Տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է ծանրակշիռ դեր ունենան տնտեսության մեջ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց «Սինոփսիս—Արմենիա» ընկերություն 26.09.2007թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ /առցանց տարբերակ/ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ կառավարության ուշադրությունը եւ հատուկ ծրագրային մոտեցումը խրախուսում են նաեւ բնակչությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու այս ոլորտին, լուրջ իմպուլսներ են հաղորդում երիտասարդությանը՝ կողմնորոշվելու մասնագիտություն ընտրելու գործում՝ հաշվի առնելով ե՛ւ իր նախասիրությունները, ե՛ւ հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորությունը։ Կարծում եմ՝ դա փայլուն ընտրություն է երիտասարդների համար»,–երեկ «Սինոփսիս—Արմենիա» ՓԲԸ գիտաարտադրական նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ >>>
Գոհացուցիչ արդյունքներ ՏՏ ոլորտում Լավագույն ուսանողները արժանացան ՀՀ նախագահի մրցանակներին 26.09.2007թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ /առցանց տարբերակ/ Արդեն 3 տարի է, ինչ ՏՏ ոլորտում գիտելիքների մեծ պոտենցիալ ցուցաբերած ուսանողներն ու երիտասարդ մասնագետներն արժանանում են ՀՀ նախագահի ամենամյա մրցանակներին։ «Սինոփսիսի շաբաթվա» շրջանակներում երեկ երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը լավագույն ուսանողներին հանձնեց կրթական խրախուսական մրցանակներ, որոնք սահմանվել էին «Սինոփսիս—Արմենիա» ընկերության կողմից։ Նշենք, որ «Սինոփսիսը» դեռեւս 2005 թվականին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ, պայմանագիր էր կնքել Հայաստանի համահայկական հիմնադրամի հետ՝ ՏՏ ոլորտում Հայաստանի լավագույն ուսանողների համար տարեկան կրթական պարգեւ սահմանելու վերաբերյալ։ Շուրջ 20 ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից պարգեւատրվեցին վկայականներով եւ դրամական պարգեւներով՝ լավագույն ասպիրանտ, մագիստրանտ, բակալավր, լավագույն ուսանողուհի եւ լավագույն աշակերտ անվանակարգերում։ >>>
«Սինոփսիս Արմենիա» ընկերության եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր 25.09.2007թ., «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն «Սինոփսիս Արմենիա» ընկերության եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի կստեղծվի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» համահամալսարանական ամբիոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության համալսարանական ծրագրերի ավագ համակարգող, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը, «Սինոփսիս»-ը տրամադրում է երիտասարդ դասախոսների համար նախատեսված դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անվամբ: Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի մոտ համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Համաձայն պայմանագրի` «Սինոփսիս»-ը համալսարանին կտրամադրի նաեւ «Սինոփսիս»-ի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ եւ դրանց օգտագործման լիցենզիաներ: Նշենք նաեւ, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն այսօր ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտի համար կադրերի պատրաստման գործում արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ինֆորմացիոն-տեխնիկական ենթակառուցվածքի զարգացման համար «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանին հանձնեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի «Պատվավոր դոկտոր» կոչումը: Միաժամանակ, ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր-գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին շնորհվել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի «Բարեկամների ակումբի պատվավոր ասպետ»-ի կոչումը:
Հայաստանում զգացվում է HT մասնագետների պակաս 25.09.2007թ., «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» լրատվական կայք «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ունի նոր մասնաշենք, որի բացման արարողությանը ներկա է եղել նախագահ Ռ.Քոչարյանը: Մեծածավալ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներից հետո նախկին խորհրդային կիսահաղորդչային սարքերի արտադրամասը վերածվել է Հայաստանի առավել ժամանակակից գիտահետազոտական եւ նախագծման մասնաշենքի: Այն արդեն ծառայում է շուրջ 500 աշխատողի եւ ավելի քան 120 ուսանողի: «Սինոփսիս»-ի գիտահետազոտական կենտրոնները գործում են շուրջ 60 երկրներում: Միացյալ Նահանգներից դուրս ամենախոշորն այսօր բացվեց Երեւանում: >>>
Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի Ոլորտի մասնագետները քննարկում են իրականացվող միջոցառումների ցանկը 21.09.2007թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ /առցանց տարբերակ/ Արդեն կայացել է «ՏՏ ամիս–2007թ.»–ի պաշտոնական մեկնարկը։ Միամսյակի շրջանակներում Երեւանում ակտիվորեն ընթանում են տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ամենատարբեր միջոցառումներ, իրականացվում կրթական եւ գիտահետազոտական ծրագրեր, անցկացվում տարածաշրջանային գիտաժողովներ, որոնք, ընդհանուր առմամբ, միավորում են մի գաղափար՝ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակը։ Միջոցառումների կազմակերպմանը ներգրավված են ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շահագրգիռ կազմակերպություններ։ Միջոցառման կազմակերպիչները «ՏՏ ամիս–2007թ.»–ը համարում են նախորդ տարվա տրամաբանական շարունակությունը ե՛ւ տեղական, ե՛ւ տարածաշրջանային առումով։ Այդ նախաձեռնությունը Հայաստանի կառավարության կողմից որակվել է որպես Հայաստանում եւ արտասահմանում այս առաջատար ոլորտի շարունակական խթանմանն ուղղված հերթական տրամաբանական քայլը, որի շրջանակներում կազմակերպվում են տեխնոլոգիաների կայուն աճն ապահովող բազմակողմանի միջոցառումներ: >>>
«Սիլիկոնային հովտում» 2008-ին կհիմնվի բարձր տեխնոլոգիաների հայկական 10 ընկերությունների ներկայացուցչությունը 19.09.2007թ., «ԵՐԿԻՐ» առցանց պարբերական 2008թ.-ին Հայաստանում եւ Ֆրանսիայում կանցկացվեն բարձր տեխնոլոգիաների համահայկական ArmTech կոնգրեսի կոնֆերանսներ, որոնք կնախորդեն 2009թ.-ին կազմակերպվելիք ArmTech-2009 երկրորդ համաժողովին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», սեպտեմբերի 19-ին հայտնեց կոնգրեսի տնօրենների խորհրդի եւ «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը` ArmTech-2007-ի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, կոնգրեսի` ավելի փոքր մասշտաբի կոնֆերանսներ կանցկացվեն նաեւ Կանադայում, ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա) եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկում: Նշվեց, որ ArmTech-2007-ին մասնակցության արդյունքում հայկական 10 ընկերություններ ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ 2008թ.-ին իրենց ներկայացուցչությունը կբացեն «Սիլիկոնային հովտում»: Հիշեցնենք, որ ArmTech-2007-ն անցկացվեց այս տարվա հուլիսի 4-7-ը` «Սիլիկոնային հովտի» կենտրոններից մեկում` Սան Ֆրանցիսկո քաղաքում: >>>
Կարիքավոր 50 դպրոցներ նվեր կստանան համակարգիչներ 17.09.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Նոյեմբերին մոտ 50 կարիքավոր դպրոցների կտրամադրվի 100 համակարգիչ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ կրթական ծրագրերի կենտոնի ՏՏ ներդրման բաժնի ղեկավար Նունեն Ոսկանյանը: Նրա խոսքով, համակարգիչների նվիրատվությունն իրականացվում է համակարգիչների շրջանառու համակարգ ծրագրի շրջանակում: Ն. Ոսկանյանի խոսքով, հիշյալ ծրագիրը դպրոցներին հնարավորություն է տալիս նաև արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերել: Այսինքն, դպրոցներն այս ծրագիր շրջանակներում ԾԻԳ-ի հետ կնքում են պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերում համակարգիչներ` մուծելով համակարգչի ինքնարժեքի միայն 30% և ավելացված արժեքի հարկը: Այս պարագայում դպրոցը ինքն է որոշում, թե ինչքան համակարգիչ է անհրաժեշտ` կախված իր բյուջեից: Ն.Ոսկանյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 1200 համակարգիչ է տրամադրվել հանրապետության 411 դպրոցների: Այս տարի նախատեսվում է 1200 համակարգիչ տրամադրել 350-400 դպրոցի: Նշենք, որ համակարգիչների շրջանառու համակարգը ներդրվել է 2004-ից և կգործի միչև 2008-ը: Մինչ այժմ այդ ծրագրի շրջանակներում համակարգիչներ են ստացել հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական 589 դպրոց: Աղբյուր` www.panorama.am
ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ` ԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ 07.09.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Եվրոպական դատարանի վճիռների պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակներին այսուհետ կարելի է ծանոթանալ արդարադատության նախարարության պաշտոնական կայքերի միջոցով (www.moj.am, www.justice.am): Այսպիսով Հայաստանի Հանրապետությունը կատարում է Եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ կապված իր պարտավորությունը: Ինչպես տեղեկացանք արդարադատության նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանից, այս պահին կայքում տեղադրված է «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճռի պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակը: Նշենք, որ Եվրոպական դատարանի վճիռների պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակները հրապարակվում են նաև ՀՀ պաշտոնական տեղեկագրում: Աղբյուր` www.panorama.am
Հայաստանում կհիմնվի կանադական Macadamian Technologies ընկերության մասնաճյուղ 07.09.2007թ., «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կանադական խոշորագույն Macadamian Technologies ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարել է Հայաստանում մասնաճյուղ - լաբորատորիա հիմնելու մասին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համապատասխան արձանագրությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների պատվիրակության եւ Macadamian Technologies-ի միջեւ ստորագրվել էր այս տարվա օգոստոսին Օտտավայում: Հայաստանյան մասնաճյուղը, որն ընկերության երրորդ արտասահմանյան ստորաբաժանումն է, կենտրոնացած է լինելու շարժական տեխնոլոգիաների զարգացման վրա: Աղբյուր՝ www.azatutyun.am
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐ ՈՒՆԻ՞ 04.09.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Ամերիկյան համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանը երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ համալսարանը մինչև տասնութերորդ դարի ամբողջ հայ գրականությունը թվայնացրել է, իսկ առաջիկայում պատրաստվում է տասնութից քսաներորդ դարերի արևմտահայ գրականությունը նույնպես թվայնացնել: Գնահատելով ամբողջ այս տիտանական աշխատանքը, այնուամենայնիվ մի շարք հարցեր են ծագում: Օրինակ` ինչպես է օգտագործվելու այս գանձարանը, ում են պատկանում դրանք և իրենց թվայնածված տեսքերը, ումն են դրանք, այդ թվում նաև` թվայնացվածի իրավունքները, և արդյո՞ք հայ գրականության ամբողջ «ծավալի» թվայնացումն ու դրա պահումը կամ ցանկացած ձևով օգտագործումը հեղինակային իրավունքի խախտում չէ: >>>
