Google-ն արագացրել է որոնողական ցանցը 09.09.2010թ.
Google ինտերնետ-ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, որը կոչված է արագացնել որոնողական ցանցը:
Ընկերությունը բաց է թողնում Ինտերնետում նոր որոնողական ցանց` Google Instant անունով, որը ունակ է պատասխաններ տալ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ինտերնետից օգտվողը չի վերջացրել իր հարցադրումը:
Նոր ցանցը կանխորոշում է հարցի թեման ու ցույց է տալիս համապատասխան կայքերի լինքերը: Այդ տեղեկատվությունը փոփոխվում է այնքան ժամանակ, մինչև օգտվողը կվերջացնի իր հարցադրումը:
Google-ի գնահատականով, Google Instant-ի բացթողումը թույլ կտա մշակել ցանկացած հարցադրում 2-5 վայրկյան ավելի արագ ժամանակում: Google-ի նոր որոնողական ցանցը սկզբում կգործի ԱՄՆ-ում, իսկ հետո այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
2010 թվականին համակարգիչների համաշխարհային վաճառքները կավելանան 19 տոկոսով 02.09.2010թ.
2010 թվականին անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքները կավելանան 19,2 տոկոսով` մինչեւ 367,8 մլն, ընդ որում երկրորդ կիսամյակում աճի տեմպերը կդանդաղեն: Այս կանխատեսումը հրապարակել են Gartner թերթի վերլուծաբանները: «Անհատական համակարգիչների շուկան աշխուժացավ 2010 թվականի առաջին կիսամյակում, բայց կայունության իրական թեստը դեռեւս առջեւում է:
Մենք երկրորդ կիսամյակում անհատական համակարգիչների վաճառքների կանխատեսումը նվազեցրինք մինչեւ 15,3 տոկոս,ինչը մոտավորապես 2 տոկոսային կետով ցածր է նախորդ կանխատեսումից: Դա կապված է ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի տնտեսական հեռանկարների անորոշության հետ»,- հայտարարել է Gartner-ի հետազոտությունների գծով տնօրեն Ռանջիտ Ատվալը:
2009 թվականին համակարգչային շուկային աջակցեցին սպառողները այն դեպքում, երբ ընկերությունները հետաձգում էին անհատական համակարգիչների գնումը: Այս տարի սպառողական շուկայում վաճառքների աճի տեմպերը դանդաղում են, բայց հնարավոր է, որ աջակցություն ցուցաբերի բիզնեսը, քանի որ չափազանց դժվար է այսուհետեւ էլ հետաձգել նյութական բազայի նորացումը:
Գիտական նորույթ Ճապոնիայից. 3D տեխնոլոգիան արդեն կարելի է շոշափել 30.08.2010թ.
Ճապոնացի գիտնականները հայտարարել են 3D ձևաչափով հեռուստատեսային տեխնոլոգիաների ստեղծման մասին, որն աշխարհում առաջին անգամ օգտագործողին թույլ կտա «շոշափել, սեղմել և հարվածել» պատկերը: «Առաջին անգամ է, երբ կարելի է շոշափել պատկերն օդում: Հնարավոր կլինի ֆիզիկապես զգալ, թե ինչպես ես սեղմում ռետինե գնդակը կամ դիպչում կպչուն բրնձե տորթին, երբ օդում ձեռքով շարժում ես պատկերը»,- ասել է Advanced Industrial Science and Technology Ազգային ինստիտուտի գիտական խմբի ղեկավարներից մեկը` Նորիա Նակամուրան:
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործողին, որի բոլոր շարժումները նկարահանվում են մի քանի տեսախցիկով, «հպման» միջոցով «փոփոխել» 3D պատկերը: Դեռ հայտնի չէ, թե երբ և որ սարքերում հայտնագործությունը կկիրառվի: Հեղինակները ենթադրում են, որ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել վիրահատությունների «կեղծման», ինչպես նաև տեսախաղերի համար, երբ խաղացողը կարող է ֆիզիկապես իր ձեռքում զգալ զենքը կամ մարզասարքը:
Հայաստանյան «որոնումներ». բացարձակ առաջատարը Google-ն է (90,3%) 20.08.2010թ.
Google-ն իր ձեռքում է կենտրոնացրել որոնման համակարգերի հայաստանյան շուկան: 2010 թվականի հուլիս ամսվա արդյունքներով որոնման համակարգերի հայաստանյան շուկայում Google-ը բացարձակ առաջատար է` իր 90,3% մասնաբաժնով: StatCounter Global Stats-ի տվյալների համաձայն` Հայաստանի որոնման համակարգերի շուկայում 1-5%-ի սահմաններում մասնաբաժին ունեն նաև համաշխարհային շուկայում լայն տարածում ունեցեղ այլ որոնման համակարգեր: Այսպես, YANDEX RU-ն հայաստանյան որոնման համակարգերի շուկայում երկրորդն է` իր 5,75% մասնաբաժնով, իսկ Microsoft ընկերության Bing որոնման համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի ընդամենը 2,18%-ը: Yahoo!-ի մասնաբաժինը հայաստանյան շուկայում տատանվում է 1%-ի սահմաններում, իսկ մնացյալ 1%-ը բաժին է ընկնում որոնման համակարգերի հայաստանյան շուկայում ներկայացված այլ որոնման համակարգերին: Հատկանշական է, որ Google-ը պահպանում է իր առաջատարի դիրքերն արդեն մի քանի տարի շարունակ` անընդմեջ ավելացնելով իր մասնաբաժինը շուկայում, մինչդեռ վերջին 2 տարիների ընթացքում Yahoo!-ն զիջել է իր դիրքերը և երրորդ տեղից հայտնվել հայաստանյան որոնման համակարգերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում: Այս նույն ժամանակահատվածում զգալի աճ է ապահովել YANDEX RU-ն:
Եթե դիտարկենք հայաստանյան որոնման համակարգերի շուկայի միտումները համաշխարհային շուկայում նկատվող միտումների հետ, ապա ընդհանուր առմամբ, դրանք համընկնում են: Որոնման համակարգերի համաշխարհային շուկայում առաջատարը, անշուշտ, կրկին Google-ն է: Սակայն եթե Հայաստանում Google-ի առաջատարությանը սպառնացող «վտանգ» չկա, ապա որոնման համակարգերի համաշխարհային շուկայում Google-ի մասնաբաժինը ներկայումս տատանվում է 60%-ի սահմաներում, և վերջին ամիսներին հիմնական մրցակիցներին հաջողվում է Google-ի մասնաբաժնի նվազման հաշվին ամրապնդել իրենց դիրքերը: Այսօր որոնման համակարգերի համաշխարհային շուկայում երկրորդը Yahoo!-ն է (շուրջ 20%), որին և հաջորդում է Bing-ն` իր 12% մասնաբաժնով:
Օգոստոսի 16-ին լրացավ Internet Explorer բրաուզերի 15-ամյակը։ Microsoft-ի բրաուզերի առաջին սերիան լույս է տեսել 1995 թվականի օգոստոսի 16-ին։ Այն ստեղծվել է Mosaic բրաուզերի հիման վրա, որի իրավունքները Microsoft-ը ձեռք է բերել Spyglass Inc. ընկերությունից։ Սկսած երրորդ տարբերակից, Internet Explorer-ը սկսել է մտնել Windows-ի կազմի մեջ, ինչն էլ ավելի շատ օգտագործողների է գրավել եւ հնարավորություն ընձեռել Netscape Navigator բրաուզերից խլել շուկայի մեծ մասը։
2004 թվականին, երբ շահագործման հանձնվեց Firefox բրաուզերը, Internet Explorer-ի օգտագործողների թիվը աստիճանաբար սկսեց նվազել։ Սակայն նոր մրցակցի լույս աշխարհ գալը միակ պատճառը չէր, որ Internet Explorer-ը կորցրեց շուկայում գրաված իր դիրքի մեծ մասը։ Internet Explorer-ի 6-րդ սերիան դուր չեկավ օգտագործողներին` բազմաթիվ սխալների եւ անվտանգության համակարգի խոցելիության պատճառով։
Net Applications-ի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այսօր Microsoft-ի բրաուզերն օգտագործում են ինտերնետից օգտվողների 60 տոկոսը, իսկ Firefox-ինը՝ 25 տոկոս։
Ներկայումս Microsoft-ը շահագործման է պատրաստում Internet Explorer-ի 9-րդ սերիան, որի նախնական՝ բետա տարբերակը, կթողարկվի սեպտեմբերին 15-ին:
Ծրագրային Microsoft-ը կներկայացնի իր նոր Visual Studio ծրագիրը` ոչ ծրագրավորողների համար 11.08.2010թ.
