնագրերի գնման գործարքը կատարվել է, որի շնորհիվ դրանց գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։ Այսպիսով, առաջիկա տարում Հայաստանի կրթահամակարգի հաստատությունները կաշխատեն օրինական ճանապարհով ձեռքբերված «Մայքրոսոֆթի» ծրագրային փաթեթներով։
ՇԻՀԿ–ը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում է 02.02.2010թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ավարտեց իր աշխատանքը Արմավիրի մարզի Բագարան գյուղում, և ժամանեց Երվանդաշատ որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