Խորհրդակցություն նվիրված «Կրթական համալիր էջ» պորտալին 29.04.2008թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացավ «Կրթական համալիր էջ» պորտալի (http://www.armedu.am) գործունեությանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին պորտալի կառուցվածքը, առանձին բաժինների բովանդակությունները, էլեկտրոնային պաշարները։ Հատկապես ուշադրության արժանացան նորություններ, վիրտուալ հանդիպումներ, կրթական կազմակերպություններ բաժիններում տեղադրված նյութերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, նախարաության այլ ղեկավար աշխատակիցներ, կրթական հիմնարկների ղեկավարներ, ԿՏԱԿ–ի աշխատակիցները։ www.armedu.am
ՏՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ 11.04.2008թ.
Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից։ Հայ Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո, ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն: Քահանան տուն մտնելով տալիս է Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և իր քահանայական իշխանությամբ ու աստվածային հրամանով օրհնում ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը):
Ապրիլի 11-ին, երկրորդ տարին անընդմեջ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողությունը կատարեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը:
Դպրոցում տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու հնարավորությունները մեծանում են 11.04.2008թ., «ԵՐԿԻՐ» շաբաթաթերթ /առցանց տարբերակ/ Կրթության կազմակերպման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) կարեւորել են իրենց դերն ու նշանակությունը: Ներկայիս տեղեկատվական հասարակությունում իր տեղը գտնելու համար անհատը ձգտում է տիրապետել նոր տեխնոլոգիաներով աշխատելու որոշ հմտությունների ու գիտելիքների: Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որի նպատակն է կրթական համակարգում (ներկայումս, մասնավորապես, հանրակրթության ոլորտում) ՏՏ ներդրումը: Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է դպրոցներում ստեղծել համակարգչային կրթական կենտրոններ, դպրոցական միասնական ցանց, կրթական պորտալ, ապահովել դպրոցներին ինտերնետային կապով, կազմել էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ եւ այլն: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանի խոսքերով` ստեղծելով համակարգչային կենտրոնը` դպրոցը ստանում է համակարգչային տեխնիկան եւ պարտավորվում է երկու տարվա ընթացքում վճարել դրա արժեքի միայն քառասուն տոկոսը: Դպրոցական ինտերնետային ցանցում այսօր ընդգրկված են 324 դպրոցներ հանրապետության բոլոր մարզերից: >>> Աղբյուր՝ «ԵՐԿԻՐ» շաբաթաթերթ
Էլեկտրոնային ձեռնարկներ ստացան Երևանի դպրոցները 11.04.2008թ. Ապրիլի 10–ին Երևանի դպրոցների համար կազմակերպվեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում իրականացված ծրագրային լրամշակման, բազմացման և տարածման աշխատանքներին նվիրված շնորհանդեսը։ Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները ստեղծվել են Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ալգորիթմակն լեզուների ամբիոնում և Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ/լրացուցիչ ուսումնական նյութ հանրակրթական դպրոցների համար։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առաջարկով միջոցառումը տեղի ունեցավ Ա.Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոցում, որտեղ մայրաքաղաքի շուրջ 80 դպրոցների տնօրեններ անվճար սկզբունքով ստացան էլեկտրոնային ձեռնարկների 14 լազերային սկավառակների հավաքածուները և կնքեցին նվիրատվության–նվիրառության պայմանագրեր։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) տեղեկացնում է 07.04.2008թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առաջարկով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ԿՏԱԿ-ում իրականացված ծրագրային լրամշակման, բազմացման և տարածման աշխատանքներին նվիրված շնորհանդեսը կկազմակերպվի սույն թվականի ապրիլի 10–ին ժամը 14։30–ին Ա.Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոցում։
Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված էլեկտրոնային ձեռնարկների հավաքածուներն անվճար սկզբունքով, որպես նվիրատվություն կստանան մայրաքաղաքի 75 դպրոցներ։
03.04.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2008 թվականի առաջին եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2008 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