22.03.2007թ. Մարտի 21-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի ունեցավ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունից Կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի փոխանցմանը նվիրված հանդիպում-խորհրդակցություն, որի նպատակը փոխանցման հիմնահարցերի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բ.Եսայանը, ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Թ.Ֆիներթին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Կ.Հարությունյանը, Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դ.Սիմփսոնը, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը և նշված կազմակերպությունների աշխատակիցները:
20.03.07թ. 2007 թվականի մարտին լրանում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀ) հայաստանյան մասնաճյուղի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենների միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը, համաձայն որի ԿՏԱԿ-ին անհատույց տրամադրվեցին ԲՀԻՕՀ-ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ստեղծված էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները` դպրոցներում ներդնելու նպատակով: 2006 թվականի փետրվարի 15-ից մինչև 2007 թվականի մարտի 20-ը ժամանակահատվածում ԿՏԱԿ-ի աշխատակիցները վերոհիշյալ էլեկտրոնային ձեռնարկները ներդրեցին Հայաստանի մարզերի 572 դպրոցներում: Ձեռնարկների ցանկը և նվիրառու դպրոցների ցուցակը
09.03.2007թ.ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 408-Ն որոշմամբ հիմնադրվեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի 3-ամյակի առթիվ շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր-տնօրեն պարոն Էդվարդ Հովսեփյանին և բոլոր աշխատակիցներին:
09.03.2007թ. Մարտի 7-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը և ԿՏԱԿ-ի համակարգիչների շրջանառու համակարգի ղեկավար Բ.Ղիասյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղում հանդիպեցին փոխնախագահ Վ.Աղայանի և աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության և փոխադարձ օժանդակության հարցերը:
26.02.2007թ. Սույն թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս.Մինասյանը և Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դ.Սիմփսոնը ստորագրեցին ««Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի տնօրինումը, շահագործումը և կառավարումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը փոխանցելու մասին» պայմանագիրը: Պայմանագրով նախատեսվում է, որ մինչև 2007թ. հուլիսի 1-ը Փրոջեքթ Հարմոնին Կրթության և գիտության նախարարությանը կհանձնի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) դպրոցների ինտերնետ ցանցը, այդ թվում` դպրոցների ինտերնետ-համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) համակարգչային և կապի սարքավորումները, կապի մարզային հանգույցները և ցանցի կենտրոնական հանգույցը: Ընդ որում, ԻՀԿ-ների սարքավորումները որպես նվիրատվություն կհանձնվեն դպրոցներին, իսկ կապի մարզային և կենտրոնական հանգույցների սարքավորումները` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Պայմանագրով նախատեսվում է նաև, որ ՀԴՓԾ-ի փոխանցումից հետո Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցի սպասարկումը, կառավարումը և այդ ցանցի համակարգչային սարքավորումների պահպանումը կստանձնի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
21.02.2007թ. Այսօր, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն` մարզային աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության նպատակն էր 2006թ. կատարված աշխատանքների ամփոփումը և 2007թ. աշխատանքային ծրագրի ներկայացումը, հունվար-փետրվար ամիսներին կատարված և ընթացիկ աշխատանքների քննարկումը: Խորհրդակցության ընթացքում մտքերի փոխանակություն ծավալվեց «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի չորրորդ փուլում դպրոցների ընդգրկման և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից ԿՏԱԿ-ին անհատույց տրամադրած էլեկտրոնային ձեռնարկների հետագա տարածման, դպրոցներում առկա համակարգիչների օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման և համապատասխան ռազմավարության մասին` հիմք ընդունելով ԿՏԱԿ-ի Հայաստանի դպրոցների համակարգչային հագեցվածության շտեմարանի տվյալները:
16.02.2007թ.ՏՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ
