Հոկտեմբերի 26–ին, Երեւանում բացվեց DigiTec 2007 ցուցահանդեսը, որը նվիրված է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին (ՏՀՏ) ու դրանց կիրառմանը գործնական առօրյայում: DigiTec 2007 ցուցահանդեսը ներառում է հետևյալ բնագավառները` համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցություն, անլար ցանցեր, ծրագրային ապահովում, ֆինանսաբանկային համակարգեր, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային բիզնես, ՏՀՏ կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ և այլն: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված տաղավարում իր աշխատանքներն է ներկայացնում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
Ցուցահանդեսի աշխատանքի, կազմակերպվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ DigiTec կայքում։
Խորհրդակցություն Կապանում 19.10.2007թ.
Կապան քաղաքում, 2007 թվականի հոկտեմբերի 17-ին, ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց հեռահար դասապրոցեսի նախապատրաստմանն ուղղված խորհրդակցություն, որի աշխատանքներին մասնակցեցին նաեւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներ Արմեն Կուլախսզյանը եւ Արաբո Մարգարյանը։
10.10.2007թ. Հոկտեմբերի 9–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը եւ աշխատակիցներն այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Այս կրթօջախը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության փորձարարական–հետազոտական դպրոց–կենտրոն է, որտեղ իրականացվում են տարբեր առաջանցիկ ծրագրեր, հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստումներ։ Հանդիպման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տնօրեն Ա.Բլեյանը եւ մանկավարժները ներկայացրեցին կրթահամալիրի կառուցվածքը, պատմեցին դպրոցներում (նախակրթարան, կրտսեր դպրոց, ավագ դպրոց, մանկավարժական քոլեջ) եւ լրացուցիչ ուսումնական կենտրոններում (երեխայի զարգացման, գեղարվեստի, արհեստագործական, համակարգչային ծրագրերի, անգլերենի խորացված ուսուցման եւ այլ) իրագործված նորարարությունների եւ ստացված արդյունքների մասին։ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ինտերնետային կայքի բովանդակության եւ զարգացման ուղղությունների մասին պատմեցին կայքի ղեկավարնեն ու շահագործողները։ ԿՏԱԿ–ի աշխատակիցները ներկաներին տեղեկացրեցին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի եւ դրա ընդլայնման, հանրակրթական դպրոցներում տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման, միասնական կրթական միջավայրի ստեղծման հետ կապված աշխատանքների մասին։ Քննարկվեցին նաեւ փոխադարձ համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպման վերջում ԿՏԱԿ–ի աշխատակիցները կրթահամալիրի ղեկավարների ուղեկցությամբ շրջեցին Գեղարվեստի վարժարանում, Համակարգչային ծրագրերի ու անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցում, ծանոթացան ուսումնական գործընթացին եւ կատարված աշխատանքներին։ Հյուրերը գոհունակությամբ արձանագրեցին, որ այս կրթահամալիրում սովորողներն ազատորեն օգտվում են ուսուցման տեխնիկական միջոցներից, ինտերնետ կապից, իսկ մանկավարժները մեծ արդյունավետությամբ կիրառում են ՏՀՏ–ն ուսումնական գործընթացում։
02.10.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2007 թվականի երրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2007 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
29.09.2007թ. Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, սեպտեմբերի 24-26 ժամանակահատվածում, Միավորված ազգերի կազմակերպության, Միջազգային հեռահաղորդակցության միության եւ այլ հեղինակավոր կազմակերպությունների նախաձեռնած «Երիտասարդությունը եւ ՏՀՏ–ն» (Global Forum on Youth and ICTD) միջազգային խորհրդաժողովին մասնակցեցին նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը։ Խորհրդաժողովի առաջին օրվա լիագումար նիստում ընթերցվեց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ուղերձը, ելույթներ ունեցան Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին տիկին Սյուզան Մուբարաքը, ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի խորհրդական, Շվեյցարիայի նախկին նախագահ Ադոլֆ Օգին։ Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեցին կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, երկխոսություններ եւ քննարկումներ։
13.09.20072. Սեպտեմբերի 12–ին Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Microsoft» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանի հետ։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, ԿՏԱԿ–ի տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման աշխատանքների ղեկավար Արսեն Հովսեփյանը, քննարկվեցին կրթության ոլորտում ՏՀՏ–ի կիրառության եւ, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ներդրման, ծրագրային ապահովման փաթեթների օրինականացման հարցերը։
12.09.20072. Սեպտեմբերի 11–ին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում (ԲՀԻ ՕՀՀ) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը, աշխատակիցներ Ա.Հովսեփյանը եւ Մ.Ավետիսյանը աշխատանքային հանդիպում ունեցան ԲՀԻ ՕՀՀ–ի տնօրեն Լ.Մինասյանի, ծրագրային գծով փոխտնօրեն Դ.Ամիրյանի, տեղեկատվական ծրագրերի համակարգող Ա.Մարկոսյանի եւ ծրագրային գծով օգնական Լ.Գեղամյանի հետ։ Հանդիպման ընթացքում ԲՀԻ ՕՀՀ–ի աշխատակիցները ներկայացրեցին Հայաստանի դպրոցներում «Ազգային կրթություն» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը։ Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվում են նաեւ էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ։ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում մշակված եւ Կրթության ազգային ինստիտուի կողմից երաշխավորված տասնմեկ ձեռնարկներին այսօր ավելացել են եւս երեքը՝ «Հայոց պատմություն» (6-րդ դասարան), «Ֆիզիկա» (9-րդ դասարան) եւ «Ինֆորմատիկա» (շարունակություն): Ինչպես հայտնի է, 2006 թվականի փետրվար–մարտ ամիսներին ԲՀԻ ՕՀՀ–ի եւ ԿՏԱԿ–ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն ԲՀԻ ՕՀՀ–ի օժանդակությամբ ստեղծված տասնմեկ էլեկտրոնային ձեռնարկների լազերային սկավառակներն անհատույց տրամադրվեցին ԿՏԱԿ–ին՝ Հայաստանի դպրոցներին բաշխելու նպատակով։ Անցած ժամանակահատվածում ԿՏԱԿ-ի մարզային աշխատակիցների ջանքերով 624 դպրոցների էլեկտրոնային գրադարանները հարստացել են այդ էլեկտրոնային ձեռնարկներն ընդգրկող փաթեթներով։ Հանդիպման ընթացքում, ի թիվս համագործակցության եւ փոխադարձ օժանդակության այլ հարցերի, քննարկվեցին նաեւ նոր ստեղծված երեք ձեռնարկների տարածման հետ կապված խնդիրները։ Էլեկտրոնային ձեռնարկների մասին
10.09.2007թ. Այսօր, սեպտեմբերի 10–ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարարության փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարանի շնորհանդեսը։ Էլեկտրոնային շտեմարանը, որը կազմակերպում է մուտքային ու ելքային փաստաթղթերի մուտքագրումն ու շարժը, իրականացնում հանձնարարականների կատարման հսկողությունը, կազմում եւ ներկայացնում վիճակագրական տեղեկանքներ, մշակվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ–ում) (աշխատանքների ղեկավար՝ Արսեն Հովսեփյան, կատարող՝ Արաբո Մարգարյան): Շնորհանդեսին ներկա էին փոխնախարարներ Ա.Ավետիսյանը, Բ.Եսայանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ս.Մինասյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Ա.Գրիգորյանը, նախարարության ու ԿՏԱԿ–ի պատասխանատու աշխատակիցները։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