Microsoft-ը նախատեսում է առավել հասանելի դարձնել Visual Studio-ն` հնարավորություն տալով այս ծառայությունից ազատորեն օգտվել ոչ միայն ծրագրավորողներին, այլև բոլոր ցանկացողներին: Ընկերությունը մտադիր է ներկայացնել Visual Studio LightSwitch-ի պարզեցված տարբերակը, որն առավելապես նախատեսված կլինի հավելվածներ ստեղծել ցանկացող ոչ ծրագրավորող մասնագետների համար: Microsoft-ն իր Visual Studio LightSwitch-ի փորձնական տարբերակը կներկայացնի օգոստոսի 23-ին: Այն կներկայանա որպես Visual Studio-ի առավել կրճատ տարբերակ և որում հասանելի կլինեն ծրագրային ապահովման տեսանկյունից առավել կիրառելի կորպորատիվ գործընթացների վերաբերյալ համեմատաբար մեծ տարածում ունեցող շաբլոն-տարբերակներ: Այսպիսով, ընկերությունների մենեջերները նույնպես կարող են ստեղծել հավելվածներ` հետևելով և կատարելով ներկայացված որևէ տարբերակի հաջորդական քայլերը: Ցանկության դեպքում կարելի է փոփոխություններ կատարել և առավել հարստացնել ստեղծվող հավելվածը VisualBasic-ի կամ C#-ի ներմուծման միջոցով:
Microsoft ընկերության հայտարարության համաձայն` շաբլոն-տարբերակների հետ մեկտեղ LightSwitch-ում ընդգրկված կլինեն նաև որոշ գործառույթներ, որոնք կներկայացվեն Experiences անվամբ: Այս դեպքում օգտագործողների կպահաջվի միայն նշել տվյալների աղբյուրն, օրինակ` SQL Server կամ Microsoft Access, կամ տվյալների պահուստը (SharePoint, Excel և այլն):
Թվայնացվել է Մատենադարանի շուրջ 1300 ձեռագիր 06.08.2010թ.
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի շուրջ 1300 ձեռագիր` 1 միլիոն 200 հազար կադր, արդեն թվայնացվել է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական, ձեռագրերի թվայնացման աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը, աշխատանքներն այժմ թվային պատկերների շտեմարանի ստեղծման փուլում են եւ դեռ երկար կշարունակվեն:
«Այս աշխատանքները մեծ ներուժ են պահանջում եւ նորագույն տեխնիկա, իսկ մեր ունեցած տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց Գ. Գասպարյանը: Մատենադարանում առկա է շուրջ 17 հազար ձեռագիր մատյան, որոնց թվայնացման արդյունքում կստեղծվի մոտ 15 միլիոն կադր: Ներկա փուլում կատարվել է ողջ աշխատանքի 10 տոկոսը: «Թվայնացված ողջ ձեռագրերն այժմ հասանելի են գիտական ուսումնասիրության համար: Նշեմ, որ մեր գիտական ընթերցասրահները միշտ լեցուն են»,-նշեց նա:
Գիտական ուսումնասիրությունների համար Մատենադարան են դիմում ոչ միայն տեղի, այլեւ տարբեր երկրների գիտնականներ ու հայագետներ: Ըստ Գ. Գասպարյանի` Մատենադարանի կայքում տեղադրվել են որոշ թվայնացված մանրանկարներ, բոլոր ձեռագրերը չեն տեղակայվում, քանի որ դրանք նեղ մասնագիտական ուսումնասիրության նյութեր են: «Թվայնացումը շատ լավ նախաձեռնություն է, քանի որ միայն հազար ձեռագիր է լիարժեք ուսումնասիրվել, իսկ մնացածը` թռուցիկ:
Հիմա ուսումնասիրման նյութերն ավելի հասանելի կդառնան»,-ասաց Գ. Գասպարյանը: Նշենք, որ թվայնացման աշխատանքները սկսվել են 2007թ-ի կեսից: Աշխարհում պաշտոնապես գրանցված է 30 հազար ձեռագիր մատյան, որից 17 հազարը Մատենադարանում է:
Հրատարակության է պատրաստվել ռուսերենի էլեկտրոնային նոր ինքնուսույց 05.08.2010թ.
«Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպությունը «Ռուսսկի միր» հիմնադրամի կողմից հատկացված դրամաշնորհի շնորհիվ մշակվել է ռուսերեն լեզվի էլեկտրոնային ինքնուսույց` խտասկավառակի տեսքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության նախագահ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ջուլիետա Կուզինան, ինքնուսույցի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանի որ Հայաստանում մատաղ սերնդի շրջանում ռուսերենի իմացությունը այլեւս բավարար մակարդակի վրա չէ:
Ինքնուսույցը, որում տեղ են գտել շուրջ 4 հազար նկարազարդում, 150 երկխոսություն, ավելի քան 10 հազար հայերեն բառ, ուղղագրությանն ու ուղղախոսությանը վերաբերող տեսագրություններ եւ տեսանյութեր, գործնական վարժություններ, հեքիաթներ, արդեն պատրաստ է հրատարակման Մոսկվայում, «Ռուսսկի միր» հիմնադրամի կողմից փորձաքննություն անցնելուց հետո: Հրատարակվելուց հետո ինքնուսույցն անվճար կտրամադրվի Հայաստանի կրթական հաստատություններին:
ՀՀ նախագահի մրցանակը՝ «Ինտել»-ի ղեկավար Քրեյգ Բարեթին 28.06.2010թ.
ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: ՀՀ նախագահի 2009թ. մրցանակը շնորհվել է “Ինտել” կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակը` մասնավորապես ասել է. “Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ, Հարգելի´ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունելու Երևանում «Ինտել» կորպորացիայի երկար տարիների գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ պարոն Քրեյգ Բարեթին և տիկնոջը: Այսօր Երևանում առաջին անգամ հենց պարոն Բարեթին ենք շնորհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը: «Ինտել» կորպորացիան և անձամբ ինքը` պարոն Բարեթը, ներկայացման կարիք չեն զգում: Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքային օրն սկսվում է համակարգիչը միացնելով, քաջատեղյակ է այդ անուններին: Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման կարևորությունն իսկապես շատ մեծ է: Թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը տեղեկատվության և գիտելիքի մատչելիության ապահովումն է և համընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացումը: Այս երկու բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաները կատարում են իսկական հեղափոխություն: Այս մրցանակի ստեղծման ամենակարևոր նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ և միջոցներ: Այսօր, պարոն Բարեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին: Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք: Դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Իսկ դրանք հրաշքներ են գործում, որովհետև ոչ մի դրամագլուխ կամ հոսքագիծ, կամ համակարգչային ծրագիր չի կարող գերազանցել անհատ մարդ արարածի ստեղծագործական հնարավորությունները: Այս բնագավառում մենք ունենք զարգացման անսպառ ներուժ: Հարգելի´ տիկնայք և պարոնայք, Ուշագրավ է, որ պարոն Բարեթը չի սահմանափակվել զուտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով: Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս կնկատեք, որ նա հիմնական աշխատանքին զուգահեռ նաև ՄԱԿ-ի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի նախագահն է եղել: Միևնույն ժամանակ, աշխուժորեն ներգրավվել է իր հարազատ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ազգային ծրագրերի իրականացման գործում, աշխատել է ԱՄՆ-ի Նախագահին առընթեր խորհրդատվական մարմինների կազմում: Պարոն Բարեթին ներկայացնելիս մարդիկ հաճախ են նրան բնորոշում որպես աշխարհում ուսման բարելավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է: Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաև մեր երկրի բոլոր ձեռներեցները: Խոսքս բնավ զուտ բարեգործության մասին չէ: Խոսքս ընդհանուր առմամբ հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, երկարաժամկետ հանրային լուրջ վնասի վտանգի առաջ կանգնելու դեպքում, կարճաժամկետ ու անցողիկ շահույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին է: Խոսքս մեծ դրամի գայթակղություններին` ագահությանն ու մեծամտությանը չտրվելու մասին է: Ուրախ եմ ասելու, որ Հայաստանում կան այսպիսի գործարարներ, և նրանք քիչ չեն: Իհարկե, մասշտաբը նկատի չունեմ, այլ` զուտ մոտեցումը: Ես շնորհակալություն եմ հայտնում «Սինոփսիս» ընկերության Հայաստանի մասնաճյուղին և նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին. այս մրցանակի մտահղացման առաջին իսկ վայրկյանից «Սինոփսիսը» և անձամբ պարոն Գոլդմանն աշխուժորեն ներգրավվեցին այն իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահներին, խորհրդատվական և գործադիր խորհուրդների ու ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ներդրեցին այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ, Ուրախ եմ, որ դուք Երևանում եք: Հուսով եմ` այս օրերի ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ Հայաստանին, մեր պատմությանը, մշակույթին և սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր սերը, հարգանքն ու ջերմությունը: Պարոն Բարեթ և տիկին Բարեթ, շատ ուրախ եմ այսօրվա համար և շատ շնորհակալ եմ ձեզ”: Քրեյգ Բարեթը, Հայաստանի Հանրապետության Նախագահ կողմից ստանալով մրցանակը, ասել է. “Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել և ներկայացնել արդյունաբերության մեր բոլոր ռահվիրաներին ու ջատագովներին, ովքեր ի սպաս են դնում հրաշալի տեխնոլոգիաներ: Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը: Ես այստեղ եմ ոչ թե որպես անհատ, այլ` ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում և հասցրել են դրանք ներկայիս վիճակին”: Քրեյգ Բարեթի խոսքով, տարիների ընթացքում մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կյանքի բոլոր ասպարեզներում, մասնավորապես` այն խթանում է տնտեսական զարգացումը, մեծապես ազդում է կրթական, առողջապական ոլորտների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաև տարեցտարի ավելի մեծ դեր են խաղում ժամանակակակից կառավարման համակարգերի արդյունավետության և հրապարակայնության ապահովման գործում: Մրցանակի հանձնման արարողությունից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քրեյգ Բարեթի հետ, այնուհետև տեր և տիկին Բարեթների պատվին տրվել է ճաշ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե և ադամանդե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն: 2009թ-ի ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցով: Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նեթբուք տարրական դասարանների աշակերտների համար 25.06.2010թ.
Ամերիկյան HP ընկերությունը հայտարարել է HP Mini 100e Education Edition դպրոցական նեթբուք թողարկելու մասին։ Սարքը կարժենա 300 դոլար, այն նախատեսված է տարրական դպրոցում սովորողների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։ HP Mini 100e–ի անկյունագիծը կազմում է 10,1 դյույմ, պատկերի պարզությունը՝ 1024/600 պիկսել։ Նեթբուքն օժտված է Intel Atom N455 պրոցեսորով և Intel NM10 Express միկրոսխեմայով, իսկ ստեղնաշարը պաշտպանված է հեղուկի ներթափանցումից։ Սարքը կշռում է 1,45կգ։
Ինտերնետից օգտվողների մեկ երրորդը բլոգեր և սոցցանցեր կարդացողներն են 17.06.2010թ.
Ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը բլոգ կարդացողներ են և պարբերաբար սոցիալական ցանցեր հաճախողներ։ Nielsen վերլուծական ընկերության տվյալներով՝ ապրիլին օգտատերերը նման կայքերում անցկացրել են միջինը 6 ժամ։
Ընդհանուր առմամբ՝ ինտերնետ օգտագործողները սոցիալական ռեսուրսներում անցկացրել են ավելի քան 110 միլիարդ րոպե, ինչը կազմել է ինտերներտում աշխատելու ընդհանուր ժամանակի 22 տոկոսը։ Այսպիսով, ցանցում անցկացրած յուրաքանչյուր 9 րոպեից 2-ը մարդիկ կարդում են կամ գրում մեկնաբանություններ բլոգներում կամ անցկացնում սոցցանցերի էջերում։
Մեկ տարում այդ ռեսուրսների լսարանն ընդլայնվել է 24 տոկոսով։ 66 տոկոսով ավելացել է այդ կայքերում օգտատերերի անցկացրած ժամանակի քանակը։ Իսկ աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը դարձել է ինտերնետում ժողովրդականություն վայելող 3-րդ կայքը։ Facebook.com-ի լսարանը կազմել է համաշխարհային ոստայնի բոլոր օգտատերերի 54 տոկոսը։
Ընդհանուր ինտերնետ լսարանից բլոգների և սոցցանցերի այցելուների բաժնով երկրների վարկանիշը գլխավորում է Բրազիլիան՝ 86 տոկոս ցուցանիշով։ Ցուցակում 2-րդ և 3-րդ տեղերում Իտալիան և Իսպանիան են՝ համապատասխանաբար 78 և 77 տոկոս ցուցանիշներով։
Այնինչ, ամենաշատ ժամանակը բլոգներում և սոցիալական ցանցերում անցկացնում են ավստրալացի օգտատերերը։ Ավստրալացիներն այդ զբաղմունքի վրա ծախսում են ամսական համարյա 7 ժամ 20 րոպե՝ գերազանցելով ԱՄՆ-ի և Իտալիայի բնակիչներին, որոնք ծախսում են դրա վրա մոտ 6 ու կես ժամ։
«Microsoft»-ը սկսել է Office 2010-ի փաթեթի վաճառքն ամբողջ աշխարհում: Միաժամանակ վաճառքի են հանվել նաեւ Visio 2010-ն ու Project 2010-ը: Office 2010-ի փաթեթը կարելի է ձեռք բերել ավելի քան 35 հազար գործընկեր-խանութներում, ինչպես նաեւ համացանցում: Փաթեթը ներառում է երեք տարբերակ` Home and Student 2010, Office Home and Business 2010 եւ Office Professional 2010: Բացի դրանից` «Microsoft»-ը պայմանագիր է կնքել notebook արտադրող ընկերություններից մեկի հետ. ըստ այդ պայմանագրի` նոր արտադրվող notebook-ները պիտի հենց Office 2010-ով արտադրվեն: Գործընկերների թվում են «Acer», «Asus», «Dell», «HP», «Lenovo», «Samsung» եւ «Sony» ընկերությունները: «Microsoft»-ը հույս ունի, որ առաջիկա տարվա ընթացքում ավելի քան 100 մլն համակարգիչ կվաճառվի Office 2010 ծրագրով:
«Microsoft» ընկերությունն իր նոր ծրագրի բետա-տարբերակը ներկայացրել էր դեռ մի տարի առաջ. դրա փորձարկումներին մասնակցել է 9 մլն մարդ:
Office 2010-ը ներառում է Office Web-ը, որի շնորհիվ Microsoft Word, PowerPoint, Excel, OneNote եւ այլ ծրագրերով հնարավոր կլինի աշխատել օնլայն ռեժիմով:
«Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտի հիմնախնդիրները», նշել է վարչապետը 09.06.2010թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «DigiTec Business-2010» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը։ Վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով։ Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, ընդգծել է ավանդական դարձած բիզնես-ֆորումի կարևորությունը և արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Վարչապետը կարևորել է կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտի հռչակումը որպես առաջնահերթություն և ոլորտում աճի արձանագրումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մատնանշելով «DigiTec Business-2010» ցուցահանդես-ֆորումին մասնակցող ձեռնարկությունների թվի ավելացման կարևորությունը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը։ Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին և ծառայություններին։ Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը։ Դրա շրջանակներում նախատեսվում է նաև տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների և «Start up» ֆորումի կազմակերպում։ Առանձին տաղավարով ներկայացվել էին նաև ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները և էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի։ Բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման։ Հայաստանի Հանրապետության կառավարության կայքի Պաշտոնական լրահոսից
Մարտահրավեր Google-ին. Թողարկվել է yandex.com 20.05.2010թ.
Ինտերնետ որոնման ռուսական Yandex համակարգը թողարկել է yandex.com կայքը, որում հայտնվելու են որոնման միայն «օտարերկրյա» արդյունքները։ Նոր ծառայությունը կարող է հետաքրքրել այն օգտատերերին, որոնք կցանկանան որոնման արդյունքներից բացառել ռուսական կայքերը։ Այս նպատակի համար, մինչև վերջերս, Ռունետի օգտվողներն առավելապես Google էին օգտագործում։
Yandex–ի նոր ծառայությունից կարելի է օգտվել երկու ձևով. կա"մ լատինատառ հարցում կատարել yandex.ru-ում և ընտրել համապատասխան ֆիլտրը, կա"մ էլ որոնել հատուկ այս նպատակի համար ստեղծված yandex.com-ում։
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Yandex–ն արդեն ինդեքսավորում էր օտարերկրյա կայքերն ու որոնման արդյունքներում ինտեգրում նաև դրանք։ Համակարգում լատինատառ հարցումների մասնաբաժինը 12-15% է։ Սակայն այդ հարցումներից շատերը կրկին Ռունետի կայքերի համար են, օրինակ՝ արտասահմանյան արտադրության մեքենաների կամ տեխնիկայի անվանումներ։ Այս դեպքերի համար Yandex–ն առաջարկում էր շարունակել որոնումը կա՛մ օտարերկրյա, կա՛մ ռուսական կայքերում։ «Յանդեքսն» առայժմ լատինատառ 4 մլրդ կայքէջ է ինդեքսավորել։ Դրանց հիմնական մասն անգլերեն է։
LiveInternet-ի տվյալներով՝ Ռուսաստանում օգտագործվող որոնման համակարգերում Yandex–ի մասնաբաժինը 2010թ. ապրիլին կազմել է 63,6%։Վերջին մեկ տարվա ընթացքում Yandex–ի այս ցուցանիշն աճել է գրեթե ամեն ամիս։ 2009թ. ապրիլին այն ընդամենը 56,9% էր։ Yandex–ի հիմնական մրցակիցը Ռունետում ամերիկյան Google-ն է , որի հարցման ցուցանիշը, ընդհակառակը, նվազում է՝ 2009թ. ապրիլի 23,1%-ից այն մեկ տարի անց նվազել է մինչև 21,8%։
Yandex.com-ը կարող է Google-ին զրկել այն առավելությունից, որը գրավում էր ռուս օգտագործողներին։ Մինչև այս ռուսները համաշխարհային ցանցում նախընտրում էին որոնել վերջինիս օգնությամբ։ comScore-ի տվյալներով՝ 2009թ. Yandex–ը որոնողական հարցումների քանակով աշխարհի առաջատար տասնյակի 7-րդ հորիզոնականում էր։ Առաջին եռյակում Google-ն է, Yahoo!-ն ու Baidu-ն։
Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։
Հեղափոխական այս նորարարության շնորհիվ հայերեն լեզվով կայքերը փաստորեն հասանելի են դառնում միջազգային հանրության համար։ Մյուս կողմից, ցանկացած հայ դպրոցական, ուսանող և շարքային քաղաքացի կարողանում է օգտվել ինտերնետային կայքերի մեծամասնությունից, անգամ եթե չի տիրապետում օտար լեզվի։
Թեև թարգմանությունների որակը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ, սակայն, հաշվի առնելով մյուս լեզուների պարագայում արձանագրված որակական արագ աճը, կարելի է հուսալ, որ այն աստիճանաբար կբարելավվի։
«Գուգլ թարգմանչի» ամբողջական ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելով http://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension)։ Վերջինս, բրաուզերի վերին հատվածում ավելացվելու դեպքում, թույլ է տալիս ավտոմատ կերպով թարգմանել ձեր այցելած էջերը ցանկացած լեզվից ձեր նախընտրած լեզուն։
Հայտնի են դարձել ինտերնետային «Օսկարի» հաղթողների անունները 06.05.2010թ.
