Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր - ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


News Item: Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
(Category: ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Posted by Admin1
Wednesday 14 December 2016 - 16:49:00

Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև:

«Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է։ Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար»,- ասաց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը:

«Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից. «Պարզապես դրանք հիմնականում անգլալեզու են, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտա ունենալ հայալեզու օնլայն դասընթացներ»:

Աբրահամյանի խոսքով՝ այդ դասընթացներից կարող են օգտվել ոչ միայն քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները:

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման և ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար:


Թերթ.am


This news item is from ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
( http://www.ktak.am/news.php?extend.285 )