Տնօրհնեքի արարողությունը գալիս է առաքելական շրջանից: Քահանան տուն մտնելով տալիս է Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և իր քահանայական իշխանությամբ ու աստվածային հրամանով օրհնում տան ջուրը, հացը և աղը: Փետրվարի 16-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տնօրհնեքի արարողությունը կատարեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը:
12.02.2007թ. Փետրվարի 9-ին Ծաղկաձորում կազմակերպվեց «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունից և «Հարմոնիա» հիմնադրամից Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) փոխանցմանը նվիրված հանդիպում, որի նպատակը ծրագրի տեխնիկական փոխանցման հետ կապված հիմնահարցերի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լ.Մկրտչյանը, փոխնախարար Բ.Եսայանը, ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Թ.Ֆիներթին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Կ.Հարությունյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը, Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դ.Սիմփսոնը, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը, կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ:
06.02.2007թ. «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում փետրվարի 5-ին կազմակերպվեց այց Արմավիրի մարզ, որի նպատակը ՀԴՓԾ-ի ծրագրային և տեխնիկական բաղադրիչների ներկայացումն էր: Մասնակիցները` Կրթության և գիտության նախարար Լ.Մկրտչյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար, փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Կ.Հարությունյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա.Գրիգորյանը, Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դ.Սիմփսոնը, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը, ԱՄՆ դեսպանատան և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները մարզի կրթական պատասխանատուների հետ այցելեցին մի քանի դպրոցներ, եղան դպրոցների ինտերնետ-համակարգչային կենտրոններում (ԻՀԿ), ծանոթացան ԻՀԿ-ների աշխատանքներին, դիտեցին ստեղծված կրթական պաշարները: Այցելուները Արմավիրում հանդիպեցին ինտերնետ մատակարարի հետ, եղան տարածքային կապի հանգույցում, ծանոթացան ինտերնետ մատակարարի աշխատանքային ծավալին ու կարողությանը, մարզի տեխնիկական խնդիրներին ու լուծման հնարավոր տարբերակներին:
05.02.2007թ. Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին ԿԱԻ-ի համաժողովների դահլիճում կազմակերպվեց ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի լուծումներ, արտադրանք և ծառայություն առաջարկող առաջատար ընկերություններից մեկի` «Կվազար-միկրո» միջազգային ընկերության (www. kvazar-micro.com) կրթական համակարգի տեղեկատվայնացման համար առաջարկվող համակարգերը (www.edu.kvazar-micro.com) լուսաբանող շնորհանդես:
05.02.2007թ. Փետրվարի 2-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կրթական ծրագրերի ղեկավար տիկին Ա.Պողոսյանը: Ծրագրի ղեկավարը ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և սպասարկման աշխատանքների ղեկավար Ա.Հովսեփյանի հետ քննարկեց «Նախադպրոցական կրթության կառավարման համակարգի» էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված հարցերը:
31.01.2007թ. 2007 թվականի հունվարի 30-ին, կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կոլեգիալ կառավարման խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց և հաստատեց ԿՏԱԿ-ի 2006թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, 2007թ. աշխատանքային ծրագիրը, նախահաշիվը և հաստիքացուցակը: Նիստի նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ >>>
19.01.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2006 թվականի դեկտեմբերին կատարել է ուսումնասիրություն` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀ) օժանդակությամբ ստեղծված և ԿՏԱԿ-ի կողմից դպրոցներում ներդրված էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից ստացված արձագանքներում գերիշխում են հետևյալ կարծիքները. - ձեռնարկի առկայությունը հետաքրքիր է դարձնում դասի ընթացքը, - ձեռնարկներն անհրաժեշտ են թեմաների ամփոփման ժամանակ` նպաստում են ուսումնասիրված նյութի յուրացմանը, - վիրտուալ լաբորատորիաները, միջոցների սղության կամ բացակայության պայմաններում, լրացնում են իրական լաբորատոր փորձերի և գործնական աշխատանքների պակասը, - տվյալ առարկայի ուսուցմանը զուգահեռ ձեռնարկները նպաստում են նաև համակարգչային գիտելիքների յուրացմանը, - էլեկտրոնային ձեռնարկներն, ընդհանուր առմամբ, նպաստում են դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային ձեռնարկներն օգտագործողները նշել են, որ կցանկանային ունենալ` - էլեկտրոնային ձեռնարկներ և վիրտուալ լաբորատորիաներ տարբեր ուսումնական առարկաներից` հիմնականում միջին և ավագ դպրոցների համար (առանձնացնում են են հայոց լեզու և գրականություն, հայոց և ընդհանուր պատմություններ, ֆիզիկա և աշխարհագրություն առարկաները), - թեմաների յուրացման ստուգման համար նախատեսված առավել ընդգրկուն և հնարավորինս շատ թեստային առաջադրանքներ: Օգտագործողներից մեկը նշել է ինֆորմատիկա առարկայի էլեկտրոնային ձեռնարկի ոչ լիարժեք համապատասխանությունը դպրոցական ծրագրին, առաջարկել է, որ պատմության և աշխարհագրության ձեռնարկները պարունակեն ճարտարապետական կոթողների նկարներ, ճակատամարտերը պատկերող քարտեզներ: Բոլոր օգտագործողները շնորհակալություն են հայտնում ԲՀԻՕՀ-ին և ԿՏԱԿ-ին: ԲՀԻՕՀ-ին ուղղված 17.01.2007թ. նամակում ԿՏԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԲՀԻՕՀ-ի հետ` էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ստեղծման և դպրոցներում դրանց ներդրման գործում:
20.12.2006թ. Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀ) հայաստանյան մասնաճյուղում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը, աշխատակիցներ Ա.Կուլախսզյանը և Մ.Ավետիսյանը աշխատանքային հանդիպում ունեցան ԲՀԻՕՀ–ի կրթական ծրագրերը համակարգող Ա.Թադևոսյանի հետ, որի ընթացքում քննարկվեց Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված, Կրթության ազգային ինստիտուի կողմից երաշխավորված և հիմնադրամի կողմից ԿՏԱԿ-ին անհատույց տրամադրած էլեկտրոնային դասագրքերի տարածման գործընթացը: ԿՏԱԿ-ի մարզային աշխատակիցների ջանքերով 2006 թվականի ընթացքում հայաստանյան 477 դպրոցների էլեկտրոնային գրադարաններ հարստացել են կրթական պաշարների փաթեթով, որն ընդգրկում է` Հայոց պատմություն (5-րդ դասարան), Կենսաբանություն (9-րդ և 10-րդ դասարան), Կենսաբանության լաբորատորիա (9-րդ դասարան), Քիմիա (9-րդ և 10-րդ դասարան), Քիմիայի վիրտուալ լաբորատորիա (7-րդ և 9-րդ դասարան), Էկոլոգիայի հիմունքներ, Ինֆորմատիկա (9-րդ և 10-րդ դասարան) էլեկտրոնային դասագրքերը: Ներկայումս, ԲՀԻՕՀ-ի պատվերով մշակման փուլում են գտնվում Ֆիզիկա (9-րդ դասարան), Հայոց պատմություն (5-րդ դասարան) և Ինֆորմատիկա էլեկտրոնային դասագրքերը: Ուսումնական գործընթացում էլեկտրոնային դասագրքերի օգտագործման արդյունավետությունը պարզելու և հետագա տարածումը շարունակելու նպատակով որոշվեց հավաքել և վերլուծել օգտագործողների առաջարկությունները, կարծիքները:
18.12.2006թ. Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը (ՀԴՓԾ) «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի կառավարությանը հանձնելու գործընթացի շրջանակներում ընթանում են հանդիպումներ և ձեռք բերվում համաձայնություններ` Փրոջեքթ Հարմոնիի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարների` Դ.Սիմփսոնի և Ա.Գրիգորյանի միջև: Նախատեսվում է, որ «ԱՄՆ կառավարության և նրա լիազոր կատարողների կողմից Հայաստանի կառավարությանը և տեղական կատարողներին Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի տնօրինման, շահագործման և կառավարման իրավասությունների փոխանցման համաձայնագրի» նախագիծը մինչև 2006թ. դեկտեմբերի 20-ը կներկայացվի Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը` փաստաթուղթը մյուս նախարարությունների հետ համաձայնեցնելու և Համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու նպատակով:
16.11.2006թ. «Առաջատար կրթական ծրագրեր» կազմակերպության կողմից առաջարկվում է հայաստանյան դպրոցներում ներդնել «Ընտանիք-կրթօջախ» համակարգը: ԿՏԱԿ-ի աշխատակիցները հանդիպեցին կազմակերպության գործադիր տնօրեն Ա.Յաղջյանի հետ: Քննարկման արդյունքում պարզվեց, որ ընթանում են համակարգի աշխատանքային կարգավորման և հայալեզու դարձնելու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, «Ընտանիք-կրթօջախ» համակարգի ներդրման շնորհիվ ընտանիք-կրթօջախ փոխադարձ կապը (էլեկտրոնային փոստի, հեռախոսային կարճ հաղորդագրությունների, ինտերնետային կայքի միջոցով) կդառնա հաճախակի և արդյունավետ:
15.11.2006թ. ԿՏԱԿ-ում աշխատանքնային հանդիպում տեղի ունեցավ "Microsoft" ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանի հետ: Պարոն Բարսեղյանը ծանոթացրեց կրթական ոլորտի համար "Microsoft" ընկերության կոզմից նախատեսված հնարավոր զեղչային համակարգին:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