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՆԱԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԽԱԼ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ,- ԱՍՈՒՄ Է «ԱՐՄԻՆԿՈ»-Ի ՏՆՕՐԵՆԸ 30.08.2007թ., «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական-վերլուծական կենտրոն «ԱրմենՏել» ընկերության նախկին ղեկավարությունը ավելի քան 10 տարով ետ գցեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, մասնավորապես, ինտերնետի ցանցի զարգացումը, որովհետեւ անհայտ պատճառներով դա ձեռնտու չէր իրեն: Այս մասին օգոստոսի 30-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Հայաստանում ժամանակակից կապի համակարգի արդյունավետությունը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ինտերնետ ծառայություններ մատուցող «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Նրա խոսքերով, «ԱրմենՏել»-ը մերժում էր ինտերնետային ցանցը ընդլայնելու մասնավոր ընկերությունների կողմից ներկայացվող ցանկացած դիմում: >>>
Հայաստանում կկազմակերպվի ՏՏ ոլորտին առնչվող 15 միջոցառում 28.08.2007թ., «ԵՐԿԻՐ» առցանց պարբերական Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում կկազմակերպվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 15 խոշոր միջոցառումներ: Այդ մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ ՁԻՀ տնօրենի` սեպտեմբերի 7-10-ը Երեւանում կանցկացվի «IEEE EWDTS 2007 - Արեւելք-Արեւմուտք. նախագծում եւ թեստ» միկրոէլեկտրոնիկայի միջազգային սիմպոզիումը, իսկ նույն ամսվա 17-20-ը` «InovationECA-2007» միջազգային կոնֆերանսը: Նախատեսված է նաեւ ՏՏ համաշխարհային երիտասարդական կոնգրեսի անցկացումը: Նշված ամիսներին ՁԻՀ-ը Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կանցկացնի երիտասարդ ծրագրավորողների ImagineCup մրցույթը, կկազմակերպվի միկրոէլեկտրոնիակայի հերթական օլիմպիադան: Բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբերին արտերկրի խոշոր ընկերությունների հետ կստորագրվեն պայմանագրեր, կանցկացվեն դրանց հայաստանյան մի շարք կենտրոնների պաշտոնական բացումներ: Նշվեց, որ ՏՏ ոլորտի միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 26-ին մեկնարկող «Դիջիթեք-2007» (Digitec) ավանդական ցուցահանդեսով, որի շրջանակներում կանցկացվեն մի շարք կոնֆերանսներ: Ըստ ՁԻՀ տնօրենի` նախորդ տարիների համեմատ ցուցահանդեսի անցկացման ժամկետի հետաձգումը պայմանավորված է ցուցահանդեսային տարածքի` Կ.Դեմիրճյանի անվ. մարզամշակութային համալիրի վերանորոգումով: Աղբյուր`www.yerkir.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ԿԱՆԱԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 22.08.2007թ., «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական-վերլուծական կենտրոն Մեկ շաբաթ առաջ ծրագրավորման ոլորտի կանադական «Մակադեմիան» (Makademian) եւ էլեկտրոնիակայի դիզայնի ավտոմատացման հայկական «Էմ-Փոսիբլ» (M-Possible) ընկերությունների միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որի համաձայն, կանադական ընկերությունն իր մասնաճյուղը կհիմնի Հայաստանում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, վերը նշված պայմանագրի համաձայն, «Մակադեմիան»-ը «Էմ-Փոսիբլի» բազայի վրա կստեղծի ընկերություն, որը գործունեության սկզբնական փուլում կունենա 15 աշխատակից: Ընկերությունը կտեղակայվի ՁԻՀ-ի շենքում, եւ կհանդիսանա «Մակադեմիան»-ի մեծությամբ երկրորդ մասնաճյուղն Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանում: Բ.Ենգիբարյանի խոսքերով, նշված պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կանադայում (Տորոնտո) Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցչության աջակցությամբ: Նշվեց, որ «Մակադեմիան»-ը ՏՏ ոլորտի առաջին կանադական ընկերությունն է, որ հաստատվում է Հայաստանում: «Ընկերությունը տարածաշրջանային կենտրոն է ստեղծել Ռումինիայում, եւ ավելի քան մեկ տարի Կանադայում Հայաստանի ՏՏ-ների ներկայացուցչության հետ քննարկում էր Հայաստանում աշխատելու հնարավորությունները»,- հայտնեց ՁԻՀ-ի տնօրենը: Նրա բնորոշմամբ, «Մակադեմիան»-ը «C++», «.net» ծրագրավորման լեզուներով մշակվող ծրագրային փաթեթների արտադրության ոլորտի կանադական առաջատար ընկերություններից է: Աղբյուր` www.nt.am
ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՏՏ ԱԿՈՒՄԲ 14.08.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Վաղը Երևանում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին ակումբի պաշտոնական բացումը: Ակումբի ստեղծումը նախաձեռնել է ՏՏ ձեռնարկությունների միությունը: «Առկա» գործակալությունը, վկայակոչելով միության նախագահ Արիկ Շահումյանին, հաղորդում է, որ ակումբ կարող են այցելել ՏՏ ոլորտի հետ առնչություն ունեցող և այդ բնագավառի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր ցանկացողները: Ա. Շահումյանի խոսքով, ակումբի ստեղծման հիմնական նպատակը ուսանողների համար ՏՏ հաղորդակցության ստեղծումն է, նրանց հավաքներ, մտքերի փոխանակում, քննարկումներ կազմակերպելու հնարավորություն տալը: Նախատեսվում է, որ ակումբում յուրաքանչյուր ամիս կկազմակերպվի քննարկում այս ոլորտում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների և արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ: Աղբյուր` www.panorama.am
«Սինոփսիս»-ի շաբաթ` Հայաստանում 13.08.2007թ., «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն Սեպտեմբերի 24-29-ը նախատեսվում է «SYNOPSYS-ի շաբաթ Հյաստանում» միջոցառումների շարքի անցկացումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի «Սինոփսիս» ընկերության ղեկավարության պատվիրակությունը, ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ընկերությունից, այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ: «Սինոփսիս» ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշել է, որ Հայաստանը շատ կարեւոր տարածաշրջան է «Սինոփսիս»-ի համար: «Հայաստանում մենք իրականացնում ենք ընկերության կարեւորագույն զարգացումները: Մենք համագործակցել ենք Հայաստանի կառավարության, կրթական եւ բիզնես կառուցվածքների հետ Հայաստանում ՏՏ արդյունաբերության զարգացմանը նպաստող արդյունավետ, շուկայակողմնորոշված միջավայրի ստեղծման նպատակով, որն իր հերթին շահեկան է Հայաստանի ամբողջ տնտեսության համար: Մեր համատեղ ջանքերը գործնականում եղել են բեղմնավոր եւ արդյունավետ, չնայած դեռ շատ անելիքներ կան: Քանի որ Հայաստանում շատ մարդիկ եւ խմբեր են մեզ միացել եւ ունեն իրենց ներդրումը այս հաջողությանը հասնելու գործում, մենք կարծում ենք, որ ճիշտ է միասին նշել այն ամենը, ինչ արել ենք միասին: Շատ երկրներում մեկ օրը բավական կլիներ այս նպատակի համար, սակայն Հայաստանի համար մեկ ամբողջ շաբաթը հազիվ կբավականացնի ամփոփելու այն ամբողջ գործունեությունը, ինչը արել ենք հանրության հետ միասին: Սինոփսիսի շաբաթվա օրակարգը շատ հագեցած է եւ այն ցույց է տալիս բոլորի կողմից ներդրված մեծ ջանքերը: Ես անհամբեր սպասում եմ մասնակցելու «Սինոփսիս»-ի շաբաթին, տոնելու մեր առաջընթացը եւ ակնկալում եմ հետագա համատեղ մեծ աշխատանք»,-ասել է նա: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը գտնում է, որ սեպտեմբերին «Սինոփսիս»-ի շաբաթ հայտարարելը շատ խորհրդանշական է, քանի որ անցյալ տարվա սեպտեմբերը հագեցած էր ՏՏ ոլորտին վերաբերող տարբեր միջոցառումներով եւ կառավարության կողմից հայտարարված էր որպես ՏՏ ամիս: ««Սինոփսիս»-ի շաբաթը Հայաստանում չի նշանակում, որ մենք ակտիվ ենք լինելու միայն մեկ շաբաթ, պարզապես մենք մեր մեկ տարվա ամբողջ գործունեության ավարտական փուլը կներկայացնենք մեկ շաբաթում, հանրության ուշադրությունը սեւեռելով երկրում ՏՏ-ի զարգացման եւ դրանում մեր ընկերության ունեցած դերակատարման վրա» - նշել է Հովիկ Մուսայելյանը: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ որպես գերակա ճյուղի հռչակումը նպաստել է էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության Հայաստան մուտքին` 2004թ. Հայաստանում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հիմնադրմամբ: Գոյության մոտ երեք տարիների ընթացքում