ԱՄՆ–ում հայտարարվել են Webby Awards–ի հաղթողների անունները, որը համարվում է ինտերնետային աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Twitter միկրոբոգային ծառայությունը ճանաչվել է լավագույնը «Պրակտիկա» անվանակարգում։ Միանգամից հինգ անվանակարգերում հաղթող է ճանաչվել The New York Times թերթի ինտերնետային կայքը։ Տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել National Geographic ամսագիրը, CBS հեռուստաընկերությունը, Sundance–ը և HBO–ն։
Ռուս հաքերները կոտրել են Facebook–ն ու վաճառքի հանել 1,5 մլն օգտատերերի ծածկագրերը 26.04.2010թ.
Ռուս հաքերը վաճառքի է հանել աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի 1,5 մլն օգտատերերի լոգիններն ու ծածկագրերը։ Ռուսալեզու ֆորումում սոցիալական ցանցի ծածկագրերի վաճառքով զբաղվում է օգտատեր Kirllos-ը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։ 1000 օգտատիրոջ տվյալների համար հաքերն ուզում է 25 դոլարից մինչև 45 դոլար։ Մինչև հիմա նրան հաջողվել է վաճառել արդեն 700 հազ. անձնական տվյալ։
Facebook-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ այժմ իրենք ստուգում են այդ տվյալները։ Եթե այդ վարկածը հաստատվի, ապա կթողարկվի վերականգնման սովորական գործընթաց, որպեսզի օգտատերերը կրկին մատչում ունենան իրենց էջերին։
Նշենք, որ սա տվյալների արտահոսքի արդեն երկրորդ նման դեպքն է ապրիլ ամսվա ընթացքում։ Վերջերս Gmail-ի հազարավոր օգտատերեր հայտնաբերել էին, որ իրենց էլ. փոստարկղերից սպամ է տարածվում։
Եթե իրականում Facebook-ում հաքերները կոտրել են 1,5 մլն անձնական էջ, ապա նրանց տրամադրության տակ են յուրաքանչյուր 270-րդ օգտատիրոջ տվյալները։
«Ինտերնետը Հայաստանում» 2010թ. մարտ ամսվա զեկույց 22.04.2010թ.
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ «Circle.am» և «Բիզնես 24» նախագծերը համատեղ հրապարակում են «Ինտերնետը Հայաստանում» ամենամսյա զեկույցը: Երկրորդ՝ մարտ ամսվա զեկույցում ներկայացված են Հայաստանի առաջատար 10 պրովայդերները, առաջատար 100 կայքերը, ամփոփվել է կայքերի՝ Հայաստանից այցելությունների չափաբաժինը, հայկական համացանցային շուկայում գովազդի վիճակը, վերլուծվել է ամենից շատ այցելվող կայքերի տեսակներն ու պատճառները, ներկայացվել են այլ տվյալներ, վերլուծություններ:
Ըստ զեկույցի տվյալների փետրվարի վերջին օրերին «Circle.am» ռեյտինգային համակարգում գրանցված «Կրթական համալիր էջ» պորտալը մարտ ամսվա ցուցանիշներով հայտնվել է առաջատար 100 կայքերի ցանկում՝ 56-րդ հորիզոնականում, այդ ամսվա ընթացքում գրանցելով 34.982 այցելություն:
Բացի «Կրթական համալիր էջ» պորտալից, կրթական ոլորտի կայքերից ցանկում են հայտնվել հայկական էլեկտրոնային գրադարանի Armenianhouse.org կայքը (63-րդ հորիզոնական, 29.723 այցելություն), ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը (70-րդ հորիզոնական, 25.252 այցելություն), հայոց լեզվի մասին նյութեր պարունակող hayeren.hayastan.com կայքը (74-րդ հորիզոնական, 23.593 այցելություն), usum.am ուսանողական պորտալը (79-րդ հորիզոնական, 21.425 այցելություն), «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի կայքը (90-րդ հորիզոնական, 17.071 այցելություն): «Կրթություն և գիտություն» անվանակարգի կայքերում ըստ այցելությունների թվի առաջին տեղն է զբաղեցնում «Կրթական համալիր էջ» պորտալը:
Զեկույցի «Հայաստանյան այցելություններ» բաժնում նշված է, որ «Կրթություն և գիտություն» անվանակարգում գրանցված կայքերում Հայաստանից եղել է 137.451 այցելություն, որը կազմում է ընդհանուր այցելությունների 61.72%-ը (ըստ մեր հաշվարկի ստացվում է, որ այս ոլորտի կայքերում այցելությունների ընդհանուր քանակը մոտավորապես 222.700 է):
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Բիզնես 24» նախագծի կայքում:
Համակարգիչներ արտադրողները դուրս են գալիս ճգնաժամից 19.04.2010թ.
Անհատական համակարգիչների ինդուստրիան դուրս է գալիս ճգնաժամից: 2010 թվականի հունվար-մարտին համակարգիչներ արտադրողները գրեթե մեկ քառորդով ավելի շատ արտադրանք են վաճառել, քան մեկ տարի առաջ: Փորձագետների կարծիքով` դա տեղի է ունեցել շնորհիվ հավասարապես պահանջարկի զգալի աճի ինչպես սպառողների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների կողմից:
IDC վերլուծական ֆիրմայի տվյալներով` 2010 թվականի առաջին եռամսյակում համակարգիչների վաճառքների աճը կազմել է 24 տոկոս: Առաջին եռամսյակի արդյունքները գերազանցել են 2009 թվականի չորրորդ եռամսյակում (աճը կազմել է 15 տոկոս) եւ անցյալ տարվա հունվար-մարտին վաճառքների (կրճատվել է 7 տոկոսով) ցուցանիշները: Առաջին եռամսյակում իրացման ծավալները մեծացել են երկու հիմնական ուղղություններով` աճել են ինչպես ստացիոնար համակարգիչների, այնպես էլ նոութբուքերի վաճառքները:
Ընդսմին ընկերության վերլուծաբաններն ուշադրություն են դարձրել այն բանին, որ մինչ այդ դեսքթոփերի վաճառքները նվազում էին 2008 թվականի երրորդ եռամսյակից ի վեր: Ճյուղում վաճառքների աճի կարեւոր գործոններից մեկը դարձել է Windows 7-ի շուկաներ մտնելը, որը թե փորձագետները, թե օգտատերերը շատ ավելի բարձր են գնահատել, քան դրան նախորդած Windows Vista պլատֆորմը:
