Փոխկապակցման ծրագիր Ստեղծվել է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն 24.05.2007թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ /առցանց տարբերակ/ Հուլիսի 1-ից ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանը կփոխանցի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ֆինանսավորումն ու ղեկավարումը, մինչ այդ այն իրականացնում էր «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։ Վերջինիս գործունեության 7 տարիների արդյունքը հայկական 330 դպրոցների համակարգչային զինման, ինտերնետային ցանցի ստեղծումն է։ Ծրագրին տրամադրվել է 12.5 մլն դոլար, հայկական կողմը հավելել է 362 մլն դրամ։ Ծրագրի շարունակության նպատակով ստեղծվել է հատուկ միավոր՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, այն ղեկավարում է Արեգ Գրիգորյանը։ «Մենք կվերցնենք նրանց տեխնիկական հենքը եւ հետագայում կհամագործակցենք նրանց մասնագետների հետ։ Պետբյուջեն արդեն յուրաքանչյուր տարի պահպանման ծախսեր է հատկացնելու։ Համաշխարհային բանկի մեր վարկային ծրագրում ունենք հատուկ տող՝ մնացյալ դպրոցները ծրագրին միացնելու համար։ Մեկ-երկու տարվա ընթացքում բոլոր դպրոցները կմտնեն այդ ծրագրի մեջ, բյուջեն այդ մասով գումար նախատեսել է»,-ասաց կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Փոխկապակցման ծրագիրը անհրաժեշտություն էր, քանի որ հատկապես մարզային, փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները ի զորու չէին գնելու համակարգիչներ, չունեին ինտերնետին տիրապետող ուսուցիչներ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ամփոփեց կատարված աշխատանքը. «Տարիներ շարունակ մենք համագործակցել ենք այս ցանցը համակարգող մարդկանց հետ, եւ մենք հպարտանում ենք այն աշխատանքով, որ կատարվել է։ Հայաստանի ապագայի համար շատ կարեւոր է, որ աշակերտները ծանոթ լինեն ինտերնետին եւ կարողանան հարմարավետ օգտագործել այն։ Հուլիսի 1-ից կրթության եւ գիտության նախարարությունը ամբողջությամբ վերցնում է դպրոցների փոխկապակցման ծրագրի ֆինանսավորման ամբողջական պատասխանատվությունը։ Եւ դա արդեն ձեր ուսուցիչների, դպրոցի անձնակազմի աշխատանքը կլինի»։ Երեկ տեղի ունեցած միջոցառման ավարտին «Փրոջեքթ Հարմոնին» պարգեւատրեց օնլայն համագործակցային ծրագրերին ակտիվորեն մասնակցած հայ ուսուցիչներին։ Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20070524_8&flag=am
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ֆինանսավորման եւ ղեկավարման փոխանցումը ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը 23.05.2007թ., «Լրագիր» առցանց պարբերական Փրոջեքթ Հարմոնի հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը (ՀԴՓԾ) ԱՄՆ կառավարությունից Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Փրոջեքթ Հարմոնին սերտորեն համագործակցում էր ՀՀ կառավարության հետ Հայաստանի դպրոցների փոխանցման ծրագիրը Փրոջեքթ Հարմոնիից ՀՀ կառավարությանը փոխանցելու հետ կապված հարցերով: Ծրագրի փոխանցման գործընթացը կազմակերպելու ընթացքում կնքվել է պաշտոնական համաձայնագիր առ այն, որ 2007 թ.-ի հուլիս ամսից սկսած ՀՀ Կրթություն եւ Գիտության նախարարությունը, որը վերջին երկու տարիներին համաֆինանսավորում էր ՀԴՓԾ-ն, կստանձնի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառմամբ կրթական նախաձեռնությունների իրականացման համար նախատեսված ՀԴՓԾ ենթակառուցվածքի եւ համակարգի կառավարումը: Նախարարության կողմից փոխանցումն իրականացնող լիազորված հաստատություն է ճանաչվել Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնը (ԿՏԱԿ), որը կսկսի ծրագրի իրականացումը 2007 թ. հուլիսի 1-ից: ԿՏԱԿ-ի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.ktak.am ինտերնետային կայքից: Փրոջեքթ Հարմոնին կշարունակի ապահովել ՀԴՓԾ-ի գործունեությունը մինչ 2007 թ. հունիսի 30-ը: Մինչ փոխանցման գործընթացի ավարտը, Փրոջեքթ Հարմոնին կշարունակի համագործակցությունը ՀԴՓԾ ցանցի դպրոցների հետ, ՏՀՏ-ների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացումը, կխրախուսի համագործակցությունը ԱՄՆ եւ Հայաստանի դպրոցների ու համայնքների միջեւ, ինչպես նաեւ կնպաստի տեղական ներուժի բարձրացմանը` Ինտերնետ համակարգչային կենտրոնների գործունեությունն ապահովելու եւ ռեսուրսները պահպանելու նպատակով: Ս.