ընկերությունը ժամանակակից պահանջներին բավարարող բարձրորակ մասնագետների համար ստեղծել է մոտ 400 նոր աշխատատեղեր: Միայն վերջին տարվա ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների թվաքանակը աճել է ավելի քան 50%-ով: Մինչ օրս «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացրած տեխնոլոգիական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 460մլն ԱՄՆ դոլլար: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աջակցում է նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում կրթական ծրագրերի իրականացմանն ու զարգացմանը` հաջողությամբ համագործակցելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, ինչպես նաեւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի հետ: Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում, տարբեր կրթական ծրագրերի 186 շրջանավարտների գերակշիռ մասն արդեն աշխատում են ընկերությունում, կազմելով «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների մոտ 30%-ը: 2005թ. ընկերությունը հիմնադրել է «Սինոփսիսը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում իրականացրել է բազում բարեգործական ծրագրեր, ուղղված երկրում ու տարածաշրջանում կրթական համակարգի ենթակառուցվածքների զարգացմանը, առողջապահական ու այլ սոցիալական ակցիաների իրականացմանը: «Սինոփսիս»-ը Հայաստանում զբաղվում է նաեւ այլ տարաբնույթ միջոցառումների, մրցույթների անցկացման կազմակերպմամբ եւ հովանավորմամբ: Այդպիսի նախաձեռնություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների եւ աշակերտների համար նախատեսված ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների հովանավորումը, ամենամյա Հայաստանյան միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի կազմակերպումն ու հովանավորումը:
ՏՏ ոլորտի արտադրողունակությամբ Հայաստանն առաջ է անցել հարևան երկրներից, կարծում է Գարեգին Չուգազսյանը 07.08.2007թ., «ԱրմԻնֆո» լրատվական գործակալություն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրողունակությամբ Հայաստանն զգալիորեն առաջ է անցել հարևան երկրներից, այդ թվում` Ադրբեջանից: Այսօր լրագրողներին այդ մասին հայտարարել է USAID CAPS (Competitive Armenian Private Sector) ՏՏ ծրագրի կլաստերի համակարգող Գարեգին Չուգասզյանը: Նրա ասելով, ներկայումս Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում դիտվում է ՏՏ ոլորտի մրցակցության աճ: Նա նշել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը վերջին շրջանում աշխուժացել են ՏՏ ոլորտում: Գ.Չուգասզյանի ասելով, նավթային պաշարների հաշվին Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում, ինչը հանգեցնում է ոլորտի ակտիվ զարգացման: Ընդ որում նա ընդգծել է, որ չնայած Հայաստանում ՏՏ ոլորտի 50-ամյա պատմությանն ու ավանդույթներին, սփյուռքի աջակցությանը, այդ մրցակցությունը պետք է խթանի հանրապետության իշխանություններին աշխուժացնելու աջակցությունը ՏՏ ոլորտին: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք այս տարի Հայաստանում կանցկացվի ՏՏ ամիս, Գ.Չուգասզյանը նշել է, որ ներկա պահին հարցը քննարկվում է կառավարական մակարդակով, և առաջիկա օրերին պատասխանը պարզ կլինի: Առաջին անգամ Հայաստանում ՏՏ ամիս անցկացվել է 2006 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ըստ մանսագետների գնահատականների Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է, որից 60 տոկոսը` ԱՄՆ, 20 տոկոսը` Եվրոպա: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների շուկայի ծավալը գնահատվում է միջին հաշվով 60-70 մլն դոլար կամ ՀՆԱ 2 տոկոսը: Աղբյուր` www.arminfo.info/