Բացի այդ, ինչպես նշում են վերլուծաբանները, շատ երկրներում համակարգիչների կորպորատիվ հավաքակազմերը բարոյապես հնացել են, եւ եկել է դրանք արմատապես նորացնելու ժամանակը: Անհատական համակարգիչների առաջատար մատակարարներն առաջին եռամսյակում քիչ թե շատ պահպանել են շուկայի իրենց բաժինները: Hewlett-Packard Co.-ն պահպանել է համաշխարհային առաջատարի դիրքը, նրան է պատկանում համաշխարհային շուկայի 19,7 տոկոսը: 13,6 տոկոսով երկրորդ տեղն զբաղեցրել է Acer-ը, երրորդը` Dell-ը (13,3 տոկոս):
Առաջին հնգյակում տեղ են գրավել նաեւ Lenovo-ն եւ Toshiba-ն` համաշխարհային շուկայի համապատասխանաբար 8,8 տոկոս եւ 5,8 տոկոս բաժնեմասերով: Apple Inc.-ն անցած եռամսյակում վերահսկում էր համակարգիչների ամերիկյան շուկայի 6,4 տոկոսը, բայց համաշխարհային մակարդակով չմտավ առաջին հնգյակ: IDC-ն վաճառքների աճի տեմպերի դանդաղում է կանխատեսում 2010 թվականի երկրորդ-չորրորդ եռամսյակներում: Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում անհատական համակարգիչների վաճառքները, ինչպես սպասվում է, կաճեն 15 տոկոսով:
Համակարգիչների թիվ մեկ թշնամի «ճիճուն» 16.04.2010թ. Մարտ ամսին համակարգչային համաշխարհային սպառնալիքների վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Win32/Conficker «որդը», որի տարածվածության ցուցանիշը 10.32% է: Այն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայի (19.68%), Գերմանիայի (10%), ԱՄԷ (9,93%) և Ֆինլանդիայի (9.65%) սպառողների մոտ: Այս տվյալները բերում է Eset ընկերությունը: Վնասակար ծրագրերի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է INF/Autorun վարակը տարածվածության 8.42%-ով: Ավելի հաճախ այն հանդիպում է Հարավաֆրիկյան հանրապետության (11,88%), Ֆրանսիայի (8,95%) և Սլովակիայի(7,48%). բնակիչների համակարգիչներում։
Blu-ray-ը 128 գիգաբայթ հզորությամբ սկավառակներ կթողարկի 05.04.2010թ. Blu-ray Disc Association կազմակերպությունը հայտարարել է երկու նոր սկավառակների՝ BDXL-ի եւ IH-BD-ի թողարկման մասին։
Առաջին մշակումը թույլ կտա թողարկել մեկանգամյա ձայնագրության հնարավորությամբ 100 եւ 128 գիգաբայթ ծավալով սկավառակներ։ Այդպիսի ծավալը հնարավոր է դառնում սկավառակի վրա եղած երեք-չորս շերտերի շնորհիվ։
Երկրորդ ձեւաչափը ենթադրում է երկշերտ սկավառակի արտադրություն, ընդ որում՝ մեկ շերտը մի քանի անգամ ձայնագրելու հնարավորություն է ընձեռում, մյուսը՝ ոչ։
Երկու ձեւաչափերն էլ նախատեսված են շուկայի հատուկ հատվածների համար։ BDXL եւ IH-BD սկավառակների ձայնագրությունը վերարտադրելու համար պետք կլինեն նոր հաղորդակներ։
Հայկական կայքերի հոսթինգը կտեղափոխվի՞ Հայաստան 05.04.2010թ. Հայաստանում ներքին տրաֆիկի փոխանակման հնարավորությունների մեծացման դեպքում հայկական կայքերի հոսթինգը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին ասաց «Արմիքս» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ալբերտ Տոնեյանը՝ ավելացնելով, որ այժմ Հայաստանում ներքին ցանցի հզորացման եւ տրաֆիկի արագ փոխանակման խնդիրներն են լուծվում։
Ըստ նրա՝ Հայաստանի ներսում դրսի տրաֆիկի, այսինքն՝ ինտերնետի օգտագործված ծավալի գինը համապատասխանում է արտասահմանյան տրաֆիկի գնի հետ, ինչը վերջին տարվա ընթացքում ինտերնետի շուկայում կատարված փոփոխությունների արդյունքում է տեղի ունեցել։
Ըստ Հայաստանում ինտերնետային կայքերի հաճախելիության վիճակագրությամբ զբաղվող Circle.am ընկերության՝ այս տարվա փետրվարի տվյալների համաձայն, նույն ցանցում գրանցված հայկական կայքերի 76 տոկոսի հոսթինգն իրականացվում է արտասահմանում։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հայկական կայքերը նախընտրում են արտասահմանում հոսթինգն իրականացնել, ոչ թե Հայաստանի ներքին ցանցի ցածր թողունակության պատճառով, այլ հիմնականում մատչելի եւ որակյալ ծառայություն գտնելու համար։ Օրինակ՝ հայաստանյան շուկայում հայտնի Arminco ընկերությունը առաջարկում է ամսական 50 Գբ անվճար ծավալ, սակայն նշված թրաֆիկի լրանալու դեպքում յուրաքանչյուր հավելյալ Գբ դիմաց 1000 դրամ հավելավճար պետք է վճարվի։ NEWS.am կայքը, որը չի պարունակում մեծ ծավալի ինֆորմացիա, օրինակ՝ վիդեոֆայլեր, ամսական սպառում է 200 Գբ ինֆորմացիա, իսկ հայկական վիդեոֆայլեր պարունակող հայտնի կայքերը բնականաբար 200 Գբ-ից մի քանի անգամ ավելի թրաֆիկ են սպառում։ Փաստորեն, եթե NEWS.am-ի հոստինգը կատարեր Arminco-ն, պետք է ընկերությունից 150 հազար դրամ գումար ստանար։ Համեմատության համար նշենք, որ արտասահմանյան հոսթինգ ծառայություն մատուցող ընկերություններում «սահմանափակ թրաֆիկ» հասկացությունը վաղուց արդեն վերացել է, իսկ ծառայության դիմաց գանձվող ամենամեծ գումարը չի անցնում ամսվա ընթացքում 10 դոլարը։ Այնպես որ, եթե հայկական հոսթինգ ծառայություն մատուծող ընկերությունները առաջիկայում չվերանայեն գնային քաղաքականությունը, հազիվ թե հայկական շուկայում տիրող վիճակի զգալի փոփոխություն նկատվի։
Ստեղծվել է հայկական կայքերի որոնման առաջին մասնագիտացված համակարգը 25.03.2010թ.