թ. մայիսի 23-ին կազմակերպվեց ծրագրի փոխանցմանը նվիրված ամփոփիչ միջոցառում: Միջոցառման ընթացքում ստորագրվեցին շահառու դպրոցների համար ՀԴՓԾ-ի շրջանակներում ծրագրի իրականացման նպատակով ձեռք բերված սարքավորումների նվիրատվության պայմանագրեր, ինչպես նաեւ հայտարարվեցին 2007 թ. մարտ ամսին Փրոջեքթ Հարմոնիի կողմից հայտարարված Օնլայն հուշագիրք խորագրով մրցույթ-նախագծի արդյունքները եւ պարգեւատրվեցին հայ ուսուցիչներ, որոնք ակտիվորեն մասնակցել են օնլայն համագործակցության ծրագրերին: Օնլայն Հուշագիրք ծրագիրը հանդիսանում է Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի վեց տարիների գործունեության արդյունավետությունը, ազդեցությունն ու հաջողություններն ամփոփող մրցույթ: Մրցույթի նպատակն է ՀԴՓԾ ցանցի բոլոր 330 դպրոցներից հավաքել ծրագրի գործունեության ընթացքում դպրոցների կողմից տեղեկատվական, հաղորդակցման, հոգևոր, մշակութային, կրթական եւ քաղաքացիական ոլորտներում ստեղծված լավագույն աշխատանքները: Նյութերն արտացոլում են ՀԴՓԾ ծրագրի դերն ու նշանակությունը ցանցի դպրոցների, նրանց մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիվների, ինչպես նաեւ համայնքի կյանքում: http://www.lragir.am/src/index.php?id=2&l_id=33321&firstpg=1
21.05.2007թ.ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ
Մայիսի 18-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեցին «Խատուտիկ» կրթական հասարակական կազմակերպության աշխատակիցներ Շուշան Գյուլխասյանը (նախագահ) և Հասմիկ Դովլաթյանը: Կազմակերպությունը 2005թ. իրականացրել է «Խոսող գրքեր» հումանիտար ծրագիրը, որը նախատեսված է Երեւանի, իր տեսակի մեջ միակ, տեսողական տարբեր խանգարումներ ունեցող հ.14 հատուկ գիշերօթիկ դպրոցի աշակերտների համար: «Խոսող գրքեր»-ը գրականությունից օգտվելու այլընտրանքային միջոց է. լազերային սկավառակների վրա ձայնագրված են 7-11-րդ դասարանների հայ գրականության ուսումնական ծրագրով նախատեսված ստեղծագործությունները: Այսօր, «Խատուտիկ»-ը մշակել է «Խոսող գրքեր-2» նախագիծը, նպատակ ունենալով զարգացնել ստեղծածը, որը օգտակար կլինի ոչ միայն տեսողական դժվարություններ ունեցող, այլև հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտների համար:
14.05.2007թ. «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը (ՀԴՓԾ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցման գործընթացի շրջանակներում ԿԳՆ ներկայացուցիչ Ա.Խաչատրյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն (ԿՏԱԿ) Ա.Գրիգորյանը, ԿՏԱԿ-ի դպրոցական ցանցի ղեկավար Ա.Կուլախսզյանը, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության ծրագրի փոխտնօրեն Մ.Մարտիրոսյանը, Հարմոնիա հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը եղան ՀԴՓԾ-ի Գյումրու և Վանաձորի մարզային հանգույցներում, որտեղ ծանոթացան հանգույցների աշխատանքին, այցելեցին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված` Գյումրու Լորդ Բայրոնի անվան հ.20 և Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.1 դպրոցները, դպրոցների ինտերնետ-համակարգչային կենտրոններում (ԻՀԿ) ծանոթացան ԻՀԿ-ների աշխատանքներին և ստեղծված կրթական պաշարներին:
14.05.2007թ. Մայիսի 10-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն` մարզային աշխատակիցների մասնակցությամբ: Ամփոփվեց «Կրթության որակի և համապատասխանության ծրագրի» 4-րդ փուլի իրականացման կազմակերպական աշխատանքների մասին հ.28 – 07 հրամանի կատարման ընթացիկ արդյունքները: Ծրագրի 4-րդ փուլում ընդգրկվելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:
03.05.2007թ. «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) տնօրինումը, շահագործումը և կառավարումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը փոխանցման գործընթացի շրջանակներում ԿԳՆ ներկայացուցիչ Ա.Խաչատրյանը, Հարմոնիա հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն (ԿՏԱԿ) Ա.Գրիգորյանը և ԿՏԱԿ-ի դպրոցական ցանցի ղեկավար Ա.Կուլախսզյանը եղան ՀԴՓԾ-ի Եղեգնաձորի մարզային հանգույցում, ծանոթացան հանգույցի աշխատանքին և Վայոց Ձորի մարզում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի կառուցվածքին:
03.05.2007թ. Մայիսի 2-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀ) հայաստանի մասնաճյուղի գործադիր տնօրեն տիկին Լ.Մինասյանը: Տիկին Լ.Մինասյանը ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և սպասարկման աշխատանքների ղեկավար Ա.Հովսեփյանը քննարկեցին դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման արդյունքները և հետագա համագործակցության հարցերը:
20.04.2007թ. «Microsoft» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այսօր հրավիրված էին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան ) աշխատանքային հանդիպմանը, որը նվիրված էր իրականացվող կրթական ծրագրերից մեկի` «Համակարգչային գրագիտության ուսումնական ձեռնարկի ստեղծում և համակարգիչ դասավանդողների հետ դասընթացների անցկացում» ծրագրի շրջանակներում ստեղծված «Համակարգչային գիտելիքների ուսուցման ձեռնարկ»-ի քննարկմանը: Հանդիպանը մասնակցում էին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի ղեկավար Կարեն Նազարյանը, ծրագրի պատասխանատու Արտաշես Գևորգյանը, ձեռնարկի հեղինակներ Ա.Բաղումյանը և Լ.Թոթոլյանը, համակարգչային դասընթացներ վարող մասնագետները: Ձեռնարկը կազմված է հետևյալ բաժիններից. Windows XP օպերացիոն համակարգ, Աշխատանք ստեղնաշարի հետ, Microsoft Office Word 2003, Microsoft Office Excel 2003, Internet Explorer: «Microsoft»-ի ներկայացուցիչ Գ.Բարսեղյանը և ԿՏԱԿ-ի ՏՀՏ ղեկավար Ա.Հովսեփյանը իրենց խոսքում նշեցին նման ձեռնարկի դրական դերը և կարևորությունը համակարգչային գրագիտության տարածման գործում: Դասընթացներ վարող մասնագետները փաստեցին ձեռնարկի մատչելիությունը, օգտակարությունը, բազմացման անհրաժեշտությունը և հեղինակներին առաջարկեցին ստեղծել ձեռնարկի երկրորդ մասը:
13.04.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Փրոջեքթ Հարմոնիի և Հարմոնիա հիմնադրամի աշխատակիցներն ապրիլի 12-ին այցելեցին Շիրակի մարզի Անիպեմզա ավան, որի դպրոցի բակում կայանել է Շարժական ինտերնետ-համակարգչային կենտրոնը (ՇԻՀԿ): Կենտրոնում տեղադրված են 5 համակարգիչներ, տպող սարք, սկաներ, թվային ֆոտոխցիկ, պրոյեկտոր և ապահովված է ինտերնետ կապով: ՇԻՀԿ-ը կոչված է ծառայելու Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ համայնքներին, որոնք զրկված են հաղորդակցման նվազագույն միջոցներից և ունեն տեղեկատվության, հաղորդակցման և համակարգչային գրագիտության զգալի պակաս: ՇԻՀԿ-ի երկու վերապատրաստված մասնագետները հիմնական համակարգչային հմտությունների դասընթացներ են անցկացնում և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում աշակերտներին, ուսուցիչներին և համայնքի անդամներին: ՇԻՀԿ-ի ստեղծման և գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հարմոնիա հիմնադրամի ինտերնետային կայքի http://www.hf.am/index.php/lo/11/ էջում:
05.04.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2007 թվականի առաջին եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2007 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