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՏ ՈԼՈՐՏ ԿՄՏՆԻ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 03.08.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Երևանում կկառուցվի 300 կմ երկարությամբ նոր օպտիկա-մանրաթելային մալուխ: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով, մալուխը կկառուցվի «Արմինկո»-ի նորաստեղծ դուստր ձեռնարկության` «Արմինկոնետ»-ի կողմից: Մալուխը, որը սպասարկելու է ողջ մայրաքաղաքն ու դրան հարակից շրջանները, նախատեսվում է կառուցել երկու տարվա ընթացքում: Այդ նպատակի համար ընկերությունը նախատեսում է ներդնել 10 մլն դոլար: Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընկերությանը տրամադրեց ինտերնետ ծառայություն տրամադրելու և տվյալների փոխանցման լիցենզիա: Աղբյուր` www.panorama.am
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿՇՓՎԵ՞Ն ՀԱՅԵՐԵՆ Հայկական տառատեսակների եւ ծրագրերի ստեղծումը՝ հրատապ քայլ 12.07.2007թ., «ԱԶԳ» օրաթերթ/առցանց տարբերակ/ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարեւոր բաղկացուցիչ է հայկական տառատեսակների մշակումն ու ներդնումը այս ոլորտի բոլոր ճյուղերում: Այս միտքը տիրապետող էր երեկ տեղի ունեցած «Ծրագրաշարերի ու հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարեւորությունը ՏՏ ոլորտի զարգացման համար» անվանումով համաժողովի ժամանակ: Միջոցառման կազմակերպիչ կառույցներից Հայաստանի ազգային գրապալատի ներկայացուցիչ Էդիկ Ղաբուզյանն այդ կապակցությամբ նշեց, որ ներկայումս գոյություն ունեցող Windows համակարգերում Unicode կոդավորմամբ հայկական տառատեսակների բացակայությունը դժվարացնում է ընդհանուր գործավարությունը: Ներկայումս հիմնականում կիրառվում են ASC|| կոդավորմամբ տառատեսակները, որոնք հնացած են եւ կիրառելի չեն ինտերնետում օգտագործելու համար: Դրա հետեւանքով ամբողջ աշխարհում հայերն իրար հետ ինտերնետով շփվում են անգլերեն տառերով, որը «պարզապես խայտառակություն է»: Ներկայումս մշակույթի նախարարության որոշմամբ Ազգային գրապալատում ստեղծվել է հատուկ խումբ, որը պետք է զբաղվի հայկական նոր տառատեսակների մշակմամբ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների վիճակի մասին խոսելով, Microsoft ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ չնայած այս ճյուղը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, բայց որոշ ցուցանիշներով Հայաստանը շատ վատ դիրքեր ունի: Մասնավորապես Հայաստանում համակարգիչների թիվը 150-180 հազար է, ինչը նշանակում է, որ դրանցից օգտվում է բնակչության 5 տոկոսը միայն: Նույնն է պատկերը նաեւ ինտերնետից օգտվելու ցուցանիշի առումով, մինչդեռ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար շատ կարեւոր է կապի եւ տեղեկատվության այս միջոցը: Դժբախտաբար Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում «պիրատության» մակարդակով, որը կազմում է 95 տոկոս: Գրիգոր Բարսեղյանը, նշելով հայերեն տառատեսակների եւ համակարգչային ծրագրերով ապահովվածության լուրջ խնդիրը, հայտնեց, որ Microsoft -ը պատրաստ է աջակցելու այդ հարցերում տեղական ընկերություններին: Արդեն իսկ ստեղծվել է Windows XP-ի հայկական տարբերակը, շարունակվում է աշխատանքը Windows Vista-ի հայկական տարբերակի ստեղծման ուղղությամբ եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել Microsoft Office 2007-ի հայկական տարբերակի մշակումը: Աղբյուր`www.azg.am
ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԱՐՑԵՐ 10.07.2007թ., «Պանորամա» հայկական տեղեկատվական կայք Մշակույթի զարգացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիրներին նվիրված վաղը կհրավիրվի «Ծրագրաշարերի ու հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարևորությունը ՏՏ ոլորտի հետագա զարգացման համար» թեմայով համաժողով: Մշակույթի շատ բնագավառներ` գրահրատարակչությունը, կերպարվեստը, դիզայնը, ճարտարապետությունը, զբոսաշրջությունը, կինոարտադրությունը, հեռուստատեսության զարգացումն արդեն անհնարին է պատկերացնել առանց էլ. ՏՏ կիրառման: Սակայն ՏՏ բնականոն ու