Ստեղծվել է հայկական և հայալեզու ինտերնետային կայքերի որոնման առաջին մասնագիտացված համակարգը՝ Hanguyc search-ը կամ Hsearch-ը, որը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել հայկական կայքերին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը` ավելացնելով, որ ազգային որոնման համակարգի առկայությունը ունի նաեւ ռազմավարական նշանակություն:
«Պետք է ունենալ սեփական կամ ազգային որոնողական համակարգ, քանի որ, օրինակ` եթե Google-ին անհրաժեշտ լինի, որպեսզի հայկական էջերը չլինեն, նա պարզապես կջնջի դրանք, եւ Հայաստանը դուրս կմնա այդ համակարգից»,- ասաց Աբրահամյանը` ավելացնելով, որ սեփական տվյալների բազայով որոնողական համակարգ գոյություն չունի, իսկ գոյություն ունեցողները օգտագործում են այլ որոնողական համակարգերի ստեղծած բազան:
«Հայկական որոնման համակարգի շնորհիվ կարելի է շատ արագ գտնել ցանկացած հայերեն տեղեկատվություն, անգամ փնտրվող բառի ներքին հոլովմամբ, օրինակ՝ „տուն“ կամ „ուշադրություն“ բառերը փնտրելիս համակարգը կբերի նաեւ տան եւ ուշադրության բառերի տարբերակները»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նոր համակարգի շնորհիվ հնարավոր կլինի unicode-ով հայերեն բառեր փնտրելու դեպքում, դրանք գտնել նաեւ fonetic-ով:
Աբրահամյանի խոսքով՝ հայկական որոնման համակարգը ունի մի շարք առանձնահատկություններ՝ կարելի է փնտրել ցանկացած բառ՝ ցանկացած կայքում, անգամ առանց տվյալ էջ մտնելու. պարզապես գրել կայքի հասցեն եւ փնտրվող բառը, իսկ արդյունքները կգտնվեն հենց այդ կայքից։
«Որոնման համակարգի բազան օրեցօր թարմացվում եւ ավելացվում է, եւ շուտով ինտերնետում չի մնա հայկական ոչ մի տարր, որ ընդգրկված չլինի „Հանգույցի“ բազայում»,- ասաց «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավարը։
Տեղեկացնենք, որ «Հանգույց» ստեղծագործական խումբը ձեւավորվել է 2003թվականին։
Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ վերջինն է տարածաշրջանում 22.03.2010թ.
Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ ամենաթույլ զարգացած երկիրը տարածաշրջանում։ 2008թ. ցուցանիշներով՝ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմել է 191 հազ.։ Նախորդ տարվա համեմատ՝ օգտատերերի թիվն ավելացել էր ընդամենը 3,2%–ով։ Հաշվետու տարում Հայաստանը դասվել է այն երկրների շարքը, որտեղ ինտերնետից օգտվողների թիվը 100 հազ. բնակչության հաշվով կազմել է 6-10 մարդ։ Այդ երկրներից են, օրինակ Նիգերիան, Սուդանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը։ Մեր հարևաններից Վրաստանը դասվել է այն երկրների շարքը, որտեղ 100 հազ. բնակչի հաշվով ինտերնետից օգտվում է 16–20 մարդ, իսկ Ադրբեջանում՝ 26-30 մարդ։ Այս մասին տեղեկանում են BBC–ի կազմած ինտերնետ հասանելիության քարտեզից։
Թուրքիայում և Իրանում 100 հազ. բնակչի հաշվով ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 31–ը։
Ուշագրավ է, որ, օրինակ, Վրաստանում, նախորդ տարվա համեմատ, ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 2,85 անգամ՝ գերազանցելով մեկ միլիոնը։ Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 57,3%-ով՝ կազմելով շուրջ 2.45 մլն։ Թուրքիայում և Իրանում ինտերնետ օգտագործողների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է համապատասխանաբար 15,6%-ով և 78%-ով։
Ինտերնետ հասանելիությանը Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում, կարելի է ասել, բավական թույլ է զարգացել։ Օրինակ՝ 1998թ. Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը կազմում էր 4 հազ., Վրաստանում՝ 5 հազ., իսկ Ադրբեջանում՝ 3 հազ.։ Այսինքն, այս երեք հանրապետությունները, կարելի է ասել, ունեցել են միևնույն թվող ինտերնետ օգտագործողներ։
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է ընդամենը 47,75 անգամ։ Վրաստանում և Ադրբեջանում ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է, համապատասխանաբար, 814 անգամ և 204 անգամ։
Circle.am-ում գրանցված հայկական կայքերի 76%-ի հոսթինգը գտնվում է արտասահմանում 22.03.2010թ.
Circle.am-ում գրանցված հայկական կայքերի 76%-ի հոսթինգն գտնվում է արտասահմանում։ Այս մասին նշված է Circle.am-ի եւ Բիզնես24-ի համատեղ «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում։ Ըստ այդմ՝ Circle.am ինտերնետային վիճակագրական կայքում գրանցված հայկական կայքերի միայն 24%-ի հոսթինգն է Հայաստանում իրականացվում:
Վերլուծության տվյալներով՝ հոսթինգ ծառայություններ տրամադրող հայկական ընկերությունների շարքում առաջատարը «Արմինկո» ընկերությունն է:
Նշենք, որ հայկական ինտերնետային նախագծերի կեսից ավելին (53%) գերադասում են գրանցվել .am դոմեն տիրույթում: Կայքերի 27%-ը գրանցված է .com, 8%-ը`.ru, 3%-ը` .net, իսկ 9%-ը` այլ դոմեն տիրույթներում:
Ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը 12.03.2010թ.
Այժմ Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայում ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Linux-ի հայկականացված տարբերակը՝ Նուռ Linux-ը, ոչ թե հայերեն ինտերֆեյս է ունենալու, այլ հարմարեցված է լինելու հայ օգտագործողների կարիքներին։
«Նուռ Linux-ը իր մեջ հայկական տարրեր կունենա, օրինակ՝ ավելացնելու ենք ոչ unicode հայերեն կոդավորման հնարավորությունը (armscii), որը ի սկզբանե Linux-ը չուներ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այլ օպերացիոն համակարգերի պարագայում հայերեն գրելու համար նոր ծրագիր է անհրաժեշտ տեղադրել, իսկ Linux-ի հայկականացված տարբերակի պարագայում նմանատիպ հարցեր չեն առաջանա։
«Linux-ի հայկականացված տարբերակը հնարավորություն կտա հայերեն գրել, ոչ unicode էլեկտրոնային փաստաթղթերը դարձնել unicode եւ հակառակը՝ առանց հավելյալ ծրագրերի կիրառման»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բացի նշված հնարավորությունից օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կպարունակի նաեւ որոշ նոր ծրագրեր, մասնավորապես՝ խաղեր, նվագարկիչի հեռակառավարման ծրագիր եւ այլն։ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այժմ կատարված է աշխատանքի շուրջ 80 տոկոսը, իսկ համակարգի հայկականացված տարբերակը ամբողջովին պատրաստ կլինի արդեն ամռանը։
MySpace-ը ձգտում է գերազանցել Facebook-ին 11.03.2010թ.
MySpace սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է մի քանի անգամ մեծացնել լսարանը՝ օգտատերերի քանակը հասցնելով մինչև 200-300 մլն-ի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Առաջիկա մի քանի ամիսներին MySpace ընկերությունը կսկսի մաս առ մաս ձևափոխել իր կայքը։ Նման կերպ MySpace-ի ղեկավարությունը հույս ունի կրճատել Facebook սոցիալական ցանցի հետ տարբերությունը, որի լսարանը գերազանցում է 400 մլն-ը։ MySpace-ի ռազմավարական նպատակն է առաջ անցնել մրցակցից։
Կայքի նոր տարբերակը կունենա երաժշտական և մեդիա բովանդակություն: Նշենք, որ 2010թ. հունվարի դրությամբ՝ MySpace-ն ուներ 119,6 մլն օգտատեր։
2-րդ տարին է, ինչ ինդեքսի առաջին տասնյակը գլխավորում է Շվեդիան: Տասնայկի մեջ են նաև Լուքսեմբուրգը, Կորեան, Նիդերլանդները, Իսլանդիան, Շվեցարիան, Ճապոնիան, Նորվեգիան և Անգլիան: Իսկ վերջին` 159-րդ հորիզոնականում է Չադը: Սակայն Միջազգային հեռահաղորդակցման միության կատարած ՏՀՏ զարգացման ինդեքսը փոքր-ինչ անվստահություն է ներշնչում: Ինչո՞ւ: Որովհետև Չինաստանն ու Վրաստանը գրեթե նույն հարթության վրա են` մի նիշի տարբերությամբ: ՉԻնաստանը 79-րդ տեղում է, իսկ Վրաստանը` 80-րդ: Վրաստանը նույնիսկ ավելի զարգացած երկիր է, քան Իրանը: Իրանն ընդամենը 84-րդ տեղում է` 4 ցուցանիշով ցածր Վրաստանից: ՄՀՄ-ի հավաստմամբ` ուսումնասիրությունը կատարվել է 11 չափանիշների հիման վրա, որոնք չափում են ՏՀՏ զարգացման աստիճանը և ժամանակը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների դեպքում:
YouTube-ը շարունակում է հիացնել. ավտոմատ ենթագրեր՝ անգլերեն տեսահոլովակներում 09.03.2010թ.
YouTube ինտերնետային կայքում զետեղված տեսահոլովակները ավտոմատ կարգով կհամալրվեն նոր ենթագրերով։ Նոր համակարգը ստեղծվել է Google Voice տեխնոլոգիայի հիման վրա։ Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը։
Անցյալ տարվա նոյեմբերին YouTube-ն սկսել էր ավտոմատ կարգով ավելացնել տեքստային ենթագրեր սահմանափակ թվով տեսահոլովակների համար։ Մի քանի ամիս անց անգլերեն լեզուն ավտոմատ հասկացող համակարգը հասանելի էր բոլոր տեսահոլովակների համար։ Ըստ ծառայության հեղինակների՝ ենթագրերի նման համակարգը մեծ պահանջարկ կվայելի խուլ մարդկանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն։
Ավտոմատ թարգմանչի ծառայության շնորհիվ, բացի անգլերենից YouTube–ում ավտոմատ ենթագրեր հասանելի կլինեն նաև այլ լեզուներով տեսահոլովակների համար
Կարեն Վարդանյանի կարծիքով` ՏՏ ոլորտում Հայաստանին թռիչք է հարկավոր 02.03.2010թ.
«Հետքի» հարցերին պատասխանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Պրն Վարդանյան, ըստ Ձեզ, որո՞նք են անցնող տարվա ՏՏ ոլորտի ձեռբերումները և կորուստները: ՏՏ ոլորտն այնքան մեծ ու տարբեր է, որ ես դժվարանում եմ ասել: Ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում ոչ թե բիզնես խնդիրներին, այլ կոնսոլիդացիային: Կոնսոլիդացիան դրական է գնահատվում: Որքան ոլորտը կոնսոլիդանում է, այնքան ազդեցությունը մեծանում է: Նույն ՊԵԿ-ի հետ հաջողությունը կապված է ոլորտի մեծանալու հետ: Այսինքն` ինչքան ոլորտը կոնսոլիդանում է, այնքան ավելի հետաքրքիր համագործակցություն է ստեղծվում երկրի տարբեր ճյուղերի հետ: Պետք է նշել, որ տարվա վերջին ինտերնետի գներն իջան, բայց միևնույն ժամանակ որակն ընկավ: Այսինքն` այս տարի ինտերնետի որակը պետք է բարձրացնել, որը մեր առաջնահերթություններից մեկն է:
Համաձայն Գլոբալ տնտեսական ֆորումի զեկույցի` Հայաստանը ՏՏ ոլորտում 2009թ-ին 114 հորիզոնականն է զբաղեցրել: Ի՞նչու ենք նման ցուցանիշ ապահովել:
Ես կարծում եմ, որ այս տարի մենք մոտ 10 հորիզոնականով կբարելավենք մեր դիրքերը` մոտնենալով գոնե 100-րդ հոիզոնականին: Պետք է մտածել, թե որն է մեր ռազմավարական խնդիրը, որպեսզի հասկանալ, թե ինչն այնպես չէ: Մենք լավ արտադրանք ենք առաջարկում թե’ մեր երկրում, թե’ դրսում, բայց դժվար կամ դանդաղ ենք առաջ շարժվում:
114-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ, փաստ է մնում, իսկ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 60 և 88-րդ տեղերը: Ինչպիսի՞ համեմատական կարող եք տալ:
Կարծում եմ` համեմատությունը սխալ է: Երբ մենք սկսում ենք համեմատվել հարևանների հետ, մենք մնում ենք այդ ճղճիմ տեղերում: Խոսքը պետք է վերաբերի թռիչքին, որովհետև մենք այդ հարևաններից սովորելու բան չունենք: Պետք է սովորել լավագույն երկրներից և թռիչք կատարել: Սա նաև այն խորհուրդն էր, որ Սինգապուրի նախագահը տվեց մեզ, երբ եկել էր Երևան:
Պետք է ֆիքսենք, որ մենք այսօր այս կետում ենք և ֆիքսենք, թե 15 տարի հետո որտեղ ենք ուզում լինել, և բոլորս միասին քրտնաջան աշխատենք:
Ձեր կարծիքով` Հայաստանը գոնե 60-րդ հորիզոնականին քանի՞ տարի հետո կարող է մոտենալ:
Նայած տրամադրության. եթե տրամադրությունը բարձր լինի, կարող է մեկ տարվա մեջ էլ հասնենք: Այսինքն` մենք հասարակական տրամդրություն պետք է ստեղծենք, որ մարդիկ ունակ են լուրջ ձեռքբերումների, որ մարդիկ պետք է նպատակներ դնեն և հասնեն այդ նպատակներին, և քաջալերենք բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակներ են դրել դրական դաշտերում և հասել են, այլ ոչ թե գրենք սենսացիոն կամ PR գործերի մասին: Ինչքան մենք գրում ենք PR անելով, այնքան մենք խրվում ենք: Սա բոլորի խնդիրն է, ոչ մեկը չկա, որ խաղից դուրս է:
Այդ դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ դրական գնահատականները չափազենցված են և չեն համապատասխանում իրական վիճակին:
Կա երկու բան. կա 6 հազար ինժեներ, որոնց արտադրողականությունը շատ բարձր է, մոտ է ամենաբարձր երկրների ինժեներների արտադրողականությանը, և նրանք տալիս են բարձր տեխնոլոգիական լուծումներ, և դա արտահանվում է: Եվ կա Հայաստան, որը չի օգտագործում դա: Օրինակ` մենք ունենք ասֆալտի գործարան, բայց ասֆալտը փռում ենք Պարսկաստանում, մեր ճանապարհների վրա ասֆալտ չենք փռում: Բայց եթե խոսքը վերաբերում է մեր ասֆալտի գործարանին, մերի որակը լավն է: Այս երկու խնդիրը պետք է իրարից զատել:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