արագ զարգացմանը խոչընդոտում են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի հիմնահարցեր, որոնց թվում կարևոր են հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրները: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության հայտարարության համաձայն, խնդիրներից մեկն էլ Unicod միջավայրի համար նախատեսված հայկական տառատեսակների մշակումն ու ներդրումն է գործավարության, էլ. կայքերի նախագծման ու մշակման, ինչպես նաև ՏՏ բոլոր մյուս ոլորտներում: Ներկայումս առավել մեծ մասսայականություն ունեցող Windows գործավար համակարգերում Unicod կոդավորմամբ հայկական տառատեսակների բացակայությունը դժվարացնում է ընդհանուր գործավարությունը, քանի որ միակ Sylfaen տառատեսակը ներկայացված չէ բոլոր (Regular, Italic, Bold և Bold Italic) տեսքստերով, իսկ առկա Regular ձևաչափը չի կարող համարվել բավարար: Այդ համաժողովի նպատակն է ուսումնասիրել և քննարկել ՏՏ զարգացմանը խոչընդոտող հայկական համակարգչային տառատեսակների ու ստեղնաշարերի սարքավարների հետ կապված հարցեր, պետական մարմիններին առաջարկել դրանց վերացման ուղիներն ու մեխանիզմները: Աղբյուր` www.panorama.am
ԱՐՄՏԵՔ 2007 ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՍԱՆ-ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ 09.07.2007թ., «Լրագիր» առցանց պարբերական Հուլիսի 5-7-ը Սան Ֆրանցիսկոյում` բարձր տեխնոլոգիաների օրրան համարվող Սիլիկոնային հովտում, տեղի է ունեցել ԱՐՄՏԵՔ 2007 առաջին կոնգրեսը, որը նվիրված էր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին, խնդիրներին եւ ներդրումային հնարավորություններին, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Կոնգրեսին ներկա են եղել 400 մասնակից: Կոնգրեսը կազմակերպել էր հայաստանյան եւ կալիՖորնիական մի շարք ընկերությունների, ակադեմիական հաստատությունների, պետական հիմնարկների ու աջակցության ծրագրերի ներկայացուցիչներից բաղկացած կազմկոմիտեն: Հայաստանից կոնգրեսին մասնակցել են Հայկական զարգացման գործակալության տնօրենը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահը, Հայաստանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով նաեւ ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է Հայաստանի առաջընթացին, կայունությանը եւ հեռանկարին: Կարեւորելով ժամանակակից տնտեսության զարգացման գործում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը` Վարդան Օսկանյանը հատկապես կարեւորել է սոցիալական ծառայությունների, այդ թվում կրթության եւ առողջապահության ոլորտներում դրանց հարաճուն կիրառման անհրաժեշտությունը: Կոնգրեսի հաջորդ գումարումը նախատեսվում է 2009 թվականին: Աղբյուր`www.lragir.am
ՁՈՆ` ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը թողարկել է երկու լազերային սկավառակների բացառիկ հավաքածու, որում ընդգրկված 14 արեւելահայ եւ 10 արեւմտահայ գրողների 36 ստեղծագործություններն ասմունքողների կատարմամբ եւ երաժշտության համակցությամբ ներկայացնում են հայ գրականությունը: Այս հավաքածուն ընդգրկում է նաեւ հայոց մեծերի` Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի կենդանի ձայն-կատարումները եւ Սիլվա Կապուտիկյանի Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսանի պատգամ-ուղերձները հայրենասիրության եւ լեզվասիրության մասին: Հաշվի առնելով սույն հավաքածուի ուսումնակրթական նշանակությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այն հաստատել է որպես ուսումնալսողական նյութ` հանրակրթական դպրոցների եւ բուհերի սովորողների համար:
Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի գործունեության եւ ձայնասկավառակների բովանդակության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել հետեւյալ հասցեով՝ Երեւան, Տիգարան Մեծի 9, հեռախոսներ` 52 56 62, 56 34 55, էլեկտրոնային փոստ` mashtockentron@rambler.ru: